Լրահոս
Օրվա լրահոսը

Արխիվից․ «Էն կյանքը մի քիչ էլ պատիժ էր»․ Վանո Սիրադեղյան

Հոկտեմբեր 16,2021 23:58

Քիչ առաջ հայտնի դարձավ գրող, հրապարակախոս, պետական, ազգային, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան լուրը։ Վանո Սիրադեղյանի հետ հարցազրույցի այս հատվածը յուրօրինակ մի վերհուշ է, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը ստորև․

Վանո Սիրադեղյանի հետ հարցազրույցն արվել է 1994 թվականին, երբ Հայոց խորհրդարանում դարձյալ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի հարցն էր, իսկ հարթակում դարձյալ նույն Աշոտ Մանուչարյանն էր։ Նրա ծննդյան նախօրեին ընթերցողին ներկայացնելով մի հատված, վստահ եմ, որ ինձ նախատելու են հատկապես նրանք, ովքեր օգտվել են նրա իշխանական բարեմասնություններից, քծնել ու ձոներգեր շռայլել ամենաշատը…

«Համ էլ կյանքը մեր ուզածով չեղավ։ Ուզում էինք գանք, բայց չէր ստացվում։ Ուզում էինք գանք լիքն ու բարով, որ անհոգ մնաք, ջահել մնաք։ Ուշացումով եկանք, որ լավ գանք, չեկանք, որ լավ գանք… Մեկ էլ տեսանք, որ ապրում ենք առանց ծնողի… է, ապրվում է, ապրում ենք, էլի, կյանք է, հո որբանոց չի…»։

– Ի՞նչ եք կարծում, ստացվե՞ց Ձեր կյանքը…

– Կարծում եմ, որ իմ կյանքը ստացվեց։ Այնուամենայնիվ, ես մի անգամ էլ եմ ասել։ Էն հունով, որ գնում էր մինչեւ ՇԱՐԺՈՒՄԸ, բնականաբար, համարել եմ գրական զբաղմունք, պարզապես դժգոհ չեմ։ Ես մի սկզբունք եմ ունեցել կյանքում. ե՛ւ մերձավորներից, ե՛ւ իմ ընկերներից պահանջում էի, որ քչով բավարարվելը, քիչ սիրելը, քիչ նյութական ունենալը, համենայնդեպս, միակ երաշխիքն էր, որ կյանքդ լարված չլիներ, շրջապատդ հիվանդագին չընդունեիր, ներդաշնակությունը պաշտպանվեր, մի խոսքով, դա էր երաշխիքը։ Եվ այդ սկզբունքն ինձ համար աշխատում էր մինչեւ այն ժամանակ, երբ ապստամբական շարժումը եղավ, ազգային շարժումը, կյանքն ավելի արագ ընթացքով գնաց, մի տասնյակ անգամ արագ ընթացքով գնաց, մի տասնյակ անգամ կյանքիս հունը լրիվ փոխվեց, իսկ սկզբունքը չփոխվեց։ Թերեւս, միակ զարմանալի բանն այն էր, որ այդ ընթացքին դիմացավ իմ հանգիստ բնույթը։ Ես դարձյալ այս բեկումից հետո եղած կյանքս համարում եմ ստացված։ Ամբողջ այդ հանդարտ ընթացքը, երբ թվում էր կյանքս անցել էր եւ պիտի գնար դեպի մայրամուտ ու պիտի հանդարտ մնար, կարծում եմ ավելի բուռն ստացվեց։

Լավ վերջաբան… «Նա ուշացած էր այս աշխարհ եկել կամ ժամանակից շուտ էր եկել։ Այսինքն, մարդու այն տեսակն էր, ում խփում են ամեն կարգի ժամանակները, հերոսականը՝ ավելի եռանդով, ոչ հերոսականը՝ ճղճիմությամբ, պատերազմականը՝ դաժանությամբ, ետպատերազմյանը՝ անտարբերությամբ, եւ նրանց համար ժամանակների լավն ու վատը չափվում է ցավի մեղմությամբ, ցավի ուժգնությամբ»։

– Երբեւէ կմտածեի՞ք, որ կհայտնվեք իրադարձությունների կիզակետում, մանավանդ որ, ասում են, մարդամոտ լինելով՝ մարդախույս էլ եք եղել…

– Ես բացարձակապես մարդամոտ չեմ եղել։ Իմ մարդամոտությունը, եթե կար, ըստ երեւույթին, նրանից էր, որ բազմանդամ ընտանիքում եմ ծնվել, որն իմ մարդախույզ բնույթին ավելացրել է մի քիչ ջերմություն։ Զարմանալին նաեւ այն էր, որ ես տասնյակ հազարավոր մարդկանց հետ եմ շփվում այսօր եւ, որ կարողանում եմ դիմանալ՝ մեծ նյարդային էներգիա կորցնելով։ Կարծում եմ մարդամոտությունը եւ մարդախուսությունը կենսաբանական հատկություն է կամ էլ ֆիզիոլոգիական ձեռքբերում։ Ֆիզիկապես ես չեմ կարողացել դիմանալ բազմաքանակ մարդկանց ներկայությանը, բնականաբար, իմ այդ հոգեկան հատկությունները արտահայտվում էին նյարդերով, եթե փոխհարաբերվում էի։ Ուրեմն, ինչ-որ ցնցող բան էր տեղի ունեցել։ Այնքան նշանակալի էր այդ բեկումը, ցնցումը ինձնից դուրս, որ այն ճեղքեց իմ՝ էգոիստական կամ ստեղծագործող մարդու ինքնապաշտպանական կեղեւը…

– 88-ից հետո ի՞նչը փոխվեց՝ 94-ի Վանո Սիրադեղյանի մոտ…

– Այն, որ կարողանում եմ շատ մարդկանց հետ շփվել, բայց ոչ միայն գիտակցաբար, այլեւ, փաստորեն, եթե համարենք, որ ինքնամփոփությունը կամ մարդախուսությունը ստեղծագործ մարդու ինքն իր մեջ եփվող, ինքն իրեն կոպիտ առնչություններից հեռու պահող կեղեւն էր, զրահը։ Այսօր ես ապրում եմ նորմալ մարդու նման։

«Չենք ստեղծագործում, եզի նման ջլատվում ենք, ուզում ենք տեսնենք՝ պարտադի՞ր է, որ մարդ գրելիս սուտը ասի, իմանանք, տեսնենք՝ դա գրելո՞ւց է, ապուշությունի՞ց, դժվա՞ր կյանքից, թե՞ հեշտ կյանքից, սովորական գրչակ լինելո՞ւց, թե՞ տոհմական տականք ծնվելուց…»։

– Ո՞ր կերպարն է Ձեզ սրտամոտ։

– Դա ստեղծագործող մարդու, բաց նյարդերով ապրող մարդու տեսակի մասին էր։ Բայց հիմա ես էլ ստեղծագործող տեսակը չեմ եւ ասացի, ինչն է փոխվել։ Հիմա ես պետական այր եմ, նորմալ մարդ, որն ապրում է, ինչպես ամեն մի Աստծու ստեղծած արարած, բանական տիպ, առօրյա հոգսերով, ուրախություններով, որը կյանքից մի ուրիշ կյանք չի ստեղծում, եւ մտքով էլ չի անցնում։ Էն կյանքը մի քիչ էլ պատիժ էր, որովհետեւ ամեն րոպեն գրող մարդու համար, ինձ համար, կենցաղում, կյանքում, իմ ամեն դրսեւորումը, իմ շրջապատի ինքնադրսեւորումը, ամեն ինչ անցնում էր էն պրիզմայի միջով, որով փորձվում էր կյանքը դարձնել գրականություն։ Դա տանջալի զբաղմունք էր, որից չէի կարողանում դուրս գալ։ Չնայած ինձ դուր էր գալիս գրելը։ Բայց էն կյանքը մի քիչ արհեստական էր, որովհետեւ վերջին հաշվով քո քայլերը գուցե թե անում էիր լավ գրականության տեսակետից, թե ո՞նց կլիներ, ավելի սիրու՞ն, կամ ավելի դրամատի՞կ, մի խոսքով, դիտում էի տողն իբրեւ գրականության տառապանյութ։ Բայց դա կյանք չի, էլի։ Ես ինձ հիմա լավ եմ զգում եւ գոնե չեմ մտածում, թե իմ էս քայլը, առնչությունը, էս զրույցը գրականությո՞ւն է, թե՞ գրականություն չէ, էս պատկերը, էս դիալոգը լա՞վ է, թե՞ չէ, ստացվե՞ց, թե՞ ոչ, չեմ մտածում։ Ես վերադարձա մանկության պարզ գոյությանս, իմ նախնական վիճակին, երբ մարդ ծնվում է ապրելու համար, եւ ոչ թե նրա համար, թե լավ է, վատ է, խելացի է, թե չէ, սիրուն է, թե չէ, գրական է, թե չէ…

«Ահա այդպիսի երանելի ժամանակ եմ երազում, որ գյուղնախարարը սոսկ գյուղնախարար լինի, գործարանի տնօրենը՝ միայն տնօրեն, ՆԳ նախարարը՝ լոկ ՆԳ նախարար, բարեգործը՝ բարեգործ ու էլի…»։

– Մեր այս զրույցից պարզ է, որ հիմա չեք գրում եւ չե՞ք էլ մտածում գրելու մասին։

– Չունեմ այդպիսի ցանկություն, այն հաղթահարելու միտք էլ չունեմ։ Պատկերացնելն, իհարկե, դժվար է։ Դա այն չէ, թե բացարձակապես ժամանակ չկա (ժամանակ կարելի է գտնել. կես ժամ, մի ժամ), հարցն այն է, որ ես ուրիշ մարդ եմ դարձել այդ իմաստով։ Չկա էդ պրիզման, որի մասին խոսում էի, որ օրվա մի մասը, մի պատկերը անցնի-գնա գրականության համար, տեղավորվի գրականության շրջանակի մեջ, միտքն աշխատում է ոչ գեղագիտական կատեգորիաներով։ Էսքան հարց կա, աշխատանք, պրոբլեմ, ինչ-որ բան պիտի անեմ, ինչ-որ մարդկանց պիտի հանդիպեմ, այնուամենայնիվ, մտքի ռեժիմն է փոխվել։

«Ինչի՜ վրա ենք մեր կյանքը մսխում, ողորմած Աստված, դատարկության ընդերքում պատեպատ դիպավ հեծեծանքը… Մեր արեւին՝ թերթ ենք տպում, մեր արեւին՝ ընթերցող ունենք… Ընկերների աչքից ենք ընկնում, կանանց աչքին դառնում ենք ծիծաղելի, աչք ենք կուրացնում ամեն բառի, տառի վրա, վրիպելու վախից դառնում ենք հոգեկան հիվանդ, բայց միեւնույն է, կախված ենք մի հատիկ տառից… Տառը ի՜նչ դառավ, որ դրա վրա դողում ենք անտեր շան նման…»։

– Դուք եղել եք լրագրող … Հավատո՞ւմ եք լրագրողներին, երբեմն ասում եք. «դեղին, գորշ, բուլվարային»։

– Հա, մամուլն ավելի դեղի՜ն, գո՜րշ։ Սա մամուլի բնորոշումներն է, բայց ի՞նչ է փոխվել լրագրողների մեջ։ Լրագրողները դարձել են անհամեմատ տաղանդավոր, պրոֆեսիոնալ, մտքի ազատությունը, մարդու մտային-գրական կարողությունները մեծացել են մի տասնյակ անգամ։ Սիրեմ, թե չսիրեմ մամուլի որոշ տեսակ, ժուռնալիստների դառնություններն ու ստորությունները, նախանձը, բայց ամենամեծ առավելությունն այն է, որ ձեռքի ազատություն կա։ Իմ փորձով ասեմ, որ ես էն սարսափելի տարիներին գիտեի, ինչ է անազատությունը, ձեռքի, ոչ թե որ մտածում էինք (արդեն չէինք էլ մտածում)՝ կարելի՞ է, չի կարելի, ուղղակի ձեռքդ-միտքդ չէր աշխատում, ձեռքդ չի գնում, շատ տրաֆարետներ կային, որ այդպես գրեիր, շտամպ էր, մտքումդ կար, ամեն տեղ կար, ոչ մի տարբերակ չկար գրելու։ Մամուլում էլ, գրականության մեջ էլ։ Պիտի վիթխարի ցանկություն ունենայիր, որ շտամպից դուրս գայիր, մի քիչ գրականության մեջ լինեիր։ Հիմա մամուլի ձեռքի ազատությունը վաղը-մյուս օրը գրականության մակարդակ է տալու մեզ, եւ տաղանդը շատ է շատացել լրագրողության մեջ, որը չի կարող գրական տաղանդ չդառնալ։ Հաստատ դառնալու է։ Ուժեղ գրականություն է սպասվում մի տասը տարի հետո։ Տրաֆարետից փախչելու մի ձեւ կա. տողի վրա մանրաքանդակներ անել, ասեղնագործել, բայց դա գրականություն չէ, դա ինքնասպանություն է… Շունչը բացվել է, ձեռքը բացվել է, կարեւոր չէ, որ գրչի մարդը հոդվածներ է գրում այսօր, լայն, ազատ, հանդուգն եւ մտավոր ոլորտներում է թափ առնում…

«Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետեւ ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաեւ համրությամբ՝ ամեն օր ու ամեն ժամ, բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե՝ առանձնությունդ։ Իրենք՝ նախիրով, իրենք ոհմակով լինելով՝ էլի անապահով են, դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես»։

– Իսկապե՞ս դու ինքդ քեզ այդքան հերիք ես…

– Դա շատ դիպուկ է գրվել ժամանակին եւ իմ մասին է։ Որովհետեւ… ինձ չէին կարող չընդունել, չհարգել, հաշվի չառնել, բայց չէին սիրում։ Արդյոք լինո՞ւմ է մարդ, որ էդպես կեցվածք է ընդունում, հաջող է գրականության մեջ։ Կարծում եմ՝ չէ, մեկը մյուսի հետ կապված է։ Ինքնաբավության տերմին կա. մարդն ինքն իր ներսում հերիքում է, դա ինքնասիրահարվածությունը չէ։ Ես ոչ մի կապ չունեի, ոչ մեկին պարտք չէի էն ժամանակ, ոչ էլ ինձ ինչ-որ բան էին տվել, ոչ անցյալս էր պարտադրված, ոչ մի գործ չէի ունեցել «օրգանների» հետ, մի խոսքով, շատ ազատ էի ինձ համարում եւ, որ գրական ղեկավարներս ոչ ինձ տուն էին տվել, ո՛չ ավտոմեքենա (ես չէի էլ ուզում էդ կապվածությունը ունենալ)։ Ես ինձ ազատ էի պահել։ Այդպիսի մարդու կեցվածքը միշտ էլ ջղայնացնող էր։ Բացառիկ դեպքերում է, որ անհատը ինքն իրեն հերիքում է, բայց դժգոհելու չի, եւ ես հասկանում էի, որ թույլերը հավաքվում էին։ Միշտ գտել եմ, որ կուսակցություն ստեղծելը թույլ, միջակ մարդու բան է, մտնում են, որպեսզի սոցիալապես իրենց ապահովեն թեւ ու թիկունքով, մի կերպ յոլա գնան ու դուրս գան։ Դա մարդկանց, միլիոնների համար է։ Իմ գոյակերպը այնօրինակ չէր, բնականաբար, երբ եկա այս գոյաձեւը, երբ մարդն ինքն է լինում՝ դիմադրության հանդիպեցի։ Ինչի՞ էին նախանձում… Կեցվածքս էր զայրացնում, թե, օրինակ, իրեն ինչի՞ տեղ է դրել (էլի էդ կյանքից է նախադասությունը), որ ո՛չ միանում է, ո՛չ մեզ հետ է, բնականաբար, երբ մարդ մենակ է ապրում, հաշվի չի նստում խմբերի հետ, ինչը, բնականաբար, հեգնանքով ու բարձր պիտի զգա էն կատեգորիայից, որն առանց թայֆի, կուսակցության ապրում է։

– Եվ Դուք դարձաք… կուսակցության անդա՞մ։

– Հարցն այն է, որ ես կուսակցության անդամ չեմ։ ՀՀՇ-ն կուսակցություն չեմ համարել։ Իմ դուրս գալուց հետո, այն հիմա դառնում է կուսակցություն։ Հսկա շարժում էր, որը կազմակերպական ձեւ ստացավ։ 1-ին համագումարին ամբողջ Երեւանն էր ուզում մասնակցել։ Երբ շարժումը տանում ես դահլիճ, ահռելի բաներ դուրս են մնում։ Եվ ամենամեծ ջարդվածությունը սկսվեց այդտեղից։ Մենք ձեւը չգտանք եւ, երբ վերջիվերջո, դահլիճ մտավ՝ միանգամից 100, 1000 անգամ կրճատվեց։ Ի՞նչ ստացվեց. մեծ ջարդ։ Շարժման ղեկավարներից, կազմակերպության անունը դրինք, բայց ես կուսակցական չէի։ Իմ տեսակի տեղը չէր կուսակցությունը։

– Երբեւէ կսպասեի՞ք, որ Ձեր ընկերները, մասնավորապես, «Ղարաբաղ» կոմիտեն կհայտնվի բարիկադների հակառակ դիրքերում։ Ի՞նչ պատահեց, ինչո՞վ եք բացատրում նրանց նման շրջադարձը։

– Երբեք չէի սպասի։ Համենայնդեպս էն ժամանակ էլ։ Ուրիշ ոչ մի բացատրություն չունեմ։ Մարդկայնորեն ինձ համար անըմբռնելի բան է կատարվում։ Ես դրան քաղաքական բացատրություն էլ չեմ տալիս, հրաժարվում եմ։

– Հանցագործ աշխարհն ունի՞ ընդհանրություններ մերօրյա աշխարհի հետ։ Փոխվե՞լ են Ձեր աշխարհընկալումներն այս կապակցությամբ։

– Հանցավոր աշխարհը կոմունիստների հնարածն էր, որը պիտի վերանա։ Հանցավոր աշխարհն անմահ է։ Այլ բան է, թե հանցավոր աշխարհը ինչքանո՞վ է թելադրում իր կամքը թե՛ պետությանը, թե՛ ժողովրդին։

– Ըստ Ձեր տեղակալ Հայկ Հարությունյանի նախկին ԳԽ-ում ունեցած ՆԳ հաղորդման, «50 օրենքով գողեր» են ձերբակալված։ Ովքե՞ր են դրանք։ Նրա՞նք, որոնց շուրջ, չեմ թաքցնում, ժողովրդական համակրանքն ու բանահյուսական սերը՝ անթաքույց է (Ըստ Ռուսաստանի՝ 94 թ. ապրիլի 1-ի ՆԳՆ գլխավոր վարչության տվյալների՝ դրանք 740-ն են, 33,1%-ը՝ ռուսներ, 31,6%-ը՝ վրացիներ, 8,2-ը՝ հայեր)։

– Ես երբեք չեմ հանդիպել նրանց, ոչ մի ցանկություն չեմ ունեցել։ Խուսափել եմ էդ թեմայով խոսելիս, որովհետեւ համարում եմ, որ ՆԳ նախարարը չպիտի իջնի այն մակարդակին, որ խոսի հանցավոր աշխարհի առանձին կատեգորիայի մասին։ Հանցագործությունները միշտ լինելու են, եւ այլ բան է, ինչքանով են թելադրելու եւ ինչքանով չեն թելադրելու։ Հանցավոր աշխարհը մնում է հանցավոր, սպանությունները՝ սպանություն, պետությունը պետք է իր կամքը թելադրի հանցավոր աշխարհին եւ հասարակությանը ապահովվի նրանց ոտնձգությունից։

– Կարծիք կա, որ Դուք հանրապետության ամենաուժեղ մարդն եք…

– Իմիջիայլոց, ես ուզում էի վաղուց այդ մասին խոսել, ձեւը չէի գտնում։ Ես կարծում եմ, որ դա ոչ միայն չափազանցված կարծիք է, այլ ձեռնտու, սարքած իմիջ է, որը ձեռք է տալիս բավական թվով մարդկանց, որ ահա ամենաուժեղ մարդը, ահա… Ուրիշները եւ հարցեր են լուծում, եւ գործ են անում, եւ գողանում են, ոլորտներ են բաշխում, ռեալ կառավարում են, ռեալ իշխանություն են, ռեալ տիրապետում են իրավիճակին՝ տնտեսական, ֆինանսական, հասարակական կարծիքին։ Բայց դուրս է գալիս, որ «բոբո» են սարքում եւ սա ձեռք է տալիս հենց նրանց։ Ես էդ մարդը չեմ։ Իրական իշխանության լծակները տասնյակ մարդկանց ձեռքին են։ Եթե ազդեցության աստիճանակարգով «չափվենք», ես ոչ թե 2-րդ, 3-րդ մարդն եմ, այլ՝ գուցե տասնյակից դուրս եմ։ Երեւի ինչ-որ տեղ նաեւ ցանկություն է, որ տեսնեն ինձ ուժեղ։ Ժողովրդի լայն խավերի մոտ իմ հանդեպ վերաբերմունքը դրական է, մի այլ բան է կուսակցությունում, իշխանության մարմիններում։ Օպոզիցիայի մամուլի ստեղծած կերպարն է, որը ճշմարտությանը նման չէ։ Ձեռնտու իմիջ է, բայց ո՛չ ինձ, ո՛չ հասարակության համար հարմար չէ։

– Ինքներդ հոգեբանորեն պատրա՞ստ եք «զոհի» կերպարին։

– Ես այդպիսի մազոխիզմով չեմ տառապում։ Ինձ մի դեր է բաժին ընկել, որը լրիվ գիտակցելով եմ վերցրել։

Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031