«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի համակարգող Վահրամ Թոքմաջյանի խոսքով, այսօր ՏԻՄ ընտրություններում դիտարկված տեղամասերի 20 տոկոսում արձանագրվել են քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր:
Պարոն Թոքմաջյանն ու Հասմիկ Մխիթարյանն օրվա երկրորդ կեսին ներկայացրին դիտարկման արդյունքները: Հասմիկ Մխիթարյանն ասաց, որ 45 ընտրատեղամասում աշխատել են 130 դիտորդներ: Նրանք արձանագրել են, որ Լոռու մարզի Ֆիոլետովո եւ Ագարակ համայնքներում քվեախցիկում մեկից ավելի անձ է ներկա եղել:
Ըստ Վահրամ Թոքմաջյանի, այդպիսի 50-ից ավելի դեպք է եղել: Նրա խոսքով, ընտրատեղամասերից մեկում հարբած քաղաքացին քվեարկության մասին բարձրաձայն հայտնել է եւ հանձնաժողովի հետ կոնֆլիկտ է ունեցել. «Քաղաքացին հարբած է եղել եւ խոչընդոտել է հանձնաժոովի աշխատանքները, հրաժարվել է քվեաթերթիկը գցել արկղի մեջ»:
Դիտորդները նաեւ արձանագրել են, որ Տեղ գյուղում ընտրողների տասը տոկոսը քվեարկել է օգնողների օգնությամբ:
«Ընդհանրապես, Սյունիքի համայնքներում զանգվածային են դեպքերը թե՛ ուղղորդումների, թե՛ մարդկանց բերել-տանելու, թե՛ տարբեր ուժերի կողմից հնարավոր ռեսուրսների կիրառման»,-ասաց Վահրամ Թոքմաջյանը:
Կարդացեք նաև
Ըստ նրա, դիտորդներն արձանագրել են, որ տեղամասերից մեկում քվեախցիկը հենց պատուհանի մոտ է, իսկ հանձնաժողովի նախագահը հրաժարվել է պատուհանը փակել. «Այսինքն՝ բակից ով ուզի կգա՝ կնայի, թե ով ինչպես է քվեարկում: Տեղամասերի 30 տոկոսում գրանցվել են դեպքեր, երբ ընտրողների անունները բացակայել են ցուցակից: Եղել են դեպքեր, երբ անձը ներկայացրել է այլ անձի փաստաթղթեր: Երեք ընտրատեղամասում քվեաթերթիկը դուրս հանելու փորձեր են արվել, որից երկուսի փորձը կասեցվել է:
Մեղրիի Լեհվազ եւ Գորիսի Հարթաշեն գյուղերում խնդրահարույց իրավիճակ է, Դիլիջանում օրվա երկրորդ կեսին թեկնածուների իրավունքների հետ կապված իրավիճակը շտկվեց: Գյումրիում հիմնականում իրավիճակը հանգիստ է, բայց դիտորդներն արձանագրել են վարչական ռեսուրսի մասնակի կիրառում: Իսկ Սյունիքում վարչական ռեսուրսի մասով դաշինքը հաղորդում է ներկայացրել արդեն»:
Վահրամ Թոքմաջյանը նաեւ հայտնեց, որ Սյունիքում այսօր կեսօրին ընտրատեղամասից ընդամենը 20 մետր հեռավորության վրա ՔՊ-ի թեկնածուի պաստառն են փակցրել: Ասաց, որ տեղյակ է՝ կա բերման ենթարկված անձ Առուշ Առուշանյանի դաշինքից, որը ավագանու թեկնածուներից է:
Ինչ վերաբերում է ընտրատեղամասերում կուտակումներին, Վահրամ Թոքմաջյանն ասաց, որ համապետական ընտրությունների համեմատությամբ կուտակումները ըտրատարածքների մոտ մեծ թիվ չեն կազմում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ