Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը միջնորդությունը մերժել է` թույլ չտալով Սեյրան Օհանյանին մասնակցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովին․ փաստաբան

Հոկտեմբեր 17,2021 10:49

Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՔԾ քննիչ Բ. Չիլինգարյանի վարույթում է գտնվում այսպես ասած ՁորաՀԷԿ-ի գործը, որով պարոն Սեյրան Օհանյանը մեղադրյալ է և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն: Այդ գործով քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը մոտ մեկ տարի առաջ լրացել է, այսինքն այդ գործով ինչ էլ հաստատվի, պարոն Օհանյանը քրեական պատասխանատվության չի կարող ենթարկվել:

Ավելին, մոտ 10 ամիս առաջ քննիչ Չիլինգարյանը պարոն Օհանյանին առաջարկել է համաձայնության դեպքում վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնել:

Բնականաբար, պարոն Օհանյանը հրաժարվեց, քանի որ անմեղ է և պետք է արդարացվի:

Դրանից հետո պարոն Օհանյանը ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ամենամեծ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարն է, ինչպես նաև հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) անդամ: Հոկտեմբերի 18-19-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունենալու ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստը, որին պետք է մասնակցի նաև պարոն Օհանյանը:

Այդ կապակցությամբ քննիչ Բ. Չիլինգարյանին միջնորդություն եմ ներկայացրել ժամանակավորապես վերացնել սահմանահատման արգելքը, ներկայացնելով նաև Ազգային ժողովի նախագահի կողմից տրված տեղեկանքը` Վեհաժողովի ու պարոն Օհանյանի մասնակցության անհրաժեշտության մասին: Ընդ որում, նշել եմ, որ Վեհաժողովին պարոն Օհանյանի մասնակցությունը բխում է Հայաստանի պետական շահից:

Քննիչ Չիլինգարյանը, միջնորդությունը մերժել է, ըստ էության ընդգծելով այն միտքը, որ ճիշտ է քրեական պատասխանատվության ժամկետներն անցել են և պարոն Օհանյանը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, սակայն ինքը կանխատեսում է, որ Վեհաժողովին մասնակցելու համար Հայաստանից մեկնելուց հետո պարոն Օհանյանը չի վերադառնա և կթաքնվի այն գործով քննությունից, որով չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել: Իսկ թե ինչու է քննիչը նման բան կանխատեսում, իր` իմ գնահատմամբ անհեթեթության գլուխգործոց որոշման մեջ նշված չէ:

Պատկերացնու՞մ եք, խոսքը գնում է այն մարդու մասին, ով Արցախի հերոս է, գեներալ-գնդապետ, Արցախի ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախյան ազատամարտում ոտքն է կորցրել, Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմին ակտիվ մասնակցություն է ունեցել, գործող քաղաքական իշխանությանն ընդդիմադիր խորհրդարանական ամենամեծ` «Հայաստան» խմբակցության ղեկավարն է:
Իմ համար ամեն ինչ պարզ է. ՀՔԾ-ում հասկանում են, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանին լավագույնս կարող է ներկայացնել ռազմաքաղաքական գործիչ պարոն Սեյրան Օհանյանը, ինչն էլ թույլ չտալու համար քննիչ Չիլինգարյանը միջնորդությունը մերժելով արգելեց Ազգային ժողովի պատգամավորին` Վեհաժողովին մասնակցելով իրականացնել իր պատգամավորական լիազորությունները:
Դա ձեռնտու է Ադրբեջանին:
Ամոթ:
Հ.Գ.
Չեմ բացառում, որ քննիչ Չիլինգարյանը ոչ թե Ադրբեջանի շահերը սպասարկելու նպատակով արգելեց պարոն Օհանյանին մասնակցել ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստին, այլ իր անձնական շահերից ելնելով, որպեսզի անձի, պատգամավորի կյանքը դժվարացնող նման սահմանափակումների ու ճնշումների միջոցով պարոն Օհանյանից կորզի համաձայնություն` անհիմն ու շինծու քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցնելու համար:
Ամեն դեպքում` ամոթ:
Հ.Գ.Գ.
Քննիչի մերժման որոշումը ստացել եմ երեկ: Երեկ էլ այն բողոքարկել եմ դատախազին: Դեռ կարճ, բայց ժամանակ կա ամոթալի ապօրինությունը դադարեցնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031