«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Տարածության հարմոնիա. Գուրգեն Մուշեղյան» փաստագրական ֆիլմի երևանյան պրեմիերան:
«ՕՐԴԵՐ ՖԻԼՄ» կազմակերպությունը ֆիլմի նկարահանումները սկսել է 2020 թվականի հունվարին: Նախաձեռնությունը եղել է Մուշեղյանի դստրերինը: Աննա Մուշեղյանը ֆիլմի համապրոդյուսերն է, իսկ գլխավոր պրոդյուսերն է Հայկ Օրդյանը։ Ֆիլմի սցենարիստը Սառա Նալբանդյանն է, բեմադրող-ռեժիսորը՝ Հայկ Մկրտչյանը, բեմադրող-օպերատորը՝ Էդգար Հարությունյանը։
Ֆիլմի հեղինակները համագործակցել են նաև ռուսաստանցի մասնագետների հետ, օրինակ` հնչյունային ռեժիսորը Ալեքսեյ Չերեմիսինովն է։
Անձամբ Գուրգեն Մուշեղյանը մասնակցել է ֆիլմի ստեղծմանը՝ ստեղծագործական քննարկումներին ու նկարահանումներին, տրամադրել անձնական բացառիկ արխիվային նյութ: Նկարահանումները տեղի են ունեցել վարպետի հարազատ քաղաքներում՝ Գյումրիում, Երևանում,Մոսկվայում:
Գործադիր պրոդյուսեր Նարե Աղաբաբյանն ասում է, որ մեծ ուրախությամբ ընդունել են առաջարկը, քանի որ ապրող և արարող լեգենդի մասին է ֆիլմը. «Շատ հետաքրքիր էր ընթացքը, սակայն դժվարություններ եղել են»։
Առաջին պատճառը կորոնավիրուսի համավարակն էր, այնուհետև՝ պատերազմը։ «Տրամադրությունները փոխվեցին , թիմի կազմում փոփոխություններ կատարեցինք»,-ասում է նա։
Կարդացեք նաև
Ֆիլմում ներկայացվում են նաև վարպետի չիրականացված և անավարտ նախագծերը: Այդ նախագծերը ֆիլմում պետք է գրաֆիկական տարբերակներով ներկայացվեին։ Գուրգեն Մուշեղյանը աշխատելու էր գրաֆիստների հետ, բայց չհասցրին։ Անվանի ճարտարապետը կյանքից հեռացավ ֆիլմի վերջին նկարահանումից 5 օր անց:
Գուրգեն Մուշեղյանի ուսանողների շնորհիվ կներկայացվեն գրաֆիկական տարբերակները, սակայն արդեն հեռուստատեսային պրեմիերայի ժամանակ։
Ֆիլմում հնչում է Գուրգեն Մուշեղյանի մյուս դստեր` կոմպոզիտոր Արաքսյա Մուշեղյանի ստեղծագործությունը։ Այդ երաժշտությունը տիպիկ մուշեղյանական է։
Հիշեցնենք, որ 1982-1989 թթ. Գուրգեն Մուշեղյանը եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը: Նա իր գործընկերների հետ մեզ նվիրեց «Հրազդան» մարզադաշտը, Գյումրիի օդանավակայանը, Մարզահամերգային համալիրն ու մի շարք այլ արժեքավոր կառույցներ:
Լիանա ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ