Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանը քվեարկեց Գյումրու Սլաբոդկա թաղամասի թիվ 1-ին դպրոցում տեղակայված թիվ 31/46։ Նա մեզ հետ զրույցում ընտրություններին մասնակցելու պասիվությունը բացատրեց հիասթափությամբ։
«Մենք քարոզարշավի ժամանակ էլ ենք նկատել, որ գյումրեցիների մոտ կա անտարբերություն և հիասթափություն ընտրությունների նկատմամբ։ Տարիների ընթացքում ընտրությունների արդյունքում բան չի փոխվել, մարդիկ հույս են կապել, բայց արդյունք չի եղել, կամ քիչ է եղել, այդ պատճառով հիասթափված են։ Մենք միշտ կոչ եք արել մասնակցել, ոչ թե քվեարկեք մեր օգտին, այլ մասնակցեք, թող ձեր որոշմամբ լինի», -ասաց թեկնածուն։
Նա նշում է, որ իրենք հաղթելու են, այդպես է ցույց տվել քարոզարշավի ընթացքում իրենց կատարած վերլուծությունները։
Կարդացեք նաև
Թիվ 31/46 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արա Նախշքարյանը ևս նշում է, որ մասնակցությունը պասիվ է, ժամը 13․00-ի սահմաններում 1664 ընտրողներից 150-ն էին մասնակցել։
«Սլաբոդկա թաղամասի ընտրատեղամասերը, որտեղ գուցե ժամանակին սկանդալներ են եղել, հիմա այդպես չէ։ Ժողովուրդը մի խոսք ունի, ասում է՝ սատանան այդքան վտանգավոր չէ, ինչքան իր անունը։ Ես ամեն դեպքում չեմ տեսել, ինքս սկանդալային մարդ չեմ, հանձնաժողովը ինչպես կարգն է, աշխատում է։ Ես դժգոհ եմ միայն մասնակցությունից։ Փառք Աստծո, այս պահի դրությամբ որևէ միջադեպ չի եղել»,-ասաց Արա Նախշքարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ