Գյումրիում ՏԻՄ ընտրություններն անցնում են արտաքուստ հանդարտ մթնոլորտում՝ քաղաքացիների պասիվ մասնակցությամբ, սակայն կան ընտրատեղամասեր, որտեղ աննկարագրելի ակտիվություն է․ ընտրական հանձնաժողովների դիմաց բավական մեծ թվով մարդկանց ու մեքենաների կուտակումներ են։
Այս առումով Գյումրու ամենաակտիվ ընտրատեղամասը Նորավան թաղամասի 18-րդ դպրոցում տեղակայված թիվ 31/77 է։
Կարդացեք նաև
Մեզ ահազանգ էր հնչել «Թասբիով դաշինք»-ի գրասենյակից առ այն, որ ընտրատեղամասի դիմաց կուտակումներ են, Արմավիրի մարզպետ ՔՊ-ական Համբարձում Մաթևոսյանի ազգականները մարդկանց վրա ճնշումներ են գործադրում․ նախքան ընտրատեղամաս մտնելն ասում են՝ եթե պիտի մտնենք ու չընտրեք 4-րդ համարին, ուրեմն մի մասնակցեք։
Ի դեպ, «Թասիբով Դաշինք»-ը ահազանգով դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Մենք գնացինք ահազանգի հետքերով, բուն ընտրատեղամասում արտառոց ոչինչ չկար, դիմացը մեծ թվով մեքենաներ էին կուտակված, իսկ մեքենաների մոտ՝ մարդկանց մեծ խումբ։
Մեզ մոտեցավ Համբարձում Մաթևոսյանի ազգականներից մեկը, որն ի դեպ, 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակիցներից էր, անուն-ազգանուն չասաց, հարցազրույց տալ չուզեց, սակայն տեսախցիկներից դուրս զրույցի բռնվեց ու ասաց․ «Մեր մայլի տղեն է, մեր մանկության ընկերը, չընտրե՞նք»։ Նա նաև նշեց, որ ընտրատեղամասի մոտ ՔՊ-ի երկու գրասենյակներ են, փողոցը նեղ է, հետևաբար և մեքենաները պիտի կայանեն փողոցում։
Մի պահ այստեղ եկան նաև Գյումրու երկու փոխքաղաքապետերը՝ Ռուբեն Սանոյանը և Հայկ Սուլթանյանը, որոնք շրջում էին ընտրատեղամասերով։
Նրանցից հետո ահազանգով այստեղ եկավ Գյումրու թիվ 31 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ կենտրոնական հանձնաժողով ահազանգ է հնչեցվել, որ մարդկանց կուտակումներ են, ուղղորդում են նրանց։
Տիգրան Ղազարյանը, սակայն, հայտարարեց, որ նման բան չեն նկատել։
«Սա բանուկ փողոց է, կարող է ինչ-որ պահին խցանման նման բան է եղել, մարդիկ տեսել են։ Մենք մտել ենք, հանձնաժողովի նախագահների հետ ենք խոսել, անդամների, վստահված անձանց, դիտորդների, ոչ մի դիտողություն չի եղել։ Մենք նույն ձևի զեկուցել ենք կենտրոնական հանձնաժողովին, որ ամեն ինչ նորմալ է։ Ես չգիտեմ, թե էդ տվյալները որտեղից»,- ասաց Տիգրան Ղազարյանը։
Մեր դիտարկմանը, թե կուտակումներ կան, որը բոլորս տեսնում ենք, հանձնաժողովի նախագահն ասաց․ «Տեսեք, այս երկու տեղամասը գտնվում են առանձնատների մոտ, ասենք մարդ է, հիմա իր տանը դեմը իր մեքենան կայանել է, մենք ոչ մի իրավունք չունենք էդ մարդուն էդտեղից հանենք, ո՞նց գնամ ասեմ ՝մեքենան տանդ դեմից հանի»,- պարզաբանեց Տիգրան Ղազարյանը։
Նա ասաց, որ բողոք չեն ստացել, մի տեղ շրջայց են կատարել, տեսել, որ մեքենաներ են հավաքված, պարզվել է հավատացյալների՝ 50-ականների հավաքատեղի է այդտեղ, իրենց անձական մեքենաներով եկել են աղոթքի։
Տիգրան Ղազարյանը նշում է, որ նման անիրական զանգերով ավելորդ լարվածություն են ստեղծում։
Թիվ 31/77 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սուսաննա Սարուխանյանն էլ ասաց, որ ժամը 14․00-ի մոտակայքում 1371 ընտրողներից մասնակցել են ընդամենը 187-ը։
Նա նշեց, որ խախտումներ չեն արձանագրել, բողոքներ չկան։
«Դրսի մեքենաների կամ մարդկանց թիվը բացարձակ չի խանգարում մեր ընտրության կարգուկանոնին, ես չգիտեմ դրսում ինչքան մարդ կա», ասաց Սուսաննա Սարուխանյանը։
Մեր զրուցակիցը Արմավիրի մարզպետի ազգուտակի մասնակցության մասին նշեց, որ ուղղորդման որևէ դեպք չի նկատել, իսկ Արմավիր մարզպետի ազգականներին չի ճանաչում։
Նշենք, որ ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել են ընտրողների 3,92 տոկոս։ Այս մասին մեզ տեղեկացրեց թիվ 31 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը։
Նա նաև ասաց, որ Գյումրիում կա 109 հազար 453 ընտրող։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ