Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոկտեմբեր ամիսը հայտարարել է կանանց կրծքագեղձի քաղցկեղի միջազգային ամիս, իսկ հոկտեմբերի 19-ը՝ կանանց կրծքագեղձի քաղցկեղի միջազգային օր: Այսօր Ազնավուրի հրապարակում հանրային միջոցառում էր կազմակերպվել, որի նպատակը այդ հիվանդության վերաբերյալ հասարակության տեղեկացվածությունը բարձրացնել էր:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկաներին ուղղված իր ուղերձում ասաց. «Այսօր բոլորս հավաքվել ենք՝ մեկ անգամ եւս կարեւորելու, նշելու, որ կա մի դժվարություն՝ հիվանդություն, որը, ցավոք սրտի, կանանց շրջանում քաղցկեղի հիվանդացության առումով առաջին հորիզոնականում է: Դա կրծքագեղձի քաղցկեղն է: Մենք՝ ես, որպես պետական մարմնի ներկայացուցիչ, մեր բժիշկները, այս դժվարին ճանապարհն անցած մեր քույրերը այսօր հավաքվել ենք, որպեսզի մեր քաղաքացիներին, բնակիչներին եւս մեկ անգամ հիշեցնենք, թե ինչքան կարեւոր է ուշադիր լինել սեփական առողջությանը: Հայ կանայք միշտ ամենավերջինն են իրենց մասին հիշում, միշտ առաջին տեղում են դնում իրենց երեխաներին, ծնողներին, ամուսիններին, բարեկամներին եւ միայն վերջում են հիշում իրենց մասին: Պիտի այդ կարծրատիպը փորձենք կոտրել: Եթե տան կինը, մայրը առողջ չէ, ամբողջ ընտանիքը խնդիր ունի:
Սիրելի քաղաքացիներ, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մի շարք ուղեցույցներ, ծրագրեր, միջազգային շարժումներ է մեկնարկել, որպեսզի ամբողջ աշխարհով կանանց կյանքը ընդհատող, կանանց կյանքի վրա շատ վատ ազդեցություն ունեցող հիվանդության դեմ պայքարի միջոցներ հնարի: Եվ բժշկագիտության զարգացմանը զուգընթաց մենք անընդհատ տեսնում ենք, որ վաղ հայտնաբերումը փրկում է կյանքեր, թույլ է տալիս հնարավորինս խնայող բժշկական միջամտություններ կիրառել: Հիվանդության վաղ հայտնաբերումը թույլ է տալիս վերադառնալ կյանք, վերադառնալ ընտանիք, ունենալ երեխաներ, պահպանել առողջությունը եւ երջանկությունը: Ուստի խնդրում, հորդորում ենք ձեզ՝ միացեք ձեր քույրերին, ընկերուհիներին, իրար ոգեւորեք, մտածեք սեփական առողջության մասին եւ տարին գոնե մեկ անգամ դիմեք բժշկի՝ հետազոտվելու: Եթե նկատում եք որեւէ խնդիր, առանց հապաղելու դիմեք բժշկի:
Մենք վերջին երկու-երեք տարիներին մի շարք նոր ծրագրեր ենք մեկնարկել, որոնք թե սքրինինգային, թե այլ հետազոտությունների, թե վիրահատական բժշկական միջամտությունների առումով բավականին թեթեւացրել են քաղաքացու, պացիենտի ֆինանսական բեռը: Ուստի դուք մենակ չեք, քաղցկեղը դատավճիռ չէ: Պետք է անել ամենը, որպեսզի ճիշտ պահին բժշկին դիմելով, հիվանդությունը վաղ հայտնաբերելով՝ հնարավոր լինի կանխել հիվանդությունը»,- ասաց նախարարը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ