Ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսի դեպքում, ով կյանքը զոհաբերեց մեր փրկության համար, եկեք հավատանք, որ մեր զինվորների զոհաբերությունը զուր չի եղել
Անցյալ տարի առիթ ունեցա բազմիցս վերադառնալ Հայաստան և Արցախ: Իրականում չգիտե՛մ, Հայաստանն ու Արցախն արդյոք իմ կարիքն ունե՞ն, թե ո՞չ, սակայն ես նրանց կարիքն ունեմ: Ինձ պետք է քայլել մեր հայրենի հողի վրա, խորհել, լսել, զգալ ու հասկանալ: Այս ամենն արվում է համատեղ, նաև լռության մեջ:
Հիշում եմ իմ առաջին զբոսաշրջային ուղևորությունը դեպի Հայաստան, 1981 թվականն էր: Այն նման էր երազի: Ինձ ապշեցրել էին բնապատկերը, վանքերը, թանգարանները, հայկական ձեռագրերը…
Կարդացեք նաև
․․․1987 և 1992 թվականներին կարողացա այցելել Կիլիկիա և Արևմտյան Հայաստան: Անշու՛շտ, զգացմունքս ավելի մեծ էր, ինչպես նաև մեծ էր տխրությունս ու զայրույթս՝ տեսնելով այն անմխիթար վիճակը, որում հայտնվել էր մեր նախնիների ժառանգությունը:
1994 թվականին պատիվ և հաճույք ունեցա նշանակվելու Հայաստանում և Արցախում Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի ներկայացուցիչ: Դեռևս չգիտեի, որ տիկնոջս՝ Սիլվիի հետ 17 տարի մնալու էի Հայաստանում: Կարող եմ վկայել, որ դրանք իմ կյանքի ամենահետաքրքիր ու բարեբեր տարիներն էին:
Եկեղեցիներում իմ հովվական ծառայությունից բացի, ղեկավարել եմ նաև երկու կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության մարդասիրական գործունեությունը:
Այսօր, մեկ տարի անց, ինչպե՞ս համակերպվենք 2020-ի հոկտեմբերյան պատերազմի ջախջախիչ պարտության հետ: Ինչպե՞ս ուղիղ նայենք ճակատում ընկած, մահացու վիրավորում ստացած զինվորների ընտանիքների աչքերին:
Ինչպե՞ս ենք նոր սերունդներին բացատրելու այն ֆիասկոն, որում այսօր գտնվում է Հայաստանն ու համաշխարհային Սփյուռքը:
․․․Երանի ունենայի կախարդական փայտիկ՝ կանխելու համար այս վերջին պատերազմն ու դրա ահասարսուռ հետևանքները: Այնքա՛ն կուզեի, որ վերջին 30 տարիների ընթացքում մեր ղեկավարները գործեին ավելի մեծ հեռատեսությամբ, խորաթափանցությամբ և իմաստությամբ: Շատ կուզեի, որ քաղաքացիական հասարակությունը լիովին կատարեր իր իսկական հակակշիռ լինելու պարտականությունները: Կուզեի, որ Սփյուռքն ավելի ու ավելի ներգրավված լիներ…
Մենք բոլորս փորձեցինք վերլուծել մեզ պատուհասածն՝ առանց գտնելու մեր հարցերի ճիշտ պատասխանները:
Ինչպես ձեզանից յուրաքանչյուրը, ես նույնպես իմ կարծիքն ունեմ մեր կառավարիչների ու նրանց կարողությունների և անկարողությունների վերաբերյալ: Հեռու եմ այն բանից, որ մանրազննին քննեմ նրանց գործունեությունը, ովքեր ղեկավարել են Հայաստանը և Արցախը 1990-ականների սկզբից: Վաղ թե ուշ բոլորը պատասխանատվության կենթարկվեն իրենց արածների կամ չարածների համար:
Ամենայն միամտությամբ ինքս ինձ ասում եմ, որ եթե ներկայիս իշխանությունը ի վիճակի է պատասխանել Հայաստանի և Արցախի կենսական հարցերին, թող շարունակի իր պարտականությունները կատարել: Եթե ո՛չ, ապա թող մտածեն ուրիշների համար տեղ ազատելու մասին: Խոսքս այն մասին չէ՛, որ մատնացույց անեմ որևէ մեկին: Ընդհակառա՛կը, պետք է հաշվի առնել այն ուղիները, որտեղ երկուստեք կարող ենք գլուխներս բարձր դուրս գալ:
Մոտ օրերս կրկին Հայաստանում և Արցախում կլինեմ: Ցանկանում եմ քաջալերման և սփոփանքի խոսքեր փոխանցել մեր հայրենակիցներին և նրանց ընտանիքներին: Հատկապես՝ թանկագին անձ կորցրած ընտանիքներին, կամ՝ տուն, գյուղ, ունեցվածք, կամ աշխատանք:
Հատկապես մտքերս մեր վիրավորների և գերիների հետ են:
Գիտե՛մ, որ չնայած ձեր ծայրահեղ ցավին, դուք ուժեղ եք և կհաղթահարեք այս տանջալից փորձությունը: Գիտե՛մ, որ չնայած պետության և Սփյուռքի աջակցության դանդաղ տեմպերին, վճռական եք առաջ գնալու, մաքառելու և դուրս գալու դրանից:
Առավել քան երբևէ, աշխատելու ենք մեր ժողովրդի ավելի մեծ միասնության, համերաշխության, մեծ կամ փոքր խնդիրներին ճիշտ լուծումներ գտնելու համար: Միասին մենք ապացուցելու ենք, որ անհաղթահարելի ոչինչ չկա, և որ մեր ուժը կարող է նույնիսկ սարեր շուռ տալ:
Չենք կարող մոռանալ այս վերջին պատերազմի ժամանակ թափված արյունը: Ահա թե ինչու մենք հաջողության կհասնենք մեր համատեղ բարձրագույն նպատակներին։
Համոզվա՛ծ ենք, որ Հայաստանը կամրապնդի իր ինքնիշխանությունը, և որ Արցախը կվերագտնի իր պատմական սահմանները ազատ ու անկախ պետության մեջ:
Չմոռանա՛նք նաև, որ մենք մի ժողովուրդ ենք, որը բավական երկար ժամանակ է, ինչ ընդունել է քրիստոնեական հավատքը: Ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ով խաչի վրա իր կյանքը զոհաբերեց մեր փրկության համար, եկեք հավատանք, որ մեր զինվորների զոհաբերությունը զուր չի եղել:
Եվ, քանի որ Քրիստոսը հարություն առավ 3-րդ օրը, հավատանք մեր ժողովրդի, մեր ազգի, մեր պետության, մեր Հայաստանի, մեր Արցախի հարությանը:
Հայաստանի ժողովուրդ, Արցախի ժողովուրդ, մենք սիրում ենք ձեզ, մենք ձեր կողքին ենք, կհաղթահարենք ամենը և կցնծանք:
Վերապատվելի դոկտոր Ռընե ԼԵՈՆՅԱՆ