«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչները դիտարկել են երեկ կայացած տեղական ինքնակառավարման ընտրությունները՝ Գյումրի, Ֆիոլետովո, Դիլիջան, Գորիս, Տեղ, Տաթեւ Մեղրի եւ այլ համայնքներում: Հիշեցնենք, առաջին անգամ նաեւ փոքր համայնքներում ընտրություններն ընթանում էին փոփոխված՝ կուսակցական ընտրակարգով: Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսում դիտորդական խմբի անդամները ամփոփեցին դիտարկումների նախնական արդյունքները: Ըստ դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի, 10-ից ավելի երկարաժամկետ դիտորդները եւ շրջիկ խմբերը ընտրությունները դիտարկել են 180 տեղամասերում: Սյունիքի մարզում շրջիկ խմբերն են շատ եղել՝ արագ տեղեկատվություն ստանալու եւ փոխանցելու համար:
«Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Վարդինե Գրիգորյանի գնահատմամբ, հաճելիորեն մրցակցային էին ընտրությունները, քանի որ կուսակցությունների համար առաջին անգամն էր համամասնական համակարգով ընտրությունները՝ ոչ միայն մեծ, այլ նաեւ փոքր համայնքներում:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Վահրամ Թոքմաջյանն էլ առավել առարկայական դիտարկումներ արեց. 12 երկարաժամկետ դիտորդները դիտարկել են ընտրությունները բոլոր համայնքներում, բացի Ֆիոլետովոյից: Ըստ այդմ, նա հայտարարեց, որ քարոզարշավը մրցակցային էր, բայց թույլ էր: Բանախոսի գնահատմամբ, առաջին հայացքից, հիմնական ուժերը ջանք եւ եռանդ չէին դրել՝ ընտրողներին քարոզչական կամ ծրագրային դրույթներով համոզելու, բայց մյուս կողմից, շատ ակտիվ են եղել առցանց հարթակներում:
Արձանագրված հիմնական խախտումը վարչական տեսուրսի կիրառումն է եղել: Ի տարբերություն 2018-ից առաջ եղած ընտրությունների, այս ընտրություններում, ինչպես հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ըստ բանախոսի, վարչական ռեսուրս է կիրառել թե իշխանությունը, թե ընդդիմությունը, քանի որ երկուսն էլ ունեն այդ հնարավորությունը: Ավելին, Վահրամ Թոքմաջյանի գնահատմամբ, շատ մարզերում գործատուները ընդդիմադիրներ են կամ ընդդիմության հետ աղերսվող մարդիկ: Գոնե Գյումրիի, Գորիսի վրա, ինչ-որ չափով նաեւ Մեղրիի պարագայում, նա գտնում է, որ այդ հանգամանքը դեր է խաղացել եւ սահմանը շատ է խախտվել: Նույն խնդիրն է նաեւ «տասովչիկների» մասով, Վահրամ Թոքմաջյանը հայտարարեց, որ նրանք հիմա մեծ ընտրություն ունեն՝ ո՞ւմ հետ աշխատելու:
Կարդացեք նաև
Դիտորդական առաքելության ներկայացուցիչը գտնում է, որ փողը մեծ դեր է խաղացել, բայց ոչ ընտրակաշառքի տեսքով: Ընտրակաշառքի դեպքի ահազանգ Գորիսում է եղել եւ Գյումրիում՝ ըստ դատախազության, երկու դեպքով գործեր են նախապատրաստվում: Բանախոսի հավաստմամբ, այն կուսակցությունները կամ դաշինքները հաջողեցին, որոնք ֆինանսապես կայուն էին, կարող էին ռեսուրս դնել եւ դրա շուրջ քարոզարշավ կառուցել, շտաբներ բացել, աշխատողներ ունենալ: Իսկ այն կուսակցությունները, որոնք որ գումար չդրեցին՝ հաջողություններ չգրանցեցին եւ ապագայում էլ չեն գրանցի, քանի դեռ մեզանում չի կայացել դրամահավաքների արեւմտյան մոդելը:
Ավելի ամբողջական արձանագրումներ կարվեն արդեն վերջնական զեկույցում՝ ավելի ուշ:
Վարդինե Գրիգորյանն էլ ներկայացրեց կարճաժամկետ դիտարկումների արդյունքները, ըստ այդմ՝ 46-59 տեղամասային կենտրոններում են առաքելություն իրականացրել, 152 տեղամասերից շրջիկ խմբերը 112-ում դիտարկումներ են իրականացրել: Միակ փաստացի կոպիտ խախտումը, որը տեղի է ունեցել քվեարկության օրը՝ Շինուհայրի տեղամասում է եղել, երբ բացակայել են տեղամասային հանձնաժողովի կնիքները: Ինչպես հետո է պարզվել՝ տարածքային ընտրական հանձնաժողովից դրանք չէին վերցվել: Արձանագրված այլ՝ ոչ մեծ խախտումները, նույնպես ոչ կոմպետենտության արդյունք են եղել եւ ընտրությունների ելքի վրա էական ազդեցություն չեն ունեցել: Առհասարակ, ընտրությունները լարված են եղել, որոշ տեղերում նաեւ միջադեպեր են գրանցվել: Ըստ բանախոսի, կա քվեախցիկների կահավորման եւ լուսավորման խնդիր, նաեւ քվեաթերթիկների պարզեցման:
Դանիել Իոաննիսյանը բերում է վարչական ռեսուրսի կիրառման դեպք. օրինակ, Գորիսում ապօրինի՝ չնախատեսված վայրում, պաստառներ են փակցված, որոնց մասին դիտորդները նախազգուշացրել են, բայց դրանք չեն հավել, թեեւ դիտորդները գրություններ են ուղարկել՝ հասցեները նշելով եւ պահանջելով հանել այդ պաստառները: Տեղ գյուղում էլ իշխող ՔՊ-ի թեկնածուի համար տարածված ապօրինի պաստառները չեն հանվել: Նա նաեւ այս ընտրությունների առանձնահատկությունների մասին խոսեց եւ եզրահանգումները ներկայացրեց: Ըստ այդմ, ընդհանուր առմամբ ընտրությունները եղել են մրցակցային, բացառությամբ Տեղ եւ Գորիս համայնքներում, որտեղ առկա են եղել ընտրակաշառքի, ընտրողների վրա ճնշումների արժանահավատ տեղեկություններ, վարչական ռեսուրսի կիրառում:
Առաքելության գնահատմամբ, ընտրակարգի փոփոխությունն, ընդհանուր առմամբ, ճիշտ ուղղություն է՝ ժողովրդավարացման առումով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ