Aravot.am-ն ահազանգ էր ստացել, որ Գյումրու Մատնիշյան փողոցում տեղակայված 31/53 ընտրատեղամասում, որը տեղակայված է Գյումրվա բաղնիքում, ավտոբուսներով բերում են Գյումրիից դուրս բնակվող մարդկանց, ուղղորդում քվեարկության։
Մենք եղանք այդ ընտրատեղամասում, դիմացը մեծ քանակությամբ մեքենաներ էին կուտակված, կային նաև երկու երիտասարդներ, որոնք կարծես ելումուտ անողներին հսկում էին։
Կարդացեք նաև
Մեր՝ այնտեղ գտնվելու պահին փորձում էին ճշտել, թե ովքեր ենք և ինչ ենք նկարահանում, իհարկե, մեզ չմոտեցան, սակայն այս մասին լսեցինք նրանց խոսակցությունից։
Ընտրատեղամասի ներսում ևս բավական ակտիվ էր։ Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ընտրական գործընթացը հանգիստ է ընթանում, ժամը 12․00-ի մոտակայքում 1445 ընտրողից 142-ն էին մասնակցել։
Մեր հարցին՝ ահազանգ ենք ստացել, որ ավտոբուսերներով ոչ գյումրեցիների են բերում այս ընտրատեղամաս՝ քվեարկության, նախագահն ասաց․ « Չի եղել նման բան»։
Դիտարկմանը, թե ընտրատեղամասին շատ մոտ մեծ թվով մեքենաներ են կանգնած, հանձնաժողովի նախագահն ասաց, որ ոստիկանները միշտ հսկում են, տարածքից հեռացնում են։
Նա վստահեցրեց, որ միջադեպեր չեն գրանցել, որևէ բողոք չեն արձանագրել։
Միակ խնդիրը եղել է այն, որ տարածքին մոտ ցուցապաստառներ են փակցված եղել, իրենք հանել են տվել։
Թե որ քաղաքական ուժի ցուցապաստառն է եղել, այս հարցի պատասխանը չստացանք։
Դրսում կանգնած ուղղորդող անձանց մասին էլ մեր զրուցակիցն ասաց․ «Ոչ մի բան մենք չգիտենք, ներսում ոչ մի բան չկա, դրսում էլ դռնից նայել եմ, ոչ մի բան չկա, իսկ շատ ավելի հեռու, դրա համար ես չեմ կարող պատասխան տալ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ