Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպայի խորհուրդը ճնշում կգործադրի Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի այդ երկրում պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական այլ անձինք վերադարձվեն հայրենիք. Կարեն Անդրեասյան

Հոկտեմբեր 18,2021 14:12

Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպայի խորհուրդը հստակ դիրքորոշում կցուցաբերի Ադրբեջանի հարցում, ճնշում կգործադրի այդ երկրի նկատմամբ, որպեսզի  Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական այլ անձինք վերադարձվեն հայրենիք։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Նախարար Անդրեասյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչներին Արդարադատության նախարարությունում և ընդգծել, որ ԵԽ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ համագործակցությունն ընթանում է մի շարք ուղղություններով՝ ընտանեկան բռնության դեմ պայքար, Պրոբացիայի ծառայության բարելավում, ՔԿՀ-ներում մարդու իրավունքների պաշտպանություն, դատական ​​բարեփոխումներ, հակակոռուպցիոն պայքար և այլն։ Այդ համատեքստում Կարեն Անդրեասյանն իր երախտագիտություն է հայտնել ԵԽ -ին և առանցքային դոնոր երկրներին` Հայաստանի բարեփոխումների օրակարգին աջակցելու պատրաստակամության համար:

Ի պատասխան ԵԽ դեսպանների հարցերի՝ նախարար Անդրեասյանն անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումների, դատաիրավական համակարգի թվայնացման գործընթացներին, վրացական օրինակով Հայաստանում հանրային ծառայությունները մեկ վայրում մատուցող «Արդարադատության տներ»-ի ստեղծման ծրագրին,  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացման հնարավորություններին, Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքներին, Պարեկային ծառայության մոդելով նոր և բարեվարք ծառայողներով քրեակատարողական հիմնարկ կառուցելուն և այլն։

Պատվիրակության ղեկավար Մարթեն Էհնբերգը նշել է, որ ոգևորված է իրականացված բարեփոխումներով և նախատեսվող ծրագրերով ու հաջողություն է մաղթել հավակնոտ օրակարգը իրականացնելու ճանապարհին։

Նշենք, որ պատվիրակության կազմում են եղել նաև ԵԽ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչները, ինչպես նաև ԵԽ Գլխավոր քարտուղարության Ծրագրերի Գլխավոր տնօրինության ղեկավար Վերենա Թեյլորը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, այլք։ Պատվիրակությանն ուղեկցել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը։

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031