Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատերազմն Ադրբեջանի կողմից պարտավորությունների խախտում է և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից. Վահե Գևորգյան

Հոկտեմբեր 18,2021 17:43

ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ելույթը Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ

Մեծարգո՛ դեսպաններ, Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում:

Հարգելի՛ գործընկերներ,
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եվրոպական երկրների ղեկավարները նախաձեռնեցին Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների տարածման գործը՝ որպես Եվրոպայի խաղաղ ապագայի հիմնասյուները: Այդպես, 1949թ. մայիսի 5-ին, Լոնդոնի համաձայնագրով հիմնադրվեց առաջին համաեվրոպական կառույցը՝ Եվրոպայի խորհուրդը, որն այսօր ունի 47 լիիրավ անդամ: Խորհրդանշական կերպով կառույցի նստավայր ընտրվեց Էլզաս շրջանի Ստրասբուրգ քաղաքը։

Իր գոյության 72 տարիների ընթացքում, Եվրոպայի խորհուրդը ձևավորել է եվրոպական մայրցամաքի կոնվենցիոն համակարգը՝ եվրոպական չափորոշիչներն ու նորմերը, որոնք Եվրոպայի խորհրդի նպատակների իրականացման հիմքն են:

Անկախության հռչակումից ի վեր Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ուղին։ Այդ ընտրությունն ակնհայտ էր: Հայաստանն իր պատմությամբ և մշակույթով, հայ հասարակությունն իր արժեհամակարգով եվրոպական ընտանիքի անբաժան մասն են։ 1991թ. սկսած, մինչ լիիրավ անդամակցությունը, Հայաստանը քայլ առ քայլ հիմնավորեց իր ընտրությունը և 2001թ. հունվարի 25-ին դարձավ Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ: Անկախության հռչակումից 10 տարի անց, Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի նստավայրի դիմաց, ծածանվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։

Բազմաթիվ առիթներով, հատկապես՝ նախորդ երկու խորհրդարանական ընտրությունների ընթացքում, հայ ժողովուրդը վերահաստատեց իր նվիրվածությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայությանը։

Եվրոպայի խորհրդի ողջ գործունեությունը մեծ հաշվով ուղղված է մարդու անհատական և կոլեկտիվ հիմնարար ազատությունների երաշխավորմանը: Հայաստանը հետևում է այս ուղղությամբ Եվրոպայի խորհրդի կանոնադրական, ինչպես նաև անկախ մոնիտորինգային մարմինների և խորհրդատվական կոմիտեների կողմից հասցեագրվող առաջարկություններին։ Հայաստանի բազմաթիվ պետական մարմիններ ներգրավված են այս բազմաշերտ կառույցի աշխատանքներում:

Եվրոպայի խորհրդի գործիքների թվում Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Գործողությունների ծրագիրը, որով կազմակերպությունն օգնում է Հայաստանին և այլ երկրների կատարել իր ստանձնած պարտավորությունները, ներդնել եվրոպական չափորոշիչները: Ներկայումս Հայաստանում իրականացվում է թվով չորրորդ՝ 2019-2022թթ. Գործողությունների ծրագիրը: Հարգարժան դեսպաններ, այդ ծրագիրն իրականացվում է Ձեր երկրների և Եվրոպական Միության կամավոր հատկացումների շնորհիվ, ինչի համար օգտվելով առիթից հայտնում եմ մեր շնորհակալությունը:

Հետադարձ հայացք նետելով Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր Հայաստանի անցած 20-ամյա ճանապարհին` պետք է նշեմ, որ կազմակերպության աջակցությամբ կատարվել է մեծ աշխատանք: Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի 83 կոնվենցիայի, որից 66-ը վավերացրել է: Հայաստանը նաև միացել է ԵԽ 12 մասնակի Համաձայնագրի։

Առանձնահատուկ կարևոր է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությունը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների երաշխավորման տեսանկյունից։ Դատարանը կարևոր դերակատարում ունի նաև Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության առումով:

Տիկնա՛յք և պարոնա՛յք, մեծարգո՛ դեսպաններ,

Կարևոր է նշել, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, 2001 թվականի հունվարին անդամակցելով Եվրոպայի խորհրդին, պարտավորվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով: Հետևաբար, 2020 թվականի 44-օրյա պատերազմն Ադրբեջանի կողմից այդ պարտավորությունների խախտում է հանդիսանում և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից:

Դուք քաջատեղյակ եք Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Արցախի բնակչության դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքները շարունակում են մնալ ամենահրատապ խնդիրներից մեկը: Այս հարցում կարևոր է մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի ներգրավվածությունը։ Մենք կարծում ենք, որ անձանց հիմնարար իրավունքները պահպանելու տեսանկյունից Եվրոպայում չպետք է լինեն «գորշ գոտիներ»:

Գլխավոր քարտուղարը, Մարդու իրավունքների հանձնակատարը, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը, Մարդու իրավունքների եվրոպական Դատարանը, համապատասխան մոնիտորինգային մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում արդեն փորձել են արձագանքել խնդրին: Նախարարների կոմիտեն, այնուամենայնիվ, դեռևս չի դրսևորել իր դերակատարությունը, ուստի լիահույս եմ, որ Կոմիտեի անդամների ներկայությունն այստեղ դրական ներգործություն կունենա այս հարցում առաջընթաց գրանցելու գործում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031