Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԻ ԲԻ ՍԻ»-ի և «Ամերիկայի Ձայն»-ի պարսկերեն ծրագրերի անդրադարձը Հարավային Կովկասի հարցերին

Հոկտեմբեր 16,2021 21:44

Իրանցիներն իրենց երկրի ԶԼՄ-ներին հետևելուց բացի՝ լսում, տեսնում և կարդում են հարյուրավոր ռադիո-հեռուստատեսային ծրագրեր և սոցիալական ցանցեր, որոնք եթեր են տրվում արտասահմանից։ Պարսկերենով տրվող թվային այս հեռարձակումներն Իրանում, Աֆղանստանում և Տաջիկստանում միլիոնավոր հետևորդներ ունեն․ դրանցից ամենանշանավորները «ԲԻ ԲԻ ՍԻ»-ի, «Ամերիկայի Ձայն»-ի, «Դոյչե Վելե»-ի պարսկերենով հաղորդումներն են և «Իրան Ինթերնաշնալ»-ը և «Ման օ թո»-ն։ Այս ԶԼՄ-ները ևս հաճախ անդրադառնում են մեր տարածաշրջանի խնդիրներին և հայկական հարցերին։ Այսօր կանդրադառնամ «ԲԻ ԲԻ ՍԻ»-ին և «Ամերիկայի Ձայն»-ին, որոնք հաղորդում ունեին Հարավային Կովկասի հարցերի վերաբերյալ։

*** BBC Persian-ի երեկվա հյուրն էր Ամստերդամի համալսարանի դասախոս, տարածաշրջանի հարցերի մասնագետ, իրանցի Թուրաջ Աթաբաքին։ Նա անդրադառնալով Ադրբեջանի նախագահի ԱՊՀ գագաթաժողովի ելույթին և հատկապես Իրան-Ղարաբաղ-Հայաստան ճանապարհով թմրանյութի փոխադրման հնարավորության, դա համարեց մտացածին։ Նա կարծիք հայտնեց, որ Ալիևին խորհուրդ տվողները նրան սխալ ուղղության են առաջնորդում, որը լի է վտանգներով։ Նա մեջբերեց նաև Հայաստանի պատասխան խոսքը և շեշտեց, որ լուրի իսկության դեպքում Ադրբեջանն ամբողջ երեսուն տարի լուռ չէր մնա։

*** «Ամերիկայի Ձայն»-ի պարսկերենի խմբագրության «Սաֆհե ախար» (Վերջին էջ) հեղինակային հաղորդաշարը երեկ և այսօր եթեր տվեց մի կլոր սեղան՝ Մեյիր Ջավեդան Ֆարի (Իսրայել), Հասան Դայիի (ԱՄՆ) և  Թուրաջ Աթաբաքիի (Նիդերլանդներ) մասնակցությամբ։ Թեման Իրան-Ադրբեջան հարաբերությունների գերլարումն էր, իսկ զրուցավարը՝ Մեհդի Ֆալահաթին։ Այս հաղորդումը «Ամերիկայի Ձայն»-ի բարձր հեղինակություն վայելող ծրագրերից է։ Զրուցակիցները միակարծիք էին, որ այս էսկալացիան ռազմական բախման չի վերածվի․ Իրանցի Դայիի կարծիքով Իրանն ունի ներքին պայթյունավտանգ իրավիճակ, արտաքին լուրջ մարտահրավերներ և բազում խնդիրներ ու երբեք պատերազմի չի գնա։ Մյուս զրուցակիցներն էլ այն կարծիքին էին,որ Իրանի ու Ադրբեջանի նպատակներն ու թիրախներն այլ են․ կա Թուրքայի, Իսրայելի, Ռուսաստանի ու արևմուտքի գործոններն ու  տնտեսական շահերի բախումը և Թեհրանն ու Բաքուն ռազմական գործողությունների չեն գնա։ Հրեական համալսարանի իրանագետ հյուրը, որն իրանցի հրեա է, չի ընդունում Ադրբեջանում Իսրայելի ռազմական ներկայության կապակցությամբ Իրանի մտահոգությունները․ նա այն կարծիքին է, որ Ադրբեջանը Իսրայելից զենք է գնում Հայաստանի և Ռուսաստանի վտանգները դիմակայելու և ու նաև ԱՄՆ-ում հրեական լոբբինգի հնարավորություններից օգտվելու համար։ Զրուցավարի հիշեցումից հետո, որ Իսրայելը մտահոգ է իրանական հրթիռների դեպի հրեական քաղաքների արձակումից և մտադիր է օգտագործել  Ադրբեջանում տեղակայած իր գերարդիական անօդաչու թռչող սարքերը, Մեյիր Ջավեդան Ֆարը կրկնեց, որ Բաքուն այդ ռիսկին չի գնա և Իսրայելին չի արտոնի նման քայլի դիմելու համար։

Թուրաջ Աթաբաքին համառոտ ակնարկով ներկայացրեց Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների սերտացման պատմությունը սկսած 2009 թվականից՝ երբ Իսրայելի օրվա վարչապետ Շիմոն Պերեսն այցելեց Բաքու, իսկ Ադրբեջանը մինչ այժմ մոտ հինգ միլիարդ դոլարի զենք է գնել Իսրայելից և 500-1000 իսրայելցի զինվորականներ կան Ադրբեջանի տարածքում։ Հյուրերի կարծիքով Իրանը սկսած 1990 թվականներից կորցրել է տարածաշրջանում էներգակիրների տարանցիկ ճանապարհ լինելու պատեհ առիթը, օրվա նախագահ Ռաֆսանջանիի կամքին հակառակ՝ տրվել է ծայրահեղությունների, այլ վայրերում հսկայական միջոցներ է մսխել   և հիմա մտահոգ է, որ Հայաստանի վրա եղած ճնշումների պատճառով, կկորցնի  նաև դեպի հյուսիս գնացող տարանցիկ կարևոր մի ճանապարհ։ Դայիի կարծիքով Իրանը նախորդ տարիներում իր դիրքերը Հարավային Կովկասում և Հայաստանի սահմանում ամրապնդելու փոխարեն, զբաղվեց Սիրիայից ու Լիբանանից Իսրայելին շրջափակելու գործով, որը ևս փակուղու է հանդիպել։ Թուրքիայի տարածաշրջանային դերի հզորացումն անհանգստացնում է Թեհրանին, իսկ թուլացած Իրանը տարբեր տեղերում զիջում է իր դիրքերը։ Պակիստանն էլ ադրբեջանական ֆրոնտում պաշտպանում է Թուրքիային, քանի որ փոխադարձաբար ստացել է հակահնդկական դիրքորոշման խոստում։ Թուրաջ Աթաբաքիի կարծիքով Թեհրանը բազում փորձերով հանդերձ Հարավային Կովկասում չի կարողանում Մոսկվայի հովանավորությունը շահել, իսկ Ռուսաստանն ընդունել է, որ Թուրքիան մասնակիորեն պետք է ներկայություն լինի տարածաշրջանում։ Թուրքիան Ռուսաստանից գերհզոր զենքեր է գնել, ՆԱՏՕ-ում ընդդիմադիր կեցվածք է ընդունում և Սիրիայում համագործակցում է Մոսկվայի հետ- ամփոփում է տարածաշրջանային հարցերի մասնագետը։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031