Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Մկրտչյան. «Այնտեղ, որտեղ երեկ իշխանությունը չի կարողացել գրանցել իրեն ցանկալի հաջողությունը, դա պարզապես դիմադրության արդյունք է եղել»

Հոկտեմբեր 18,2021 15:50

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր «Հենարան» ակումբում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգության մասին՝ ասաց. «Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի շուրջ անկայունությունը օրեցօր ավելանում է, իսկ ՀՀ իշխանության ղեկին նստած անձանց որոշումների կայացման ուղեծիրը այլեւս անհայտ է եւ որեւէ կերպ հնարավորություն չի տալիս՝ հասկանալու թե արտաքին հարցերում, թե ներքաղաքական որոշումներում որտեղ է արտահայտվում հայկական շահը: Այս ամենը բխեցնում է նաեւ օրեցօր ավելացող եւ խորացող ճգնաժամը, ինչի վերաբերյալ դիտարկումներ կարող են անել բոլոր ոլորտների ներկայացուցիչները՝ առողջապահությունից մինչեւ անվտանգություն»:

Աննա Մկրտչյանը անդրադարձավ նաեւ երեկ Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրություններին, որոնցում նրա խոսքով բազմաթիվ դրվագներով ակնհայտ դարձավ, թե ինչպես, ինչ մեթոդներով, ինչպիսի գործիքակազմով է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» պատկերացնում ընդհանրապես իր գոյությունը եւ իշխանության երկարաձգումը: «Երեկ տոտալ վախի մթնոլորտ էր՝ ստի ու կեղծիքի չափաբաժիններով համեմված: Ակնհայտ է, որ մարդիկ, ովքեր ժամանակին խոսում էին ընտրակաշառքի անթույլատրելիության մասին, այսօր ակտիվ այդ գործիքը օգտագործում են: Բազմաթիվ լրատվամիջոցներում հրապարակվել են դեպքեր, թե ինչպես են ուղղակի փողոցում ՔՊ-ականները գումար բաժանում, ինչպես են իրենց մարզպետները օգնության եւ օժանդակության անվան տակ ընտրություններից մեկ-երկու օր առաջ տրամադրել գումարներ: Ակներեւ դարձավ, թե ինչպես էին երեկ տեռորով փորձում վախեցնել համայնքներում գործող ընդդիմադիրներին, որոնք իրենցից ուժ էին ներկայացնում եւ խնդիր կարող էին ստեղծել իշխանության համար: Դրանք դրսեւորվում էին անհասկանալի ձերբակալություններով, բերման ենթարկելով, շտաբային աշխատանքները կոլապսի ենթարկելով: Այսինքն, այն, ինչ տեսել էինք հունիսի 20-ին, երեկ դրա կրկնությունն էր՝ նույն տեռորի մթնոլորտ ստեղծելու պայմաններով:

Բայց ուզում եմ արձանագրել երեկվա նաեւ մեկ այլ իրողություն: Այդ տեռորը եւ վախը, սուտն ու կեղծիքը տալիս են նաեւ հակազդեցություններ: Եվ այն համայնքներում, որտեղ չնայած ողջ վարչական լծակներին, չնայած ծախսված անհամարժեք ֆինանսական օժանդակություններին, որոնք իրենց բնույթով եւ էությամբ պարզունակ ընտրակաշառք էին, այնուամենայնիվ, ՀՀ քաղաքացիները տեղական ընտրություններում կարողացան հակազդեցություն ցույց տալ:Ես շատ ուրախ եմ, որ նաեւ հնարավորություն ունեցանք ականատեսը լինելու փաստացի դիմադրության: Որովհետեւ այնտեղ, որտեղ երեկ իշխանությունը չի կարողացել գրանցել իրեն ցանկալի հաջողությունը, դա պարզապես դիմադրության արդյունք է եղել»,-ասաց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031