Ադրբեջանը համարժեք արձագանք կտա Հայաստանի կողմից սահմանազատման և սահմանագծման հարցերով ցանկացած դրական քայլի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Կատարի իր գործընկեր Մուհամադ բըն Աբդել Ռահմոն ալ-Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Ադրբեջանը հանդես է գալիս հետպատերազմյան ժամանակաշրջանում հարաբերությունների աստիճանական կարգավորման օգտին՝ հիմնված միջազգային իրավունքի վրա: Չափազանց կարևոր է հնարավորինս արագ սկսել երկու երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը և լուծել այդ հարցերը: Ադրբեջանն ուշադիր հետևում է այդ ուղղությամբ գործընթացներին: Եվ այստեղ յուրաքանչյուրը կարող է վստահ լինել, որ ցանկացած դրական քայլ հակառակ կողմից կարող է մեր կողմից համարժեք կերպով ընկալվել, և մենք դրական քայլեր կձեռնարկենք»,- ասել է Բայրամովը:
Բայրամովը նաև նշել է, որ անհրաժեշտ է կատարել Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները, մասնավորապես հաղորդակցությունների բացման մասով: Նրա խոսքով՝ միայն այդ պարագայում է հնարավոր «բնականոն հարևանային հարաբերությունների» զարգացում երկու երկրների միջև և տարածաշրջանում հանգիստ, կանխատեսելի իրավիճակ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ