ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը «Հենարան» ակումբում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մասին:
«Երբ ես խոսում եմ Հայաստանում անկայունության մասին, նկատի ունեմ նաեւ որոշումների կայացման կանխատեսելիությունը: Երբ ՀՀ-ում 44-օրյա ծանր պատերազմից ու կորուստներից հետո գալիս է, օրինակ, Վրաստանի վարչապետը եւ հայտարարում, թե ինքը միջնորդ է հանդիսանում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ շփումներում, վստահ եմ՝ կհիշեք, որ դրանից մեկ-երկու օր առաջ ԱԺ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ասում էր, թե որեւէ բանակցության, կամ այդ պահին խոսակցության մասին անգամ միտք լինել չի կարող: Եվ իր պատրաստակամությունն էր հայտնում՝ վերսկսելու բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով: Սա նշանակում է՝ հերթական կեղծիքի բացահայտում, այս անգամ, Վրաստանի վարչապետի շուրթերով: Ստացվում է, մեզ այստեղ ասում են, թե Ալիեւի հետ չեն խոսում, սպասում են Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի շարունակվեն բանակցությունները, սակայն Վրաստանի վարչապետը գալիս եւ ասում է, թե ինքը միջնորդ է եւ այն անձնավորությունն է, որը շարունակում է ապահովել կապը այդ երկու անձանց միջեւ:
Ես ուզում եմ խոսել նաեւ միջազգային ատյաններում տեղի ունեցողի մասին: Հայաստանի Հանրապետությունը, ինչպես գիտենք, միջազգային ատյաններում փորձում է ապացուցել այն փաստը, որ Ադրբեջանը գործել է ինչպես պատերազմական, այնպես էլ էթնիկ քրեաիրավական որակումների ենթակա արարքներ՝ էթնիկ զտման, պատմամշակութային արժեքների ոչնչացման, մարդկանց կյանքի իրավունքի, խաղաղ բնակչության նկատմամբ անթույլատրելի զենք կիրառելու մասով: Եվ ուզում եմ նաեւ հիշեցնել, թե ինչ են հակադարձում Ադրբեջանի ներկայացուցիչները: Իրենք մեջբերում են Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները: Երբ մենք խոսում ենք ՀՀ տարածքային ամբողջականության, ՀՀ սուվերեն տարածքի խախտման մասին, մեջբերում են նրա խոսքերը: Երբ ասում ենք, թե նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթով իրենք պարտավորվել են անհապաղ վերադարձնել բոլոր գերիներին, իրենք Հայաստանի ներկայացուցչին պատասխանում են էլի Նիկոլ Փաշինյանի խոսերով՝ ասելով, թե ինքն ասել է, որ նախ պետք է քարտեզները տա, հետո իրենք վերադարձնեն գերիներին: Այդ ո՞ր քարտեզների մասին է խոսքը, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ որեւէ քարտեզի մասին ոչ մի խոսք չի ասվում:
Ուզում եմ՝ մարդիկ իմանան, թե 30 տարվա ընթացքում Ադրբեջանը երբեւէ կարողացե՞լ է հայկական կողմին հակադարձել Հայաստանի ղեկավարության բառերով: Երբեք: Սա առաջին դեպքն է: Միջազգային ատյաններում, ուզում եք դա բանակցություն անվանեք, ուզում եք՝ իրավական գործընթաց, մենք միջազգային հանրության առաջ՝ ներկայացնում ենք մեր բազմահատոր ապացույցները եւ ի պատասխան ստանում ենք Նիկոլ Փաշինյանի խոսքերը: Մենք ի՞նչ ենք ասում: Ասում ենք, երբ այդ անձը կառավարության նիստում ադրբեջանական տեղանուններ է հնչեցնում, Ադրբեջանի համար հիմք է ստեղծում մեզ հակադարձելու: Երբ մեջտեղ է բերում ինչ-որ քարտեզներ, եւ նույն խոսքի ընթացքում փորձում դրանց գոյությունը հերքել, էլի փաստակազմ է ստեղծում Ալիեւի համար»,- ասաց Աննա Մկրտչյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ