Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայտարարելով, որ ռազմավարի պուրակի որոշ ցուցանմուշներ հեռացրել են, ադրբեջանական կողմն ընդամենը պաշտպանություն է կազմակերպում»

Հոկտեմբեր 18,2021 14:00

Իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը հստակեցնում է, եթե ՄԱԿ-ի դատարանը բավարարի ՀՀ միջնորդությունը, Ադրբեջանը, պետք է կատարի ՀՀ պահանջները եւ այդ գործողությունների կատարումը հաստատող տեղեկատվություն ու ապացույցներ ներկայացնի ՄԱԿ-ի դատարան՝ պարբերական հիմունքներով:

«Հայտարարելով, որ ռազմավարի պուրակի որոշ ցուցանմուշներ հեռացրել են, ադրբեջանական կողմն ընդամենը պաշտպանություն է կազմակերպում՝ ի ցույց դնելու համար, որ այստեղ խախտում եւ նաեւ դատարանի ներգրավվածության անհրաժեշտություն չկա»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը: Նա նաեւ զբաղվում է հայ ռազմագերիների խնդիրներով ՄԻԵԴ ներկայացրած հայցերով:

Այս առիթով իրավապաշտպանը մանրամասնեց. «Նախ, որոշում չկա: Ասել, որ այս գործընթացի արդյունքում որոշում է կայացվել, որով պարտադրվել է Ադրբեջանին ռազմավարի պուրակը փակել, նման բան չկա: Այս գործընթացը շարունակական է, եւ միայն առաջիկա ամսվա ընթացքում կարելի է որոշում ակնկալել»:

Ըստ նրա՝ սա ադրբեջանական ձեռագիր է, որով փորձում են միջազգային հանրությանը մոլորեցնել, ինչպես 2016-ի ապրիլյան պատերազմից հետո էին ցույց տալիս, որ իբր այնտեղ լեզուն պահպանվում է, դեռ հայեր կան ապրող, նույնը կատարում են քրիստոնյաների մասով՝ կրոնական իրավունքների պաշտպանության առումով: Օրինակ՝ կեղծ անձանց դերեր բաշխելու միջոցով նկարահանում են եւ փորձում միջազգային հանրության համար իրականությունը խեղել: Սիրանույշ Սահակյանը զգուշացրեց՝ կարճ ժամանակ անց Ադրբեջանը կարող է ռազմավարի պուրակից հանած ցուցանմուշները վերադարձնել. «Այդ հայտարարությունը պետք է այս պահին դիտարկել որպես պաշտպանությունը կազմակերպելու տակտիկական հնարք, որը ստուգելի չէ, անհրաժեշտորեն իրականությունը չէ, եւ այդ նմուշները կարճ ժամանակ անց կարող են վերադառնալ»:

Ըստ նրա՝ շատ կարեւոր զարգացում է ՀՀ-Ադրբեջան միջազգային դատարանում գործի հարուցումը, բայց միեւնույն ժամանակ նա հորդորեց չթուլացնել զգոնությունը, քանի որ Հաագայի դատարանում կա նաեւ Ադրբեջանն՝ ընդդեմ Հայաստանի գործը: Փաստելով, որ հայերի հանդեպ ատելության ապացույցները չափազանց մեծ են, Սիրանույշ Սահակյանը նշեց՝ առնվազն իր համար հաղթանակ չի լինի, եթե հավասարության նշան դնելով՝ միջազգային դատական ատյանն ընդունի, որ ադրբեջանցիները հակահայ քաղաքականություն են վարում, իսկ հայերը՝ հակաադրբեջանական:

Հիշեցրինք՝ հակադարձելով հայկական կողմի պնդումներին, թե Ադրբեջանը պետք է հայ ռազմագերիներին վերադարձնի՝ ադրբեջանական կողմի ներկայացուցիչները պնդեցին, որ նրանք պատերազմական հանցագործներ են, Սիրանույշ Սահակյանն արձագանքեց. «Դա Ադրբեջանի միակ պաշտպանությունն է: Նա ունի ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու պարտավորություն: Միջազգային հումանիտար իրավունքը նախատեսում է ձգձգման մեկ օրինական հիմք, եթե այդ անձինք ներգավվել են պատերազմական եւ այլ միջազգային բնույթի լուրջ հանցագործությունների կատարման մեջ: Բայց կա մի հատկանշական փաստարկ. ապօրինի սահման հատելը պատերազմական հանցագործություն չէ, ոչ էլ միջազգային բնույթի հանցագործություն: Եվ միջազգային հումանիտար իրավունքը ոչ թե թույլ է տալիս ցանկացած հանցագործի համար գերեվարված անձին դատապարտելը, այլ բացառապես այնպիսի հանցագործությունների դեպքում, որոնք կապված են պատերազմի վարման կանոնների եւ մեթոդների հետ: Այս դեպքում վերագրված չէ պատերազմական հանցագործություն: Միայն պատերազմի ավարտից հետո գերեվարվելն անձին չի զրկում գերեվարված վիճակից, քանի որ եթե բախման արդյունք է, եւ անձը հայտնվել է հակառակորդի հսկողության ներքո, զենքը վայր դրած եւ կապված է կոնֆլիկտի հետ, հասկանալի է, որ նրանք միջազգայնորեն ունենում են ռազմագերու կարգավիճակ: Կան բազում այլ դեպքեր, երբ այդ իրավիճակում հայտնված անձինք համարվել են ռազմագերիներ»: Ըստ Սիրանույշ Սահակյանի՝ Ադրբեջանը վարում է կամայական քաղաքականություն: Նա պարզաբանեց. «Եթե նրանք իսկապես եղել են ոչ ռազմագերիներ, պետք է ողջամիտ բացատրություն լինի՝ ինչու 62-ից մնացել են միայն 38-ը, մնացյալը վերադարձվել են: Ընդորում, այնտեղ կա մի խումբ, որն առհասարակ դատարանի առաջ չի ներկայացվել: Ինչպե՞ս կարող է տղաները, որոնց նույն արարքներն են որակվում, նրանց հարցն ունենա տարբեր իրավական որակում: Այստեղ բացահայտում ենք քաղաքական միտումը»:

Մեր հստակեցմանը, եթե Հաագայի դատարանը մեկ-մեկուկես ամսից որոշում կայացնի եւ կիրառի միջանկյալ միջոց, դա ի՞նչ է պարտադրում Ադրբեջանին, Սիրանույշ Սահակյանը պատասխանեց. «Դա համարվում է իրավաբանորեն պարտադիր որոշում, եւ քանի որ ՄԻԵԴ-ը ռազմագերիներին ազատ արձակելու պահանջը չբավարարեց այն հիմքով, որ դա իր իրավասության տիրույթից դուրս է, ՄԱԿ-ի որոշմամբ մենք կունենանք առաջին՝ իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթը, որը պահանջելու է եւ իրավական պարտադրանք է դնելու Ադրբեջանի վրա վերադարձնել ռազմագերիներին: Մինչ այս պահն ունենք քաղաքական հայտարարություններ, որոնք ապահովված չեն հարկադրանքով, իսկ այս դեպքում իրավական պահանջները հարկադրանքով ապահովված են, եւ նաեւ այստեղ կմեծանան ՄԱԿ-ի հովանու ներքո ճնշումներն Ադրբեջանի նկատմամբ: Այն կառույցները կամ պետությունները, որոնք փորձում են զգուշավորություն դրսեւորել, կարծում եմ վստահելի ձեւով կսկսեն գործել, քանի որ արդեն կլինի ՄԱԿ-ի որոշում»:

Սիրանույշ Սահակյանը նաեւ հստակեցրեց, եթե ՄԱԿ-ի դատարանը բավարարի ՀՀ պահանջը, Ադրբեջանը, եթե խոսքը ռազմագերիների մասին է, պետք է վերադարձնի նրանց Կարմիր խաչի կամ մեկ այլ պետության հետ համագործակցաբար, փակի ռազմավարի պուրակը, պաշտպանի հայկական մշակութային ժառանգությունը, թույլատրի հայերի այցն այդ կոթողներ, ինչպես նաեւ այդ գործողությունների կատարումը հաստատող տեղեկատվություն ու ապացույցներ պետք է ներկայացնի ՄԱԿ-ի դատարան՝ պարբերական հիմունքներով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031