«Բավականին հետաքրքիր պատկեր է Տեղ համայնքում, որտեղ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները Ընտրական օրենսգրքի խախտումներ են թույլ տվել, մասնավորապես՝ ընտրատեղամասում միաժամանակ գտնվել է 3 վստահված անձ, այնինչ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ամեն կուսակցությունը կարող է մեկական վստահված անձ ունենալ»,-այսօր այս մասին Գորիսում տեղի ունեցած ասուլիսում ասաց «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Նա նաեւ հայտնեց, որ իրենց դիտորդները նկատել են ընտրողներին տանել-բերելու պրոցես. «Այսինքն՝ ոչ թե մեկը իր հարեւան տատիկին տանում է, որ նրա կյանքը հեշտացնի, այլ՝ ակնհայտ ծառայություն է մատուցվում: Ընդ որում այդ գործընթացում ներգրաված են առանց հաշվառման համարանիշերի մեքենաներ»:
Ըստ Դանիել Իոաննիսյանի, դրանք հին «08»-եր չէին, այլ նոր մեքենաներ, որոնք ակնհայտորեն ունեին պետհամարանիշեր, ուղղակի հիմա առանց համարանիշների են ընտրողներին տանում-բերում. «Մեր հորդորով ճանապարհային ոստիկանության լրացուցիչ ուժեր բերվեցին, եւ այդ խնդիրները մի փոքր պակասեցին: Բոլոր այդ մեքենաների վրա քաղաքացիական պայմանագրի թեկնածուի պաստառներն էին»:
Նա նաեւ ասաց, որ Տեղ համայնքում թեկնածուների պաստառները փակցված են եղել Հայփոստի շենքի վրա, ինչն օրենքի խախտում է:
Հիշեցնենք, որ այսօր հանրապետության մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ