Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ օրս 570 հազար պատվաստումներից գրանցվել է անաֆիլակտիկ շոկի ընդամենը 2 դեպք

Հոկտեմբեր 18,2021 10:00

Մինչ օրս հանրապետությունում կատարված պատվաստումներից շատ քիչ դեպքեր են գրանցվել, երբ քաղաքացու մոտ գրանցվել է հետպատվաստումային լուրջ խնդիր։ Այս մասին «Առավոտի»-ի հետ զրույցում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

Արդյոք Հայաստանում, ինչպես որ զարգացած երկրներում է, գործում է համակարգ, որտեղ գրանցվում եւ ուսումնասիրվում են հետպատվաստումային բարդացման դեպքերը։ Տիկին Սահակյանի վստահեցմամբ՝ մշտադիտարկում է իրականացվում միայն լուրջ խնդիրների դեպքում։ «Մենք դա անվանում ենք հետպատվաստային անբարեհաջող դեպքեր, եւ միանշանակ, մշտադիտարկում է կատարվում, այդ մեթոդաբանությունը մշտապես գործել է։ Այսինքն՝ պատվաստումից հետո պարտադիր առաջին օղակից պարտադիր դիտարկում է նշանակվում եւ գրանցում կատարվում։ Իսկ այդ պարտադիր պայմանը սահմանված է սանիտարական նորմերով։ Այս պահի դրությամբ, հաշվի առնելով, որ մեծաքանակ պատվաստումներ են, մենք ուշադրություն ենք դարձնում լուրջ ռեակցիաներին, որովհետեւ սպասվող ռեակցիաները՝ ջերմություն, ընդհանուր վատացում, թուլություն, դող, դրանք սպասելի են, չենք գրանցում, բայց լուրջ ռեակցիաները գրանցում ենք»։

Գայանե Սահակյանի ներկայացմամբ՝ երբ գրանցվում են այդ լուրջ դեպքերը, դրանք ուսումնասիրում են հատուկ ստեղծված հանձնաժողովներն ու փորձագետները, նրանք դիտարկում են պատճառահետեւանքային կապը՝ արդյոք այդ երեւույթը կապ ուներ պատվաստման հետ կամ բուն պատվաստանյութի հետ, թե՞ դա այլ՝ ժամանակային համընկնում է։

«Այս պահի դրությամբ մենք այդպիսի լուրջ ռեակցիաներ գրանցել ենք ընդամենը 40 անձի մոտ, նրանցից շատերի մոտ հետո պարզվել է, որ քովիդը դրական է եղել։ Բոլոր պատվաստվածների մոտ, եթե լինում են առողջական խնդիրներ, անպայման քովիդի նկատմամբ հետազոտություն է կատարվում, որպեսզի կամ ժխտենք կամ հաստատենք կորոնավիրուսի առկայությունը»,-ասաց մասնագետը։ Նրա խոսքով՝ այդ 40 քաղաքացիներից շատերի մոտ առաջացած խնդիրը կապված է եղել խրոնիկ հիվանդությունների սրման հետ, պատվաստման հետ կապ չեն ունեցել։

Մինչ օրս մոտ 570 հազար պատվաստումներից գրանցվել է անաֆիլակտիկ շոկի ընդամենը 2 դեպք։ Ըստ տիկին Սահակյանի. «Բարեբախտաբար, անաֆիլակտիկ շոկի այդ ռեակցիաները կառավարվող են, եւ լուրջ առողջական խնդիրներ չեն կարող առաջացնել։ Բժշկական անձնակազմը պատրաստված է, զինված բոլոր անհրաժեշտ միջոցներով եւ դեղորայքով։ Պետք է ասեմ, որ մինչ պատվաստումները, այդ հարցի շուրջ մտածել ենք, գնահատել ենք բոլոր բուժհաստատություններում անհետաձգելի բուժօգնության համար անհրաժեշտ դեղամիջոցների հագեցվածությունը, եթե կարիք է եղել, լրացուցիչ տրամադրել ենք, բոլորին հատուկ դասընթացներով վերապատրաստել ենք։ Կան նաեւ հատուկ ուղեցույցեր՝ հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վարման համար։ Յուրաքանչյուր նման դեպքը խորապես ուսումնասիրվում է, գնահատվում է կոնսիլիումով։

Ընդ որում, այդ քաղաքացիները, որոնք անաֆիլակտիկ շոկ են ունեցել, նույնիսկ հոսպիտալացման կարիք չեն ունեցել։ Այս երեւույթը զարգանում է առաջին տասնհինգ րոպեում, իսկ պատվաստվելուց հետո քաղաքացին տասնհինգ րոպե պարտադիր պետք է լինի տվյալ բուժաշխատողի հսկողության տակ։ Անաֆիլակտիկ շոկը պատվաստանյութի առանձնահատկությունը չէ, դա գերզգայուն ռեակցիան է օրգանիզմի՝ պայմանավորված անհատի առանձնահատկություններով»։

Տիկին Սահակյանը վստահեցրեց՝ կան նաեւ կամավոր պատվաստված հղիներ, վերջին պատվաստված հղին իրեն շատ լավ է զգում, անգամ հետպատվաստումային սպասվող որեւէ ռեակցիա չի գրանցվել։

Մասնագետը վստահեցնում է՝ նորմատիվ փաստաթղթերով հետպատվաստումային անբարեհաջող բոլոր դեպքերը գրանցում ենք եւ դիտարկում երեսուն օրվա ընթացքում, նույնիսկ հաշվի չառնելով՝ պատճառահետեւանքային կապ կա՞, թե՞ ոչ, եթե անձի մոտ որեւէ լուրջ խնդիր է առաջանում, դա գրանցվում է։ Ընդ որում, նման դեպքերում, եթե կարիք է լինում հոսպիտալացման, ապա հանրապետությունում երկու բուժհիմնարկ են ուղղորդում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031