Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը դեռ Գյումրու քաղաքապետ չընտրված՝ պաշտոններ բաժանելու ու 50 կարիքավորներին 50 հազարական դրամ տրամադրելու մասին

Հոկտեմբեր 17,2021 19:37

ՔՊ-ի Գյումրու քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանը, որը Շիրակի մարզպետն է, քվեարկեց Գյումրու Անի թաղամասի «Ձյունիկ» մանկապարտեզում տեղակայված թիվ 31/05 ընտրատեղամասում։ Քվեարկությունից հետո լրագրողները նրանից հետաքրքվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ընտրությունների նախաշեմին սոցիալապես անապահով քաղաքացիներին 50 հազարական դրամ բաժանելը, արդյոք սա ընտրակաշառք չէ՞։

«Ես առաջարկում եմ ձեզ բոլոր նման դեպքերը տալ իրավապահ մարմիններին, թող քննեն։ Դա քաղաքացիներին տրվող սոցիալական աջակցություններ են, որոնք կապ չունեն ո՛չ ընտրությունների հետ, ո՛չ մի տեսակի գործընթացների հետ», -ասաց Հովհաննես Հարությունյանը։

Լրագրողների դիտարկմանը, եթե կոռուպցիոն ռիսկեր չի՞ պարունակում սա, ավելի շուտ չէիք կարող տալ սոցիալական աջակցությունը, Հովհաննես Հարությունյանը պատասխանեց․ «30 տարի մարդիկ ապրելու խնդիր են ունեցել, շատ մարդիկ  մեզ դիմել են, աջակցություններ են ստացել։ Թող մարդիկ մտածեն 30 տարի մարդկանց սոված չթողնեին, ապրելու միջոց տային և հիմա  նման բաներ չասեին։ Դուք խառնում եք ամեն ինչ իրար, ոնց որ ասենք թոշակ են ստացել հոկտեմբերի 1-ին, պիտի գնան, իշխող ուժին ընտրեն, ծիծաղելի է»։

Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, թե ձեր թիմակիցներն ԱԺ ընտրություններից առաջ այս նույն գործընթացի համար քրգործեր հարուցեցին, օրինակ ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ,  ո՞րն է տարբերությունը Գյումրիի և Գորիսի, Հովհաննես Հարությունյանն ասաց ․ «Բացարձակ  նման չեն, իմ ասածը շարունակական գործընթաց է, դա աշխատանքային գործընթաց է, այդ թեման բացառապես կապ չունի ընտրությունների հետ»։

Այն հարցին էլ, թե Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Ալբերտ Մարգարյանը սկսել է կադրային ջարդ Գյումրու քաղաքապետարանում  ու կան ահազանգեր, որ ՔՊ-ականներով են համալարում կադրերին, այս ամենը միտումնավո՞ր է արված ընտրությունների նախաշեմին, Հովհաննես Հարությունյանն սա անհեթեթություն որակեց։

Անհեթեթություն որակեց նաև դեռ ընտրություններին չհաղթած՝  իր կողմից պաշտոններ բաժանելու մասին խոսակցությունները։

Նա նշեց, որ համայնքապետի պաշտոնակատար նշանակելու իմաստն այն է, որ շատ բաժնի պետեր հայտնվել էին ավագանու ցուցակում ու տպավորություն կար, որ քաղաքապետարանը չէր կատարում իր բուն գործառույթը, ահազանգեր էին ստանում նաև քաղաքացիներից, որ շատ հարցերի ուշադրություն չէր դարձվում։

Այն խոսակցություններին էլ, թե հաղթելու դեպքում փոխքաղաքապետ կնշանակեն ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի  եղբորը, նա ասաց․ «Մենք գուշակությամբ չենք զբաղվում, ընտրությունների ելքը ոչ մեկ չի կարող գուշակել, ուր մնաց մի բան էլ խոսենք»։

Ճշտող հարցին՝  բացառո՞ւմ եք նրա նշանակումը, ասաց․ «Բացառել ի՞նչը, հարգելի ընկերներ, դուք ինձ առաջարկում եք բացառել մի բան, որի մասին խոսակցություններ չկան»։

Հարցին էլ՝ չէ՞ որ քաղաքապետ դառնալու դեպքում դուք ենք նշանակելու փոխքաղաքապետ, ասաց, որ ունի տեսլական՝ ում կնշանակի, սակայն այն հրապարակման ենթակա չէ։

Իսկ թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցում քարոզարշավին, գուցե վերջին դեպքերի պատճառով վարչապետի վարկանիշի անկման հետ է կապված, թեկնածուն ասաց, որ նա ոչ մի համայնքում չի մասնակցել  և չհամաձայնեց վարկանիշի անկման մասին պնդման հետ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031