Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նահատակ զինվորը իր երեք երեխաների հերոսը կդառնա

Հոկտեմբեր 18,2021 13:00

Սիսիանում ապրող թոռների եւ հարսի այցելությունը ուրախությամբ, ջերմությամբ, աշխույժով լցրեց Արմիկ (Անահիտ) տատի` Շաքեի տունը: Վատառողջ տատը ասես միանգամից ապաքինվեց, հիվանդությունը բուժվեց, եւ մի պահ բոլորին, կարծես, մոռացության տվեց այն կորստի ցավը, որն արդեն մեկ տարի սողոսկել է նրանց սիրտը, մտել նրանց տուն ու ցավեցնում է անասելիորեն… Ինձ համար ամբողջովին պարզ դարձավ, թե ինչու արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Հրահատ Կարապետյանի կինը` Հասմիկը, ցանկություն հայտնեց մեր զրույցը կայացնել ոչ թե Սիսիանում իմ հարեւանությամբ գտնվող շենքի իրենց բնակարանում, այլ գնալ Շաքե, հանդիպել Հրահատի մորը եւ միասին պատմել իրենց ամենամեծ սիրո եւ ամենամեծ ցավի մասին:

«Հրահատից հետո իմ հարազատներն ինձ մենակ չեն թողել, բայց այսօր իմ ամենաամուր հենարանը, իմ թիկունքը, իմ հուսատեղը իմ սկեսուրն է, եւ այսօր ամենաշատը մենք իրար կարիքն ունենք»,- ասաց Հասմիկը:

Հետո իրար լրացնելով, միմյանց ասածին հավանություն տալով Հրահատի մայրն ու կինը ամենաջերմ խոսքերով, ամենատաք թրթիռներով, ամենակարոտ գորովանքով են պատմում Հրահատի մասին, ներկայացնում նրա մարդկային նկարագիրը, զինվորի նվիրվածությունը: Մայրը` Արմիկն ասում է, որ շատ դժվար է պահել-մեծացրել երեք զավակներին, ամուսինը աշխատանքի մեջ (կռունկավար էր Տաթեւհէկ-ի շինվարչությունում) հաշմանդամություն է ստացել, գամվել սայլակին, եւ տան ողջ հոգսը ընկել է ավագ որդու` Հրահատի ուսերին:

Հետո երբ կյանքը դժվարացել է, ապրուստը` թանկացել, վաճառել են Սիսիանի մեկ սենյականոց բնակարանը եւ 1997-ին տուն գնել Շաքեում, որ գոնե, հող մշակեն, այգի-բանջարանոց ունենան, անասուն պահեն, որ կարողանան հոգալ ընտանիքի հոգսերը: «Հրահատը Սիսիանում է ծնվել` 1983-ին, սովորել է Սիսիանի 2-րդ դպրոցում, հետո` գիշերօթիկում, բայց 8-ից դուրս եկավ, որ աշխատի, ընտանիքը պահի: Ինչքան է շալակով փայտ կրել Շաքեի ջրվեժի մոտակայքից, որ տունը տաքացնի… Գուցե նաեւ դա էր պատճառը, որ հետո էլ էր օգնում բոլորին, իր կարտոֆիլը թողած, ուրիշինն էր քանդում, իր փայտը թողած` ուրիշինն էր կտրատում, իր գործը թողած` ուրիշինն էր անում, հետո էլ ասում էր` աստված էլ ինձ կօգնի: Հացով մարդ էր, կենսասեր, ուտող-խմող, հաղթանդամ, ֆիզիկապես` ուժեղ, նաեւ` անսահման բարի, ծուռ բան չէր սիրում, վատություն չէր սիրում, հարեւանին, կողքինին նեղություն տալ չէր սիրում: Ընկերական մեծ շրջապատ ուներ, բոլորի տեղը գիտեր: Կօգներ ճանապարհին մնացած անծանոթին, եթե չկարողանար կարգավորել նրա անսարք մեքենան, կքաշեր-կբերեր տուն, կասեր` բա հո գիշերով դրսում չեմ թողնելու: Ընտանիքին, երեխաներին, ծնողներին, հարազատներին նվիրված էր անսահման…Երբ առաջնեկը պիտի ծնվեր, հարցրեցի` անունն ի՞նչ է դնելու: Աղջիկ էր ծնվել, ասացի` իմ անունը չդնեք, չեմ սիրում իմ անունը, Հասմիկն ասաց` Անահիտ ենք դրել, էդ ժամանակ միայն բոլորն իմացան, որ իմ գրոց անունը Անահիտ է: Փոքր տղային էլ հոր անունը դրեց` Փայլակ: Սարգիսն էլ ծնվել էր Սուրբ Սարգսի օրը: Բանակից հետո մի քանի տարի աշխատեց Շաքեի քարհանքում, հետո մեկնեց Ռուսաստան:

Ամուսնանալուց հետո` 2013-ին զինվորական ծառայության մտավ Սիսիանի զորամաս: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո դուրս եկավ, ուզում էր նորից Ռուսաստան գնալ, բայց կորոնան ընկավ, ճանապարհները փակվեցին, նորից մտավ զորամաս… Ուշ ամուսնացավ, արդեն 30 տարեկան էր, ինքը դժվար էր ապրել, բայց ուզում էր իր երեխաներին ամեն ինչով ապահովել… Երբ տղային թանկարժեք հեծանիվ էր գնել, հարցրեցի` ինչի՞ է թանկանոցը առել, ասաց` ես չեմ տեսել, թող իմ երեխաները տեսնեն… Բայց ոչ ինքը իր երեխաներից բան հասկացավ, ոչ` երեխաները: Երբ Հրահատը զոհվեց, մեծը 7 տարեկան էր, միջնեկը` 6, Փայլակը` 3: Նոր պիտի ապրեր:15 օր դիրքերում էր լինում, չէր դիմանում երեխաների կարոտին: Երեխաներն էլ հենց իմանում էին հոր գալու օրը, դռան մոտ սպասում էին, վազում- փաթաթվում նրան:

Ասում էին` պապ, ինչ ես բերել, ասում էր` ի՞նչ բերեմ սարերից… Բայց գալիս էր խանութից ամեն ինչ առնում-բերում, ամեն ինչով ապահովում էր, երեխաներին ոչ մի բանից կարոտ չէր թողնում: Ոչ մի վայրկյան չեմ հաշտվում էդ մտքի հետ, աչքիս արցունքը չի պակասում, տեսիլքներ եմ տեսնում` գլխավերեւս կանգնած` ձայն է տալիս` մամ, արթնանում եմ, չկա, ողջ օրը զրուցում եմ նրա նկարի հետ, հաճախ եմ այցի գնում պանթեոն նրա շիրմին, մխիթարվում եմ, որ, նա, գոնե հողի արժանացավ, բա էն մայրերն ի՞նչ անեն, որ դեռ իրենց զավակի տեղը չգիտեն: Ուրիշ մայրեր եթե մտածում են, որ իրենց որդիները դեռ գալու են, իմ սիրտը վկայում է, որ չի գալու, եւ մենք` հարս ու սկեսուր, հիմա միայն մի խնդիր ունենք` պահել, մեծացնել իրենց նպատակին հասցնել Հրահատի զավակներին, եւ դա է ինձ ապրելու ուժ տալիս, իմաստ տալիս»,-ասում է մայրը:

«Հավատում էր ինձ, արխային էր ինձնով, գիտեր, որ իր փոխարեն էլ եմ երեխաներին պահելու, բայց, միեւնույն է, երեխաները հոր պակասը շատ են զգում»,- զրույցին միանում է Հասմիկը: «Հրահատը կենսասեր էր, ընկերասեր, հոգին կտար անգամ անարժանին: Դիրքերից իջնում էր հոգնած, բայց էլի հանգիստ չուներ, աշխատում էր, տաքսի էր վարում, հաճախ գումար չէր վերցնում, ասում էր` էդ հազար դրամով չեմ հարստանալու, ինձ էլ աստված կօգնի: Կատակում էր` Հրահատ նշանակում է հուր ու կրակ, կյանքում էլ էդպիսին էր: Բայց երբ սեպտեմբերի 3-ին դիրքերից իջավ Փայլակի ծնունդը նշելու, շատ տխուր էր, անտրամադիր, մտահոգ, իր նման չէր: Ասում էր` պատերազմ է լինելու, ինքը գնալու է Արցախ եւ ետ չի գալու: Հարցնում էի` ինչու՞ է այդպես մտածում, ասում էր` սիրտս է վկայում: Նկարվել չէր սիրում, բայց հոկտեմբերի 8-ին Շաղատի դիրքերից նկար էր ուղարկել` զենքը ձեռքին: Ձյուն էր եկել, տաք շորեր ուզեց: Էդ շորերը էդպես էլ դռան դեմը դրած մնացին:

Հոկտեմբերի 8-ի գիշերը իջել էին դիրքերից: Ասաց` տղաներին Արցախ են տանում, բայց իրեն չեն տանի, եղբորը` Հունանին կտանեն, նա էլ էր պայմանագրային, ինձ հանգստացնելու համար էր ասում: Հետո եմ իմացել, որ ընկերները ստիպել են, որ ինքը մնա դիրքում, մեկը պիտի մնար-հսկեր, ասելով, որ երեք երեխա ունի, համ էլ` տարիքով մեծն է, սակայն Հրահատը հրաժարվել է, ասել է` որտեղ ընկերներս, էնտեղ էլ` ես: Իմացել եմ անգամ, որ եղբայրը` Հունանն է պահանջել, որ մնա, ինքը կգնա, հրամանատարն է ստիպել, որ մնա, քանի որ երեխատեր է, բայց Հրահատը չի նահանջել, պնդել է իրենը, որ ընկերներին չի լքի, նրանց հետ հաց է կիսել, նրանց հետ էլ կգնա: Հակատանկային ծանր դասակում էր: Հոկտեմբերի 9-ի առավոտյան զանգահարել է Կարմիր Շուկայից, ասել, որ գիշերը ուշ են հասել, դրա համար չի զանգել: Վերջին անգամ զանգահարել է ամսի 9-ի գիշերը` ժամը 5-ի կողմերը, ասել, որ պատրաստվում են Հադրութ գնալ: Հոկտեմբերի 10-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում անօդաչուն հարվածել է նրանց մեքենային: Հոկտեմբերի 26-ին դնթ թեստը հաստատվել էր: Հոկտեմբերի 27-ին Հրահատին հուղարկավորեցինք Սիսիանի պանթեոնում: Նույն օրը հուղարկավորվել են նաեւ Նարեկ Սարգսյանը եւ Գեւորգ Բաբաջանյանը:

Դասակից փրկվել է երեք հոգի` Ջիվանը, Էրիկը, Վարդանը… Նրանց չեմ հարցրել, թե ինչ է եղել, ինչպես է եղել, ցանկացել եմ իմ մտապատկերում Հրահատին պահել-ապրեցնել այնպես, ինչպես որ ճանապարհել եմ պատերազմ… Նույն ձեւով էլ երեխաներին եմ մեծացնում: Հրահատն էնպիսի անուն է թողել, որ պիտի արժանի լինենք նրա թողած անվանը, արժանապատիվ մեծացնենք մեր երեխաներին:

Ես գիտեմ, որ նա իր երեխաներին պաշտպանելու համար է գնացել, իր ընտանիքի, իր հայրենիքի: Պատկերացնում եք` պատերազմն արդեն սկսվել էր, ինքը Շաղատի դիրքերն էր պահում, բայց զանգահարել է ինձ եւ ասել, որ մեր վարձով տանը հյուրընկալեմ Արցախից եկած մի ընտանիքի, մարդ են, տուն-տեղը կորցրել են, պիտի օգնենք: Էսպիսին էր Հրահատը…

Նրա անունը շատ է պարտավորեցնում, նրա հեղինակությունը մեծ պատասխանատվությամբ է լցնում իմ սիրտը, այնպես պիտի անեմ, որ գոհ մնա, որ երեխաները իրեն արժանի զավակներ լինեն, լավ մարդ մեծանան: Երեխաները շատ բան չեն հիշում հայրիկից: Անահիտի ամենավառ հիշողությունը Շաքեի դպրոց առաջին դասարան տանելն է, Սարգիսը հիշում է, որ հայրը իրեն «հեծավին» գնեց, իսկ Փայլակը շատ փոքր է»,-ասաց Հասմիկը եւ հավելեց, որ պահպանում են նաեւ իրենց զոհված ամուսինների ընկերների ընտանիքների հետ կապը, որ երբ իրենց երեխաները մեծանան, իմանան, թե հանուն ինչի են զոհվել իրենց հայրերը եւ հանուն ինչի պիտի շարունակեն ապրել իրենք:

Հրահատ Կարապետյանն իր երեխաների հերոսը կդառնա, երբ մեծանան, այն ժամանակ միայն կհասկանան, թե հայրը ինչ մեծ եւ անգին զոհաբերություն արեց, իրենց «զրկեց» հայր ունենալու երջանկությունից, բայց ապահովեց նրանց արժանապատիվ կյանքը, նրանց` ճակատը բաց ապրելու իրավունքը եւ հայրենիքի համար նահատակի զավակները լինելու պատասխանատվությունը:

Արևհատ ԱՄԻՐՅԱՆ

Սիսիան

«Առավոտ» օրաթերթ
16.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031