«Ուզում եմ, որ մարդիկ ոչ թե նախապաշարումով նստեն լսեն ինձ, մտածեն, թե վայ, էս մարդը գնացել է այսինչ տեղը խոսելու, ուրեմն նրանցից է, այլ հասկանան, որ մեկը մյուսի հետ կապ չունի: Մենք հիշում ենք 2019թ Նիկոլի գրած գիրքը՝ «Երկրի հակառակ կողմը»: Ուզում եմ բացատրել, որ մարդիկ հասկանան…Օրինակ, մենք միշտ մեջբերում ենք Նժդեհի ու այլ մեծերի խոսքերը, նրանք իրենց սրտի միջից էին հանում ու դնում թղթի վրա եւ իրականություն դարձնում»,- «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նշեց «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար, ազատամարտիկ Սերոբ Գասպարյանը:
Նա հանրությանը հիշեցրեց Ֆիրդուսու այն խոսքերը, թե ժողովուրդը սպունգ է, եթե սեղմես, ինչ տարել է՝ ետ կտա. «Հիմա մենք ապրում ենք մի իրականությունում, որը կոչվում է նիկոլիզմ…Նիկոլն ու նրա թիմը ապրում են երկրի հակառակ կողմում, որտեղ տիրում է պղծությունը»:
Սերոբ Գասպարյանը հավելում է. «Ոչ մի օրենք չի գործում Հայաստանում՝ ոչ քրեական օրենսգիրք, ոչ մարդկային բարոյական օրենքը, ոչ էլ աստծո օրենքը…Մարդկանց ասում ես՝ հայրենիքը կանչում է՝ միավորվեք, ասում են՝ էսինչական է… Ոչ, ես ոչ մի բանական չեմ, պարզապես հայրենիքի համար պատրաստ եմ ցանկացած մեկի կողքին կանգնել, ով մտածում է, որ հայրենիքը պետք է փրկել:
Արցախի համար, հայրենիքի համար մենք տվեցինք մեր ամենաթանկը, իսկ բարոյականից զուրկ մարդիկ ոչինչ չեն արել երեսուն տարի շարունակ այս երկրի համար: Երեսուն տարի իմ լուսահոգի եղբայրն (Ռուստամ Գասպարյանը-Գ.Հ.) իր համազգեստը չի հանել: Ես ողջունում եմ Սյունյաց ժողովրդին, որ գնահատեցին համազգեստը…Առուշ Առուշանյանը համազգեստի մեջ էր կռվում ու պատերազմում, այսօր հենց այդ համազգեստի հաղթանակն է»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ