Դիլիջանում այսօր անցկացվող ՏԻՄ ընտրությունները լուսաբանելիս միջադեպ է տեղի ունեցել ընտրատեղամասերից մեկի դիմաց:
Ընտրատեղամասի շենքը նկարահանելիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ Վանուշ Փիլոյանը կոպիտ վարքագծով պահանջել է Aravot.am-ի լրագրողից դադարեցնել նկարահանումը, քանի որ ինքը չի ցանկանում հայտնվել կադրում, իսկ լրագրողը տեղեկացրել է, որ ինքը հանրային տարածքն է նկարահանում, և եթե վերջինս չի ցանկանում հայտնվել կադրում կարող է դուրս գալ տարածքից: Սակայն վստահված անձը մոտեցել է լրագրողին և պահանջել ցույց տալ իրեն, թե ինչ է նկարված:
Փիլոյանը զգուշացրել է լրագրողին, որ եթե ինքը հայտնվի կայքում ապա պատրաստվում է դատի տալ լրատվամիջոցին և շահել դատը:
Դեպքի կապակցությամբ «Քաղաքացու պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու Նելլի Ամիրյանը մեզ հետ զրույցում մեկնաբանել է, որ իրենք ճշտել են կուսակցության կողմից վստահված անձ Վանուշ Փիլոյանի պահվածքի պատճառները և պարզել, որ վերջինիս տեղյակ չի եղել, որ նկարահանում կատարողը հավատարմագրված լրագրող է:
Կարդացեք նաև
Ամիրյանը մեզ նաև փոխանցել է, որ իրենք ցավում են տեղի ունեցած միջադեպի համար, իսկ Փիլոյանը ներողություն է խնդրում լրագրողից:
Նշենք, որ այսօր Դիլիջանում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ, որին մասնակցում են 5 ուժեր՝ «Հայրենիք», «Հանրապետության», «Քաղաքացու որոշում», «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցությունները:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ