Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե ուզում ենք, որ տնտեսության մեջ գիտական բաղադրիչը լինի էական, գիտության մեջ ներդրումները պիտի սկսվեն այսօրվանից». կառավարության 4 անդամներ քննարկել են ՀՀ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի զարգացման հեռանկարները

Հոկտեմբեր 18,2021 12:23

Ծաղկաձորում կայացավ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի,  արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող եռօրյա աշխատաժողովը։ Կառավարության 4 գերատեսչությունների ներկայացուցիչները՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն ու Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը  բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ղեկավար կազմի և հետազոտողների հետ քննարկել են դոկտորական կրթության ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցման հարցը։

Պանելային քննարկման մոդերատոր, Իտալիայի Տերամոյի համալսարանի միջազգայնացման և համատեղ կրթական ծրագրերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Պաոլա Պիտտիան կառավարության անդամներին ներկայացրեց ԵՄ երկրների դոկտորական կրթության կազմակերպման փորձն ու նրանց հետ խոսեց ծրագրի շրջանակներում մշակված հայեցակարգի զարգացման առաջնահերթություններից։

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց տնտեսության զարգացման համար առաջնահերթությունները և ընդգծեց, որ ակադեմիական համայնքը կարող է և պետք է ակտիվ ներգրավված լինի կառավարության ծրագրերի մշակման, գնահատման և իրականացման գործընթացներում։

«Եթե մենք ուզում ենք, որ տնտեսության մեջ գիտական բաղադրիչը լինի էական, ապա գիտության մեջ ներդրումները պիտի սկսվեն այսօրվանից։ Մեր նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում գիտության ներգրավմանը տնտեսության մեջ։ Կառավարության ծրագրում՝ ի թիվս այլ գործողությունների, առանձնացրել ենք մի միջոցառում, որով նախատեսում ենք մասնավոր ընկերությունների կողմից գիտահետազոտական աշխատանքների ծախսերի փոխհատուցում։ Մենք կարևորում ենք նաև նպատակային ծրագրերի ֆինանսավորումը. այն ծրագրերի, որոնք անհրաժեշտ են պետական կառավարման համակարգին։ Ներկայում չորս գերատեսչություններով փորձում ենք գտնել աշխատանքի շուկա, տնտեսություն և կրթություն կապի առաջնահերթությունները, և թե ինչ մեխանիզմներով հետագայում շուկայում կարող ենք ունենալ որակյալ մասնագետներ»,-նշեց նախարարը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն էլ ընդգծեց. «Այս հայեցակարգով մենք պետք է կարողանանք կայացնել նաև ղեկավարի ինստիտուտը, և հստակեցնել, թե ովքեր կարող են ղեկավարել ասպիրանտի գիտական աշխատանքը և պետք է բազմաթիվ չափանիշներ փոխենք, որպեսզի ակնկալենք որակյալ գիտական աշխատանք։ Մենք քննարկում ենք նաև դոկտորական դպրոցի գաղափարը, բացի այդ պետք է PhD կրթական ծրագիրը ևս լիցենզավորվի, որպեսզի հստակեցվի, թե որ կառույցները, գիտակրթական կազմակերպությունները կկարողանան պատրաստել տվյալ որակավորմամբ մասնագետի»,-ընդգծեց ԿԳՄՍ փոխնախարարը։

ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշեց, որ մեր երկիրը, որը հայտնի է IT ընկերություններով, այժմ այդ շրջափուլից անցում է կատարում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ժամանակաշրջանի, որտեղ գիտությունն ու գիտելիքը ամենակարևոր դերակատարներն են։

«Առաջիկայում կառավարությունը կհիմնադրի շատ մեծ կապիտալով ազգային վենչուրային հիմնադրամ, որը նպատակ ունի զարգացնել այս ինդուստրիան »,-նշեց պարոն Սահակյանն ու կարևորեց ԲՏԱ նախարարության «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային մրցույթը և հավելեց, որ այս տարի նախագծին իրենց մասնակցությունն են բերել ութ գիտական թիմեր, որոնք նպատակ են ունեցել իրենց գիտական մշակումները վերածել բիզնեսի։

Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ խոսելով գիտության ֆինանսավորումից, ակադեմիական համայնքի հետ հարցուպատասխանին կարևորեց նաև նոր գիտելիքի ստեղծման գործընթացում միջոցների արդյունավետ ծախսման մեխանիզմների սահմանումը։ Այնուհետև ակադեմիական համայնքի ներկայացուցիչները հարցերի միջոցով կառավարության չորս գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկեցին բարձրագույն կրթության ոլորտում իրենց հուզող բազմաթիվ հարցեր։

Եվրասիա միջազգային համալսարանի համակարգմամբ ծրագրի անդամ 15 բուհերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ 4 ԵՄ և 8 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություն, 2 գիտահետազոտական ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համախմբվել են՝ բարեփոխելու Հայաստանում բարձրագույն կրթության երրորդ աստիճանը և վերամշակելու ազգային քաղաքականությունը, իրավական կարգավորող փաստաթղթերը, ինստիտուցիոնալ ընթացակարգերը։

ARMDOCT նախագիծը Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախաձեռնությունն է, որի հիմքում ընկած է Էրազմուս+ «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայանացումը» (C3QA) նախագծի փորձը և հիմնական արդյունքները։

Նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղումներով.   www.eiu.am , www.armdoct.com

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031