Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կողմի ելույթներն ու փաստարկները՝ Նիկոլ Փաշինյանի գործողությունների և ՈՄԱ-ի գործունեության հիման վրա

Հոկտեմբեր 18,2021 15:12

Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) հոկտեմբերի 18-19-ին անցկացվում են Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ հակընդդեմ հայցի հետ կապված լսումները: Հիշեցնենք՝ Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ մեղադրելով «Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» խախտման մեջ:

Ըստ հայցի՝ Հայաստանը «կատարել և շարունակում է կատարել խտրական բնույթի գործողություններ ադրբեջանցիների նկատմամբ՝ ազգային և էթնիկ պատկանելության հիմքով»:

Հայցում նաև պահանջվում է միջանկյալ միջոց կիրառել Հայաստանի դեմ՝ նախքան դատարանի որոշումը:

Հաագայի դատարանում օրվա առաջին կեսին Ադրբեջանի ներկայացուցիչները ներկայացրին իրենց դիրքորոշումները, թե իբր Հայաստանը ատելության խոսք է տարածում, դիտավորյալ չի տրամադրում ականապատ դաշտերի քարտեզները, նաև պնդեցին, թե իբր Հայաստանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել Ադրբեջանի մասին:

Ադրբեջանի շահերը պաշտպանող պրոֆեսորների հիմնական փաստարկն այն էր, որ ՀՀ-ն չի տրամադրում ականապատ դաշերի քարտեզները: Նաև պնդեցին, որ Հայաստանի դիմումը պետք է մերժվի, Ադրբեջանինը՝ բավարարվի: Փորձեցին դատարանին համոզել, որ Հայաստանը երեսուն տարի օկուպացրել է Ադրբեջանի տարածքները:

Այս լսումների ընթացքում ևս, ինչպես նախկինում, Ադրբեջանի շահերը ներկայացնող պրոֆեսորները չկարողացան իրենց խոսքը կառուցել առանց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեջբերելու կամ հիշատակելու: Նրանցից մեկն ասաց. «Բոլորդ էլ հասկանում եք, որ ականները վտանգավոր են մարդկային կյանքերի համար: Դրանց վրա պարզապես կարող է երեխա կանգնել և կորցնել կյանքը: Ուստի Ադրբեջանի նպատակն է հնարավորինս արագ ականազերծել ականապատ տարածքները: Սակայն դժվար է ասել, որ Հայաստանն ունի որևէ լեգիտիմ նպատակ այդ քարտեզներն Ադրբեջանին տրամադրելու համար: 2021-ի հունիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է տրամադրել 189 հազար ականների քարտեզներ, սակայն Փաշինյանն ինքն էլ ասաց, որ դրանք փոքր մասն են ականների: Այնուհետև պարզվեց, որ այդ քարտեզները հիմնականում ճշգրիտ չեն: Ադրբեջանը ցանկանում է այդ քարտեզների մասին մանրամասն, ճշգրիտ և համակողմանի տեղեկատվություն, այդպիսի հայտարարություններով են հանդես գալիս նաև ԵՄ-ն, ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն և ԱՄՆ-ն, բայց Հայաստանը, այդ տեղեկատվության վրա «նստած», հրաժարվում է տրամադրել այն»:

Ադրբեջանի դիմումում մասնավորապես պահանջների շարքում նշված է հենց քարտեզների տրամադրման հետ կապված պահանջը:
Պահանջների շարքում է նաև այն, որ ՀՀ-ն պետք է արգելի այն կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում, որոնք ըստ նրանց՝ իբր թե ատելության խոսք են տարածում: Մասնավորապես նշվում է ՈՄԱ ռազմահայրենասիրական ՀԿ-ի մասին: Ադրբեջանի շահերը ներկայացնող պրոֆեսորները ջանք ու եռանդ չխնայեցին դատարանին համոզելու, թե իբր այս կազմակերպությունը երիտասարդներին պատրաստում է ընդդեմ Ադրբեջանի պատերազմի, ատելություն է սերմանում նրանց մեջ Ադրբեջանի հանդեպ: Գրեթե բոլորի պրեզենտացիաներում մեջբերումներ կային ՈՄԱ հասարակական-ռազմահայրենասիրական կազմակերպության հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովի խոսքերից:

Ադրբեջանական կողմը պնդում էր, թե իբր հայերը բարբարոսություն են իրականացրել, պղծել իրենց զինվորների դիակները, տանջել ադրբեջանցի զինվորականերին և այլն:

Երևանի ժամանակով հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18.00-ին, Հաագայի դատարանը կլսի հայկական կողմի տեսակետները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031