«Մենք սկսել ենք մեր 30-րդ թատերաշրջանը, որը նվիրել ենք ՀՀ անկախության 30-ամյակին: Մի շարք ծրագրեր ունենք՝ կապված 30-ամյակի հետ, նաեւ բազմաթիվ հյուրախաղեր եւ փառատոնների մասնակցություն: Մեր բոլոր շրջագայությունները նվիրում ենք Անկախության 30-ամյակին, եւ գլխավոր ցանկությունն այն է, որ մեզ մի լավ նվեր լինի Անկախության տոնին: Ի դեպ, որոշակի նշույլներ երեւում են արդեն, խոսքս թատրոնի շենքի մասին է:
Եթե ոչ 30-ամյակի շրջանակում, ապա 31-ամյակին, հուսանք, որ վերջապես կունենանք մեր երկար սպասված շենքը: Դա կլինի Սոս Սարգսյանի, հանդիսատեսի երազանքի իրականացնումը»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը:
Նրա խոսքով, ակտիվ ընթանում են շինարարական աշխատանքները, ունեին նաեւ տեխնիկական վերազինման խնդիր, եւ կառավարությունը խոստացել է համապատասխան հատկացումներ կատարել:
Կարդացեք նաև
Տնօրենն ընդգծեց, որ թարմություն կմտնի նաեւ թատրոնի խաղացանկում:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը նշեց, որ հոկտեմբերի 29-ին եւ 30-ին պրեմիերա ունեն՝ ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ: Դա Օ. Հենրիի նովելների հիման վրա ստեղծած ներկայացում է՝ «Եվ նորից գարուն»:
«Հինգ նովելներից է բաղկացած, իրար են հերթագայում տարվա եղանակների նման՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ եւ նորից գարուն: Կար հատկանշական բան, որ նորից գարուն կարող է լինել, եւ դա մեզանից է կախված՝ երկրի, մեր ներքին հոգեվիճակի առումով:
Սիրո, անձնազոհության, հոգու գեղեցկության մասին ենք պատմում, որպեսզի հանդիսատեսի հոգին նորից թրթռա ապրելու ցանկությունից, իրարով ապրելու եւ ապրեցնելու գաղափարից: Ներկայացման մեջ ներկայացված է մեր երիտասարդական կազմը, շատ գեղեցիկ համագործակցություն է գնում ավագ սերնդի հետ»,-ասաց Նարինե Գրիգորյանը:
Հավելեց, որ ժամանակին Սոս Սարգսյանը, Հրաչյա Գասպարյանը, Դավիթ Հակոբյանը կրթում էին իրենց սերնդին, ինչի արդյունքում այժմ մեծ հաղթանակներ են ունենում: Հասկանում են, որ նույնը պետք է իրենք անեն եւ լուծեն թատրոն նոր սերունդ բերելու խնդիրը: Նա անդրադարձավ նաեւ Խաղաղօվկիանոսյան փառատոնին իրենց թատրոնի մասնակցությանն ու հաջողություններին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ