Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուրեր են հասնում, որ ՔՊ-ի շտաբում փոխքաղաքապետի պաշտոնի համար իրար են ծեծել»․ «Թասիբով դաշինք»-ի քաղաքապետի թեկնածու

Հոկտեմբեր 17,2021 18:15

«Թասիբով դաշինք»-ի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը ընտրությանը մասնակցեց Գյումրու Անի թաղամասում գտնվող  «Ընտանիք» կենտրոնում տեղակայված թիվ 31/09 ընտրատեղամասում։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետի թեկնածուն ասաց, որ ընթացքը պասիվ է։

«Այս պահին Գյումրի համայնքի իշխանությունը գտնվում է գետնին, և ընտրողներն առաջին հերթին  պետք է գնահատեն թեկնածուի անկեղծությունը։ Բայց ժողովուրդը շատ ուշադիր նայում է, հետևում է ու  թույլ չի տա որևէ մեկը գա ու վերցնի իշխանությունը»,-ասաց նա։

Կարապետ Պողոսյանին հարցրեցինք՝ ի՞նչ ահազանգեր են ստացել՝  նշելով, որ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ասում է ՝ 30 տարի մարդկանց սոված են թողել, դրա համար էլ  50 հազար դրամ սոցիալական օգնություն է հատկացրել բնակիչներին, որը տարօրինակ չէ, Կարապետ Պողոսյանը պատասխանեց․

«Ինքը միշտ փայլում է իր «հանճարեղությամբ»։ 30 տարում եթե սոված էին, վերջին 8 ամսում դու մարզպետ էիր, փորձեիր կերակրել։ Վերջին 3 տարում էլ ձեր կուսակցությունն իշխանության էր և ընդհանրապես փորձեիք այդ սոված մարդկանց հասարակությունից հանել լավ իմաստով, կերակրեիք, որպեսզի մարդիկ սոված չմնային։ Նրա հայտարարությունն ինքնախոստովանական ցուցմունք է և խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում հստակ գործում են երկակի ստանդարտներ օրենքի առաջ։ Ես իրականում որևէ մեկի  անազատությունը չեմ ցանկանում, բայց նույն արարքի, նույն գործողության համար Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն անազատության մեջ հայտնվեց»։

«Թասիբով դաշինք»-ի թեկնածուն նշում է, որ իշխանությունն այս ընթացքում բոլոր տեսակի վարչական ռեսուրսներն օգտագործել է՝ շատ մեծ ծախսեր անելով։

«Ես մի անգամ ասել եմ, հիմա էլ կասեմ, իհարկե, ընթացքում էլ ես կոչով էի հանդես եկել, ասում էի՝ այդքան փող մի ծախսեք ձեր պաստառների վրա, եթե ձեզ չեն ճանաչում գյումրեցիները, նկարով չէ, որ պիտի ճանաչեն։ Այդ գումարը կարող էիք ուղարկել Մարտունի, որպեսզի տղաները մեկ տարի անց պատերազմից հետո  ունենային գոնե նորմալ ամրություններ»։

Լրագրողներից մեկի հարցին էլ՝ լսե՞լ եք, որ ՔՊ-ի թեկնածուն արդեն իսկ պաշտոններ է խոստացել, Կարապետ Պողոսյանն ասաց․ « Գյումրին փոքր քաղաք է, նման խոսակցություններ շատ արագ տարածվում են։ Օրինակ՝ քարոզարշավի վերջին գիշերը եղան խոսակցություններ, չգիտեմ ինչքանով են ճիշտ, ինձ հետաքրքիր չի եղել, որ հենց պաշտոնի համար իրար էին ծեծել, հետո կռիվը շարունակվել էր թիվ 25 դպրոցի մոտ։ Այսինքն՝  սա խոսում է մարդկանց  անպատասխանատվության, լուրջ չվերաբերելու մասին»։

Կարապետ Պողոսյանը նշեց, որ խոսքը Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնի մասին է։ Նրա տեղեկացմամբ, երկու հոգի են հավակնում․ մեկը ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբայրն է, մյուսը՝ մարզպետ Հովհաննես Հարությունյանի եղբայրը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031