Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ է Հայաստանը հանդես գալ որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր

Հոկտեմբեր 18,2021 13:30

Սկիզբը՝ այստեղ:

Արդյո՞ք անկախությունը կամ նվազ հստակ «ինքնորոշումը» պետք է լինեն Հայաստանի կամ Ղարաբաղի դիվանագիտության նպատակը

Այս հարցի շուրջ մասնակիցների տեսակետները տատանվում են շատ դրականից մինչեւ բացասականը.
Ա. Օրակարգում առաջնային պահել ճանաչման հարցը՝ կոչ անելով ճանաչել Ղարաբաղի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի կիրառումը:

Բ. Անկախությունը պետք է դիտարկել նոր ռազմավարության համատեքստում՝ հաշվի առնելով բոլոր թեր եւ դեմ կողմերը: Հայաստանի համար դժվար կլինի պաշտպանել Ղարաբաղի անկախությունը՝ առանց նախապես ճանաչելու այն: Դա չպետք է ապրիորի նպատակ լինի: Միեւնույն ժամանակ, պատերազմի ընթացքում ազգի (Հայաստան-Ղարաբաղ-Սփյուռք) միասնությունը եզակի էր ու ոգեշնչող: Հայ ժողովուրդը վերջապես պետք է սովորեր, որ պետք է ուժեղ ու ապահով լինել՝ կարողանալու համար պահպանել սեփական իրավունքները եւ օգտվել դրանցից: Իրավունքները ինքնակիրառվող չեն եւ ոչ էլ ընծայվում են ուրիշների կողմից:

Գ. Անկախությունը փոխզիջման տարբերակ էր: Դա մարտավարական քայլ էր, որը կհանգեցներ Հայաստանի հետ վերամիավորման՝ միաժամանակ ավելի քիչ խնդիրներ ստեղծելով Հայաստանի համար: Հաշվի առնելով տեղում այսօր տիրող իրողությունները՝ դա կախված կլինի նրանից, թե ինչպես է ձեւակերպվելու նոր ռազմավարությունը:

Դ. Խարխլվել է պետականության գաղափարախոսությունը կամ դրա մնացորդը պահպանելու կարեւորության ըմբռնումը: Ղարաբաղի բնակչության մեջ, առկա տարբերակների համատեքստում (Ռուսաստանի պաշտպանության ներքո՝ առանց դրա ձեւի հստակ ըմբռնման) կարծես թուլանում է անկախության գաղափարը՝ հայկական Ղարաբաղի զուտ ֆիզիկական պահպանման անհրաժեշտության առջեւ։

Ե. Ղարաբաղը, Հայաստանը եւ Սփյուռքը երկու տասնամյակից ավելի սատարել են Ղարաբաղի անկախության ճանաչման գաղափարը: Գործնականում ոչ մի պետություն դա չի արել եւ, հավանաբար, չի անի՝ Ադրբեջանում իրենց ունեցած շահերի եւ Ղարաբաղի նկատմամբ իրական հետաքրքրության բացակայության պատճառով: Դրանից բացի, շատ պետություններ հենց իրենք ունեն անջատողական շարժումներ:

Ո՞վ է որոշելու, թե ինչ է կատարվելու Ղարաբաղի հետ

Նախ կարեւոր մի փաստ: Ղարաբաղի ղեկավարության դերն իր ապագան որոշելու հարցում սկսեց նվազել 1998 թ.-ին: Ի տարբերություն հրադադարի մասին համաձայնագրի, որով ավարտվեց առաջին մեծ պատերազմը, Ղարաբաղի ղեկավարությունը չէր մասնակցում այն բանակցություններին, որոնք հանգեցրին 2020 թ. նոյեմբերի 10-ի համաձայնագրին, եւ Ղարաբաղը այդ հայտարարության ստորագրող կողմ չէ:
Այդուհանդերձ, Ղարաբաղի ղեկավարությունը եւ այլք հավատում են, որ.

Ա. Ղարաբաղը դեռեւս աշխարհաքաղաքական դերակատար է: Այն, ինչ Ղարաբաղն է ասում, ավելի կարեւոր է կամ պետք է ավելի կարեւոր լինի, քան այն, ինչ ուրիշներն են ասում: Նպատակը աշխարհաքաղաքական խաղացող մնալն է, հակամարտության կողմի՝ իր նախկին կարգավիճակին վերադառնալը եւ խաղաղ միջոցներով իր անկախությանը ձգտելը: Ղարաբաղը, Հայաստանն ու Սփյուռքը երեք ուժ են. յուրաքանչյուրը պետք է այդ նպատակները հետապնդի այն միջոցներով, որոնցով կարող է եւ այնտեղ, որտեղ հնարավոր է. բոլորը նպատակ ունենալով հասնելու զարգացման, փրկության, ժողովրդագրական աճի եւ քաղաքակիրթ գոյության:

Ուրիշները կարծում են, որ.
Բ. ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է կրկին ակտիվանա՝ հուսալով, որ արեւմտյան երկրները կարող են հավասարակշռող ուժ դառնալ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի՝ այն երեք երկրների նկատմամբ, որոնք վարել են ե՛ւ պատերազմը, ե՛ւ դրա հրադադարը:
Շատերը լուրջ կասկածներ ունեն, որ.
Գ. Ղարաբաղը աշխարհաքաղաքական խաղի գործոն է, բայց ո՛չ խաղացող: Ավելի շուտ՝ Ղարաբաղը գործիք է կամ միջոց: Նրա անմիջական մասնակցությունը հետագա որեւէ բանակցության, խիստ կասկածելի է: Նրա ձայնը կարող է լսելի լինել անուղղակիորեն՝ Հայաստանի եւ (կամ) Ռուսաստանի միջոցով:
Դ. Թվում է, թե Ադրբեջանը, Ռուսաստանը եւ նույնիսկ Թուրքիան ավելի շատ ասելիք կունենան Ղարաբաղի ապագայի հարցում, քան Հայաստանը: Սա հետեւանքներ ունի մեկ այլ հարցի համար. Ղարաբաղյան հիմնախնդիրը պե՞տք է համարվի կամ կարո՞ղ է համարվել Հայաստանի արտաքին եւ անվտանգության օրակարգի առաջնային գերակա խնդիրը, երբ նկատի առնվի, որ Հայաստանն այնքան քիչ ազդեցություն ունի այդ հարցի պատասխանի վրա: Այլ կերպ ասած, մնացած բոլոր նկատառումներն ու ռեսուրսներն արդյո՞ք պետք է ուղղված լինեն դրան: Թե՞ այն պետք է լինի նրա առաջնահերթությունների սոսկ մի մասնիկը:

Անորոշությունը, որը գերիշխում է ապագայի ներկայիս կանխատեսման մեջ, կհանգեցնի՞, արդյոք, նրան, որ Ղարաբաղի բնակիչներից ոմանք կամ շատերն ընտրեն Ռուսաստանի քաղաքացիություն եւ, ի վերջո, արտագաղթեն Ռուսաստան…

Սա այն թեման չէ, որը քննարկվում է պատրաստակամությամբ կամ հեշտությամբ, բայց շատերը կարծում են, որ դա իրական հնարավորություն է: Ղարաբաղի բնակիչներին քաղաքացիություն շնորհելու հարցը քննարկելիս Ռուսաստանը կարծես սահմանափակումներ է դնում նրանց Ռուսաստան կատարելիք այցերի վրա եւ չի առաջարկում նրանց անմիջապես բնակություն հաստատել Ռուսաստանում: Հավանաբար, նպատակ ունենալով օրինականացնել իր երկարատեւ ներկայությունն Ադրբեջանում՝ պաշտպանելու համար նրա քաղաքացիներին. ղարաբաղցիներին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելը կարող է, ի վերջո, չափազանց գայթակղիչ լինել այն ընդունողների համար:

Ղարաբաղը պե՞տք է լինի Հայաստանի արտաքին եւ անվտանգության քաղաքականության առաջնահերթ կարեւորություն ունեցող խնդիրը

Այստեղ եւս կարծիքները տարբեր են եւ ընդգրկում են լայն սպեկտր, ինչը կարելի է տեսնել մոտեցումների՝ ստորեւ ներկայացվող շրջանակում.
Ա. Քանի որ Ղարաբաղի ապագա կարգավիճակը դեռեւս հարցականի տակ է, Ղարաբաղյան հակամարտությունն է որոշում Հայաստանի գրեթե ամբողջ արտաքին քաղաքականությունը: Հակամարտությունն իրեն Հայաստանին է պարտադրում՝ որպես թիվ մեկ առաջնահերթություն:

Բ. Հայաստանը պետք է Ղարաբաղը համարի իր արտաքին քաղաքականության առաջին խնդիրը. այն պետք է ներթափանցի օտարերկրյա վերլուծական կենտրոններ եւ հաստատություններ, իր անկախությունը պաշտպանելու համար օգտագործի Կոսովոյի օրինակը եւ կենտրոնանա դրա վերակառուցման, վերաբնակեցման ու վերազինման վրա:

Գ. Իրականում Ղարաբաղը երբեք չի եղել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: Այն, իհարկե, հայտարարվել է որպես այդպիսին, բայց ժամանակի հետ ուշադրությունը որոշ չափով շեղվել է: Նոյեմբերի 10-ի հրադադարի հայտարարությունը չի լուծում Ղարաբաղի կարգավիճակի եւ ապագա կառավարման հարցը՝ այդպիսով այն բաց թողնելով ապագայում լուծելու համար: Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ֆրանսիան ընդգծել են Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի կարգավորմանն աջակցելու իրենց պատրաստակամությունը: Հայաստանի կառավարությունը պետք է շարունակի ամբողջ կարողությամբ աջակցել Ղարաբաղին՝ ապահովելով, որ այն մնա հայկական: Սակայն Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման հեռանկարները խիստ աղոտ են:

Դ. Ղարաբաղը չպետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը, բայց պետք է մնա օրակարգի վերեւում՝ նպատակաուղղված հակամարտության խաղաղ եւ պատվաբեր կարգավորմանը: Տեղի հայ բնակչությանը պետք է դեր հատկացվի՝ տարածքի կարգավիճակի եւ տնտեսական բարիքների արդարացի բաշխման հետագա բանակցություններում: Դա Հայաստանին հնարավորություն կտար մրցունակ տնտեսությամբ առավելագույնի հասցնելու սեփական ներուժը:

Ե. Հայաստանի եւ Ղարաբաղի ռազմավարություններում կարծես թե աճող տարաձայնություններ կան: Մինչ Հայաստանը նկատի է ունենում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցը՝ հաշվի առնելով իր իսկ անվտանգության կարիքն ու ավելի մեծ ինքնիշխանության որոնումը, Ղարաբաղն իր ապագան կապում է Ռուսաստանի հետ, եւ ռուսերենը Ղարաբաղում դարձրել է երկրորդ պաշտոնական լեզու:

Զ. Ղարաբաղը Հայաստանի առաջնահերթություն դարձնելը ռիսկային առաջարկ է, որովհետեւ Ղարաբաղին առնչվող հարցերը, որոնց վրա Հայաստանը քիչ վերահսկողություն կամ բախտորոշ դեր ունի, կարող են Հայաստանի անվտանգության հետ կապված ապագա բանակցությունների հաջողությունը կամ ձախողությունը դրանով պայմանավորել:

Կարո՞ղ է Հայաստանը հանդես գալ որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր

Այս հարցում իշխում է երկու պարզ, սակայն իրարամերժ տեսակետ.
Ա. Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է եւ (կամ) դեռեւս պետք է լինի:
Բ. Հայաստանն այլեւս չունի Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու կարողություն՝ բազմաթիվ պատճառներով. առաջին հերթին՝ Ղարաբաղից հայկական ուժերի դուրսբերման, ինչպես նաեւ վերջին պատերազմի ընթացքում Հայաստանի զինված ուժերի կրած հսկայական կորուստների պատճառով:

Միջազգային կազմակերպությունները դերակատարություն ունե՞ն Ղարաբաղի կարճաժամկետ եւ երկարաժամկետ ապագայում

Ընդհանուր առմամբ, մասնակիցները եւ ուրիշներ Ղարաբաղի կարճաժամկետ եւ երկարաժամկետ ապագայում տարածաշրջանային կամ միջազգային կազմակերպություններին մեծ դեր չեն վերագրում, բայց ընդունում են, որ կան հատուկ ոլորտներ, որտեղ դրանք կարող են օգտակար լինել: Այսպես, նրանք հույս են հայտնում, որ.

Ա. ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է կրկին ակտիվանալ որպես հակամարտության կարգավորման հարթակ:
Մասնակիցների մեծ մասը մյուս հաստատություններին վերագրում է երկրորդական կամ տարտամ դեր.
Բ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է օգնել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական կրոնական վայրերի ու պատմական օբյեկտների պահպանության գործում:

Գ. Բազմակողմ կազմակերպությունները կարող են ֆինանսական օժանդակությամբ նպաստել տարածաշրջանի տնտեսական վերաինտեգրմանը՝ վերականգնելու համար կապերը եւ վնասված ենթակառուցվածքները:

Դ. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն եւ ԵԱՀԿ-ն կարող են նպաստել կողմերի միջեւ երկխոսությանն ու քայլ առ քայլ հաշտեցմանը:

Ե. Շատերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համարում են անօգուտ: Փոքր, չճանաչված մի պետության համար, ըստ էության, ոչ մի հնարավորություն չկա, որ ՄԱԿ-ը որեւէ շոշափելի շահի սպասարկի:

Զ. ԵԱՀԿ Մինսկի խումբն ապացուցել է, որ ի վիճակի չէ բանակցային խաղաղություն հաստատելու, եւ այժմ գործնականում դուրս է մղվել Ադրբեջանի ու Ռուսաստանի կողմից: Այն կարող է օգտակար լինել, սակայն երկրորդական հարցերի համար:

Շարունակելի

«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները
ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)
ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031