Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսում Առուշ Առուշանյանի եւ ՔՊ-ի թեկնածուի նախընտրական պաստառները փակցված են օրենքի խախտումով. «Անկախ դիտորդ»

Հոկտեմբեր 17,2021 14:46

Սյունիքի մարզի Գորիս եւ Տեղ համայնքներում, որտեղ այսօր տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ, թեկնածուների պաստառները փակցված են օրենքի խախտումներով: Այսօր այս մասին Գորիս համայնքում հայտարարեց «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը: Խոսքը, մասնավորապես, Առուշ Առուշանյանի դաշինքի եւ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուների պաստառների մասին է:

Ընտրություններն այս մարզի 4 համայնքերում են՝ Մեղրիում, Տեղ համայնքում, Տաթեւում ու Գորիսում:

Ըստ Դանիել Իոաննիսյանի, այս պահի դրությամբ Մեղրիում նորմալ է ընթանում, Տաթեւ համայնքում էլ ընդհանուր առմամբ նորմալ է, բայց դիտորդները Շինուհայրում որոշակի խնդիրներ են արձանագրել. «Առավոտյան տեղամասային հանձնաժողովի անհատական կնիքները չեն եղել եւ դրա պատճառով քվեարկությունը ուշացումով է սկսվել՝ մինչեւ որ կնքիները գտել են: Շինուհայրում դիտվում է հանձնաժողովի կողմից բավականին ցածր տիրապետում իրենց գործառույթներին: Շինուհայրում խնդիրներ են եղել նաեւ քվեատուփի կապարակնիքների հետ կապված: Շինուհայրը նաեւ շատ կարեւոր է այն առումով, որ Տաթեւ համայնքի ամենամեծ բնակավայրն է»:

Պարոն Իոաննիսյանը նաեւ ասաց, որ ահազանգեր են ստացել Գորիսում կեղծ դիտորդների առնչությամբ, բայց այդ տեղեկությունները դեռ ստուգվում են. «Գորիսում դիտվում են տարբեր տեղամասերի մոտ կուտակումներ, առավոտյան կուտակումները հենց մուտքի մոտ էին: Բայց հետո ոստիկանությունը տեղամասերի շրջակայքերում օրինականությունը վերականգնեց եւ այդ կուտակումները հեռացան 50-100 մետր տեղամասից հեռու: Եթե դա դպրոց էր, կուտակումները հեռացան դարպասից այն կողմ»:

Դանիել Իոաննիսյանի խոսքով, Գորիսում եւ Տեղ համայնքում դիտորդները ծանոթացել են տարածքային ընտրական հանձնաժողովի նյութերին, համաձայն որոնց հանձնաժողովը դիմել է Տեղի եւ Գորիսի համայնքապետերին՝ օրենքի խախտումով փակցված պաստառները հանելու, սակայն երկու համայնքապետերն էլ պատշաճ չեն իրականացրել իրենց գործառույթները. «Գորիսի համայնքապետարանը պատասպխանել է, որ անում են, բայց, ըստ, էության, ոչինչ չի փոխվել: Մի քանի մետրը մի քանի մետրի վրա պաստառները փակցված են բազմաբնակարան շենքի պատին կենտրոնական հրապարակում, քաղաքապետարանի դիմաց, դա օրենքի խախտում է եւ դա արվել է համատիրության թողտվությամբ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031