Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Խաչատրյանը` նորովի բացահայտված

Հոկտեմբեր 18,2021 12:00

Մարգարիտ Հարությունյանի «Գրառումներից»

Հրապարակվում է առաջին անգամ

Արամ Խաչատրյանի անձը, ստեղծագործական գործունեությունը եւ անմահ գործերը միշտ եղել ու այսօր էլ մնում են երաժշտագետների, երաժշտասերների ուշադրության կենտրոնում: Սակայն մեծ երաժշտի մասին մեր պատկերացումները թերի կլինին, առանց երաժշտագետ, պրոֆեսոր Մարգարիտ Հարությունյանի անձնական արխիվում պահվող «Գրառումներ» («Записки») վերտառությամբ տետրի եւ ծավալուն, գրավիչ, անտիպ հոդվածի, որտեղ հեղինակը նպատակ է հետապնդել ամբողջացնել կոմպոզիտորի կյանքից օր առ օր խնամքով հավաքված, մեկտեղված եւ խմբավորած «անհայտ» պատառիկները:

Հեղինակը բազմակողմանիորեն, տարբեր տեսանկյուններից է ներկայացնում կոմպոզիտորին՝ նրա մտքերը, մոտեցումները, իր ստեղծագործությունների կատարման նկատմամբ սեփական վերաբերմունքը եւ ստեղծագործական մտահղացումները, կատարողական չափանիշները եւ արվեստագետին հատուկ ազնվությունը։

Մարգարիտ Հարությունյանի ներկայացվող «Գրառումները» ընդգրկում են 1937-ից մինչեւ 1978 թվականները՝ Արամ Իլյիչի մահը։ Իր հիշողությունները երաժշտագետը սկսել է թղթին հանձնել 50-ականներին։ Այն ներառում է մտքեր երաժշտության, մանկավարժության, իր բալետների եւ սիմֆոնիաների, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբերի, երաժշտակատարողական էտիկետի խնդիրների ու հարցերի մասին:

Մարգարիտ Հարությունյանի դերը Խաչատրյանի գործունեության լուսաբանման խնդրում շատ ավելին է, քան հիշողություններ գրելը, ստեղծագործություններ մեկնաբանելը։ Նա ժամանակին ոչ միայն մեծ ներդրում ունեցավ Տուն թանգարանի հիմնադրման գործում, այլեւ կարողացավ պայմաններ ստեղծել խաչատրյանական մասունքները Երեւան տեղափոխելու եւ հարուստ ցուցադրություն պատրաստելու խնդրում։ Իր որդին՝ Ռուբեն Հարությունյանը պատմում է Խաչատրյանի եւ Մարգարիտա Գավրիլովնայի զրույցի մասին, որին անձամբ ներկա է եղել։ Դա մոսկովյան այցերից մեկի ժամանակ էր, երբ Խաչատրյանը դիմում է երաժշտագետին ասելով. «Լյա՛լյա, դու տեսնու՞մ ես այս ոսկյա դիրիժորական փայտիկը, այս ոսկյա մեդալները։ Ես ուզում եմ այս ամենը նվիրել Հայաստանին»։ Նրբանկատ եւ խորաթափանց երաժշտագետը ասում է. «Արա՛մ Իլյիչ, պետք չէ։ Թող ոսկին մնա տանը, Դուք մնացած իրերը տվեք»։ Դրանով նա կարողանում է հասնել հիմնական նպատակի իրականացմանը եւ օգտագործելով կոմպոզիտորի ոգեւորությունը, անձնական իրերի մեծ մասը՝ առանձնասենյակի, ննջասենյակի, ճաշասենյակի կահույքի պարագաները, դաշնամուրը, դիրիժորական ֆրակն ու փայտիկը, նամակները եւ ընտանեկան արխիվի շատ մանրուքներ տեղափոխվում են Երեւան՝ տուն թանգարան։ Նմուշների քանակը հարստացնելու նպատակով երաժշտագետը իր անձնական արխիվից նույնպես նվիրաբերում է մեծ թվով նամակներ, նկարներ եւ իրեր:

Մարգարիտ Հարությունյանի անտիպ հոդվածից ներկայացվող ծաղկաքաղը ուշագրավ մտքեր են Արամ Իլյիչ Խաչատրյանի մասին եւ եւ դրվագներ նրա կյանքից։

Մարգարիտ Հարությունյանը իր գրառումների մասին
«Ճակատագրով ինձ շնորհված էր չորս տասնամյակի ընթացքում արժանանալ Արամ Իլյիչ Խաչատրյանի ընկերությանը եւ հնարավորություն ունենալ հաղորդակցվել նրա հետ: Այդ չորս տասնամյակները եղան խաչատրյանական անկրկնելի տաղանդի փայլուն թռիչքի ժամանակները, անսովոր հագեցած երաժշտահասարակական գործունեության ժամանակաշրջան, որը բնութագրվում է ոչ երկար, սակայն դժվար տանելի, հաճախ անարդար քննադատությամբ, մանկավարժական գործունեության սկզբնավորմամբ եւ ծաղկմամբ, նրա երաժշտության լայնամասշտաբ տարածմամբ եւ համընդհանուր գնահատությամբ» (այստեղ եւ այսուհետ թարգմ. ռուսերենից- Ն.Ե.):

«Խաչատրյանի հետ յուրաքանչյուր հանդիպում ընկալվում էր որպես մեծ կարեւորություն ունեցող, երկար ժամանակ գիտակցության մեջ հաճախակի անդրադարձող իրադարձություն։ Ցավալի է, որ շփման առաջին տարիներին չէր հասունացել երաժշտի մեծության գիտակցումը, դրա հետ մեկտեղ, վերավստահելով հիշողությանս, ժամանակի ընթացքում ես կորցնում էի դիպուկ ռեպլիկներով, դիտողություններով, գնահատականներով ուղեկցվող հետաքրքիր հանդիպումների շատ մանրամասնությունների եւ դրվագների կենդանի զգացողությունը…»:

«Երաժշտությունը Խաչատրյանի համար գոյության միակ իմաստն էր՝ շրջապատող աշխարհի եւ իր հարաբերության հաշվարկի բարձրակետը։ Անմնացորդ նվիրված երաժշտությանը, ինքը իրեն անվանում էր աշխատանքի ֆանատիկ, ըստ էության ամբողջությամբ նվիրված երաժշտությանը։ Բացառիկ էր նրա կենսական էներգիան, անընդհատ լարված գործունեության մեջ լինելու ունակությունը: Հաճախ նրան ուղեկցողները արդեն հոգնածությունից անզոր էին շարժվել, իսկ կոմպոզիտորը՝ լի եռանդով, կարծես նոր էր սկսում իր հերթական աշխատանքային օրը։ Պատահական չէր, որ Ալեքսանդր Հարությունյանի բացականչությանը, թե. «Արամ Իլյիչ, Դուք Ձեզ չեք խնայում, ուժասպառ եք դարձնում» Խաչատրյանը պատասխանեց, – «Այլ կերպ ես չեմ կարող, եւ կմեռնեմ՝ ինչպես զինվորը մարտական շարքում»։

«Նրա էության կրքոտությունը, խտացված, թանձրացված գույների, երանգների պահանջարկ ունեցող կրակոտ խառնվածքը պայմանավորեցին երաժշտական եւ խոսքային լեզվի շոշափելի հստակությունը, հատուկ եւ ընդգծված տեսանելիությունը»:

Խաչատրյան – արվեստագետը եւ դիրիժորը աշխատանքային գործընթացում
«1972 թվի մարտին, ակադեմիայի դահլիճում էի (Մ.Հարությունյանը (Մ.Հ.)-Ե.Ն.), որտեղ Արամ Իլյիչը փորձում էր նվագախմբի հետ (ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կայանալիք ընդհանուր ժողովին Խաչատրյանը ներկայանում է ստեղծագործական հաշվետվությամբ – Ն.Ե.)։ Արամ Իլյիչը խոսում էր հեռուստատեսային ռեժիսոր Մարտին Ավետիսյանի, օպերատոր Լաերտ Պողոսյանի հետ համերգի ձայնագրության մասին, որը շուտով պետք է սկսվեր:

Դիմելով ռեժիսորին, Արամ Իլյիչն ասաց. «Հասկանու՞մ եք, ես ուզում եմ, որ արտացոլվի այսօրվա ողջ արարողակարգը։ Առաջին եւ վերջին անգամ եմ ես հանդես գալիս Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում հաշվետվությամբ եւ պետք է տեսագրության մեջ երեւան Ակադեմիայի շենքը, ժողովուրդը, իմ զեկուցումը, ընդմիջման ժամանակ իմ զրույցները ակադեմիկոսների հետ։ Չէ՞ որ 20 տարի անց ես չեմ լինի, կարող է մարդկանց հետաքրքիր կլինի այս ամենը տեսնել»: Այդտեղ Մարտինը ընդմիջեց Արամ Իլյիչին եւ ասաց. «Արամ Իլյիչ, քսան տարի անց Դուք ինքներդ էլ կտեսնեք այս տեսաձայնագրությունը»: Մարտինի խոսքերը հուզեցին Արամ Իլյիչին։ Նա փարվեց եւ համբուրեց ռեժիսորին»:

«1963 թվի նոյեմբերին, մոտալուտ հեղինակային համերգների առիթով, Արամ Իլյիչի հետ ես (Մ.Հ.) մեկնեցի Լենինական: Այս հետաքրքիր ուղեւորությանը մասնակցում էին եւ՛ Վիկտոր Պիկայզենը, եւ՛ Հովհաննես Չեքիջյանը ու Հայֆիլհարմոնիայի աշխատակիցները: Նրան դիմավորեցին դեռ Մարալիկի մոտ, ուր եկել էին հասարակայնության ներկայացուցիչներ, երաժիշտներ, դպրոցականներ։ Դիմավորեցին աղմկոտ եւ սրտանց։ Զուռնայի զիլ ձայնին փոխարինեց փողային նվագախումբը, երեխաները հիացմունքով պարում էին «Սուսերով պարը»։ Իսկ անձամբ Արամ Իլյիչին, չնայած իր շփոթմունքին, հանդիպման սկզբնական վայրից մինչեւ մեքենա տարան ձեռքերի վրա։ Երկարատեւ, հագեցած օրվա վերջում, հեղինակային. համերգի ժամանակ հնչեց նաեւ առաջին սիմֆոնիան։ Անտրակտի ընթացքում Խաչատրյանը իր մոտ հրավիրեց կոնցերտմայստերներին եւ ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին ձայներին, ու ասաց. «Ես գոհ չեմ, դուք հազիվ եք նվագում, ֆրազները չեք նվագում մինչեւ վերջ։ Դուք հոգնած տեսք ունեք, ինձ անչափ դուր է գալիս փոքր թմբուկ նվագողը։ Նա լայն բացած աչքերով անընդհատ նայում է ինձ։ Նա նվագելիս ժպտում է։ Հենց նվագելու գործընթացը նրան հաճույք է պատճառում։ Ձեզ հաճելի չէ, թե ես ինչ եմ ասում, բայց բացի ինձանից ոչ ոք ձեզ ճշմարտությունը չի ասի։ Իր անհաջողությունները մարդը պետք է բացատրի իր սեփական սխալներով։ Դուք տեսնում եք, որ ես ինձ ընդհանրապես չեմ խնայում։ (…) Բոլոր պայմաններում դուք պարտավոր եք նվագել նմանատիպ լավ»:
Մի անգամ հիշելով իր երիտասարդ տարիներից՝ Արամ Իլյիչը պատմում էր, որ Մոսկվայում՝ կոմունալ բնակարանում ապրելիս, ամիսը մեկ անգամ իրեն այցելել է հարեւանուհին, որպեսզի ստանա էլեկտրամատակարարման համար գումարը: Յուրաքանչյուր այցելության ժամանակ նա առանց հոգնելու ասել է. «Ի՜նչ է, դուք վաղ առավոտից սկսում եք զվարճանալ, փոխանակ աշխատեք»: (Դա ասվել է դաշնամուրի մոտ կոմպոզիցիա պարապելու հետ կապված- Մ.Հ.)» :

Խաչատրյանը Կոմիտասի եւ ժողովրդական երաժշտության մասին
«Կոմիտասը ինձ հիացնում է իր ազգային ոճի մաքրությամբ եւ ողջախոհությամբ։
Նրա երաժշտությունը հիշեցնում է մաքուր, երիտասարդ կեչի կամ դեռատի աղջնակ»։

1960 թվին Փարիզ կատարած այցելության ժամանակ հանդիպում է Մարգարիտ Բաբայանին: Այդ հանդիպման մասին պատմում է. «Իր մոտ իրական Կոմիտասի պաշտամունք է: Ամենուր իր լուսանկարներն են: Դրանցից մեկը նա նվիրեց ինձ»:

«1925-26թթ. աշխատում էի Մոսկվայի հայկական դպրոցում, եւ այնտեղ իրական առաջին անգամ գիտակցաբար հաղորդակցվեցի հայկական մշակույթի հետ»:

«Ինչի՞ց է ձեւավորվում հայ կոմպոզիտորը: Հային, որպես մարդու եւ արվեստագետի ներհատուկ գծերից»:

«Ես սիրում եւ պաշտում եմ ժողովրդական երաժշտությունը ու աշուղներին, բայց դրանով սահմանափակվել չի կարելի»:

«Միայն երաժշտապես հարուստ ժողովուրդը կարող է դիմել ոչ նեղ ազգային թեմաներին»: Այս միտքը բազմիցս ասվել է հայկական երաժշտության մեջ նեղ ազգային գրականության, սյուժեների շրջանակից դուրս ստեղծագործություններ տեսնելու ցանկության հետ կապված (գրառումը՝ Մ.Հ.):

«Ես միշտ ասում եմ ուսանողներիս». – Համարեք, որ ժողովրդական թեման դա ձերն է, արեք նրա հետ այն ամենը ինչ ուզում եք, բայց միշտ նրանով հիանալով»:

Մեջբերելով Ն. Յա. Մյասկովսկուն՝ Արամ Իլյիչը ասում է. «Երբ ուսանողը գիտի ինչ է ուզում, նրա հետ հեշտ է աշխատելը»:

Խաչատրյանը իր ստեղծագործական գործունեության մասին
«Մեկ օրվա լարված ստեղծագործական աշխատանքի (6-8 ժամ) ընթացքում, ես գրում եմ երաժշտություն, որ հնչում է ընդամենը մեկ րոպե»։
«Ինձ դժվար է գրել։ Ես չեմ ուզում անցնել այլ լեզվի, այլ անհրաժեշտ է խորանալ եւ զարգացնել սեփական երաժշտական լեզուն։ Դա դժվար է, երբեմն տանջալից դժվար»:

Տարբեր հանդիպումների ժամանակ Խաչատրյանին հաճախ են հարցրել օպերա գրելու վերաբերյալ։ Զրույցներից մեկում «Սայաթ Նովա» օպերան գրելու գաղափարի մասին նա այսպես է արտահայտվում. «Ես պետք է գրեմ օպերա ընդամենը մեկ ընդմիջումով։ Իմ օպերան պետք է լինի այնպիսին, որ իրեն բեմադրեն ոչ միայն Հայաստանում»։

«Եթե օպերայի երաժշտության մեջ շատ օգտագործեմ Սայաթ Նովայի մեղեդիներից, կասեն՝ ուր՞ է Խաչատրյանը։ Եթե լինի իմ երաժշտությունը, կասեն՝ ու՞ր է Սայաթ Նովան»։

«1970 թվի նոյեմբերին, երբ Արամ Իլյիչը Մոսկվայի Կրեմլյովյան հիվանդանոցում պառկած էր, խոսք գնաց նրա ստեղծագործությունների տարբեր մեկնաբանությունների մասին: Հարցիս (Մ.Հ.), թե, ճի՞շտ է, որ 2-րդ սիմֆոնիայի լավագույն կատարումը Ջ. Ջորջեսկուի կատարումն է եղել, Արամ Իլյիչը պատասխանեց,- «Դա այնքան էլ այդպես չէ»: Իր կարծիքով, եթե դա ինչ որ կերպ հնարավոր է, պետք է կոմպոզիտորը հանդիպի դիրիժորի հետ: Երբ Ջորջեսկուն ժամանեց Մոսկվա, արդեն մի քանի քաղաքներում նա կատարել էր 2-րդ սիմֆոնիան եւ նա ուներ իր ավարտուն մեկնաբանությունը: «Իր կատարման մեջ ինձ չէին գոհացնում տեմպերը: Տեմպերը կոմպոզիտորի համար ամենագլխավորն է: Ես սովորաբար ասում եմ դիրիժորին.- թերթենք պարտիտուրը: Նույնը ես ասել եմ Ալեքսանդր Վասիլեւիչ Գաուկին»: Մի անգամ Ալեքսանդր Հարությունյանը իր ստեղծագործության կատարման ժամանակ նույնը ասաց Գաուկին,- «Թերթենք»: Գաուկը բղավեց.- «Լսե՛ք, հիմա Դու՞ք եք Արամ Իլյիչի փոխարեն»:

Այսքանով բացահայտումները չեն ավարտվում։ Ներկայացված անչափ ուշագրավ նյութի ամբողջական տպագրումը հանրության սեփականությունը կդարձնի «անհայտ» Խաչատրյանի մասին երաժշտագետի՝ Մարգարիտ Հարությունյանի թողած ժառանգությունը:

Նվարդ ԵՂՈՅԱՆ
ԵՊԿ ԳՄ դասախոս, երաժշտագետ

«Առավոտ» օրաթերթ
16.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031