«Մենք դեմ չենք պատվաստմանը, մենք դեմ ենք ստիպողաբար պատվաստմանը: Մի բան, որ դեռ ուսումնասիրված չէ, նրա երկարատև ազդեցությունը հայտնի չէ` ինչպես կանդրադառնա մարդկանց առողջության վրա, ստիպել, որ պատվաստվեն` մարդկանց իրավունքների խախտում է»,-այս մասին այսօր ասացին մի խումբ քաղաքացիներ, որոնք առողջապահության նախարարության շենքի առջեւ բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանց խոսքով, իրենց պահանջն է չեղարկել առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստման կամ թեստավորման պահանջի մասին հրամանը:
Ցույցի մասնակից Էմիլ Մարկոսյանի խոսքով, պետությունը չպետք է պարտադրի քաղաքացիներին թեսթավորվել, քանի որ այն ծանր բեռ է աշխատողի համար, որոնք ցածր աշխատավարձ են ստանում:
Ցույցի մեկ այլ մասնակից էլ ասաց, որ պարտադիր ՊՇՌ թեստը մարդկանց պատվաստման մղելու համար է. «Պատվաստման վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվությունը բացակայում է, բարդությունների մասին ոչինչ չենք լսում, եւ արդեն խոսում են երեխաներին պատվաստելու մասին: Մենք եկել ենք որպես ծնող՝ մեր երեխաների իրավունքները պաշտպանելու, որովհետեւ դա բժշկական միջամտություն է, իսկ դա չի կարելի ստիպողաբար անել»:
Կարդացեք նաև
Էմիլ Մարկոսյանի խոսքով՝ «Կախարդական եղանակով ՊՇՌ թեստը 15 հազարից դարձավ 7-8 հազար դրամ, կամ, եթե կոլեկտիվ հայտերով են դիմում՝ 5-6 հազար: Հարց է առաջանում՝ եթե առողջապահության նախարարությունը գիտի, որ այդ ոլորտում կան գերշահույթներ, ինչո՞ւ մինչեւ հիմա չի դիմել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որպեսզի բացահայտվեն գերշահույթ հետապնդողները եւ պատասխանատվության ենթարկվեն»:
Նրա կարծիքով, բարձր գործազրկություն ունեցող պետության մեջ սպառնում են աշխատանքից ազատել:
Մեկ այլ մասնակից էլ, որը ներկայացավ բժիշկ, ասաց. «Ի՞նչ է նշանակում, երբ ասում են՝ դու առողջ ես, պատվաստվիր, որ չհիվանդանաս, դու առողջ ես, պատվաստվիր, որ կողքինիդ չվարակես: Առողջներին բժիշկ պետք չէ, հիվանդներին է պետք: Սա ասում է Հիսուս Քրիստոսը: Ես բժիշկ եմ, օգտագործում եմ դեղորայք, անզգայացնող, ցավազրկող դեղամիջոցներ: Ես դեղորայքին դեմ չեմ, դեմ եմ մոլորությանը: Եկեք այս շունն ու կատուն թարգենք եւ անցնեք կառուցողական, երկխոսության դաշտ»,-ասաց նա՝ նշելով, որ Իսպանիայում այսօր բողոքի ցույց է անցկացվում՝ պարտադիր պատվաստումների դեմ:
Ցույցի ընթացքում ոստիկանները ցույցի կազմակերպիչներին ուղեկցեցին առողջապահության նախարարություն:
Քիչ առաջ նախարարությունից դուրս եկած Էմիլ Մարկոսյանը նշեց, որ իրենց հետ հանդիպել է մի անձ, որն իրավասու չի եղել իրենց հարցերին պատասխանելու. «Ուզում եմ ասել, որ նախարարության այսպիսի դրսեւորումները կրկին հաստատում են, որ այս շենքում գտնվում են ապիկար մարդիկ, քանի որ իրենք իրենց կառույցում անգամ չգիտեն՝ որ աշխատակիցը ինչ իրավասություն ունի: Հույսով սպասեցինք, մի պահ ուրախացանք, որ հավաքված քաղաքացիների ձայնը լսելի կլինի: Կամ ունեն մտավախություն, որ չեն կարող պատասխանել ժողովրդի հարցերին, կամ՝ միտումնավոր են անում, ուզում են ցասումն օր օրի ավելի շատանա»:
Ասաց, որ այս թեմաներով գլխավոր դատախազին դիմում է հասցեագրել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ