Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունն օրվա ընթացքում հանցագործությունների մասին հաղորդում է ներկայացրել երեք դեպքերով․ հայտարարություն

Հոկտեմբեր 17,2021 20:23

«Անկախ դիտորդի» հայտարարությունը` ՏԻՄ ընտրություններում 17:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. հոկտեմբերի 17-ի առավոտյան 07:00-ից սկսած դիտարկում է Ֆիոլետովո, Գորիս, Տաթև, Տեղ, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքների ավագանու ընտրությունները 46 տեղամասերում և 4 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում:

Դիտորդները սկսել են իրականացնել դիտարկումը տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտյան նիստից սկսած: Ժամը 12-ի դրությամբ արձանագրված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք տեսնել այստեղ: Ստորև ներկայացնում ենք տեղամասային և շրջիկ դիտորդների արձանագրած խախտումները ժամը 08:00-ից 17:00-ի դրությամբ:

Քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 20%-ում (9 տեղամաս), ընդհանուր՝ առնվազն 26 դեպք: Բազմաթիվ քվեաթերթիկներով քվեարկության դեպքում քվեախցիկից դուրս քվեարկելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերից 3-ում (Գյումրի), իսկ մեկ քվեաթերթիկով քվեարկության դեպքում՝ դիտարկված տեղամասերից 6-ում։

Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի 13%-ում (6 տեղամաս), ընդ որում՝ Ֆիոլետովո և Ագարակ համայնքներում այդ դեպքերը կրել են զանգվածային բնույթ, ընդհանուր առմամբ՝ 50 դեպքից ավել։ Ըստ դիտարկումների, սակայն, այս դեպքերը առավելապես չիմացության հետևանք են:

Զարմանալիորեն, վկայականը տեսանելի չկրելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերից ընդամենը մեկում:

Ուշագրավ է նաև, որ արձանագրվել է քվեարկության մասին բարձրաձայն հայտնելու կամ այլ կերպ քվեարկությունը բացահայտելու ընդամենը 2 դեպք՝ տարբեր համայնքներում, ինչը կտրուկ տարբերվում է հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված պատկերից:

Հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիներին քվեարկելու կարգը չներկայացնելու դեպքեր և ընտրողների կողմից քվեակարգի ընկալման հետ կապված խնդիրներ արձանագրվել են Գյումրիի 3 տեղամասերում:

Դիտարկված տեղամասերից 14-ում ընտրողին քվեարկել օգնող անձինք չեն եղել տվյալ տեղամասի պատահական ընտրող, ինչը ինքնին ստեղծում է քվեարկության վերահսկման վտանգ, իսկ 4 դեպքում, դիտորդների գնահատմամբ, ընտրողը չի ունեցել իրական օգնության կարիք, իսկ օգնող անձը հաշվի չի առել ընտրողի կամքը:

Ընտրողներին ոչ բոլոր քվեաթերթիկներն են տրամադրվել տեղամասերից մեկում, իսկ քվեաթերթիկներ լուսանկարելու դեպքեր չեն արձանագրվել:

Դիտարկված տեղամասերում չեն եղել տպագիր քարոզչական նյութեր, փոխարենը զանգվածային է մերձակա տարածքում տպագիր տարբեր չափսերի պաստառների փակցված մնալը:

Դիտարկված տեղամասերի 30%-ում (14 տեղամաս) գրանցվել են դեպքեր, երբ ընտրողների անունները բացակայել են ընտրողների ցուցակից, և մեկ դեպք, երբ անձը ներկայացրել է այլ անձի փաստաթղթեր:

Դիտարկված տեղամասերից երկուսում գրանցվել են դեպքեր, երբ անձը փորձել է իր վրա վերցնել հանձնաժողովի նախագահի գործառույթները:

Կուտակումներ գրանցվել են դիտարկված տեղամասերից 10-ում, որից 9-ը եղել են տեղամասային կենտրոնի շուրջ՝ 50 մ շառավղով։ Այս դեպքերից 3-ում ծառայություն իրականացնող ոստիկանների գործողությունները բավարար չեն եղել։ Բոլոր դեպքերում ոստիկանության կամ հանձնաժողովի նախագահի հորդորից հետո կուտակումները ցրվում էին և բազմակի կրկնվող բնույթ էին կրում միայն տեղամասերից 2-ի դեպքում:

Դիտարկված տեղամասերից 3-ում արձանագրվել է վիճաբանության 6 դեպք՝ վստահված անձանց և հանձնաժողովների նախագահների միջև:

Քվեաթերթիկները քվեասենյակից դուրս հանելու փորձեր եղել են դիտարկված տեղամասերից 3-ում: 2 դեպքում փորձը կասեցվել է։

Դիտարկման արդյունքում չի արձանագրվել այլ անձի փոխարեն ստորագրելու, քվեաթերթիկների խոտանման կամ ոչ բոլոր քվեաթերթիկները տրամադրելու որևէ դեպք:

Տեղամասերում տեղակայված դիտորդների կողմից ընտրողների կազմակերպված տեղափոխություն դիտարկվել է ընդամենը 2 դեպքում․ միաժամանակ, շրջիկ դիտորդների կողմից արձանագրվել են տեղափոխության ևս մի քանի դեպքեր:

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունն օրվա ընթացքում հանցագործությունների մասին հաղորդում է ներկայացրել երեք դեպքերով, այդ թվում՝ «Առուշ Առուշանյան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից չսահմանված վայրերում փակցված քարոզչական պաստառները չհեռացնելու մասին։

Դիտորդական առաքելությունը շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների, շրջիկ դիտորդական խմբերի, ինչպես նաև լրատվամիջոցների մշտադիտարկման միջոցով:

«ԱՆԿԱԽ ԴԻՏՈՐԴ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031