Լրահոս
Օրվա լրահոսը

Այն իշխանությունը, որը եկավ ուրիշի նկարը մերժելու ալիքով, այսօր արևելյան հարեմի համեստությամբ կախում է իր լիդերի նկարը․ Վահե Հովհաննիսյան

Հոկտեմբեր 16,2021 15:12

Ամիսներ առաջ ռուսական ինտելեկտուալ շրջանակներում  ակտիվորեն քննարկվում էր ռեժիսոր Կ. Բոգոմոլովի հոդվածը, որտեղ նա ներկայիս Եվրոպայի արժեհամակարգային բովանդակությանը տալիս է «Էթիկական Ռեյխ» բնորոշումը։

Ոչ միանշանակ գնահատականներով՝ նյութը փորձ է անում ռուսաստանյան էլիտաներին տալ կողմնորոշվելու մոտիվացիա՝ սուվերեն ճանապարհի և ժամանակակից եվրոպական «ռեյխի» միջև։ Նյութի արժեքը հենց դրանում է՝ հասարակության մտածող խավերին հրավիրում է մտածելու՝ թույլ չտալու համար զարգացման անոմալիաներ։

Հայաստանում Նիկոլը, պաշտոնյաներին պարտադրելով աշխատասենյակներում կախել իր նկարը, զարգացնում է «արևելյան ռեյխի» մոդելը, որի պարարտ հիմքը առկա է։ Այն իշխանությունը, որը եկավ ուրիշի նկարը մերժելու ալիքով, այսօր արևելյան հարեմի համեստությամբ կախում է իր լիդերի նկարը։

Պաշտոնյաները ներքինու նման ընդունում են արևելյան բարքերը, եթե նույնիսկ նրանք արևմտյան կրթական հաստատություններում են սովորել կամ հավաքագրվել։ Արևմտյան ֆինանսավորմամբ քաղհասարակությունը արևելյան հնազանդությամբ մարսում է ամեն ինչ։

Թուրքմենբաշին իր նախարարներին ստիպում էր չորեքթաթ իրեն մոտենալ՝ բազմաթիվ վկաների ներկայությամբ, և նրանք մոտենում էին։ Կարծում եմ՝ այսօրվա պաշտոնյաներին այս վիճակից փրկում է միայն մեկ բան՝ Նիկոլը դեռ նման բան չի ստիպում։

Իրականում պրոֆեսոր Չարչյանին անազատության մեջ պահողները Թուրքմենբաշու պաշտոնյաների կարգավիճակում են։

Առողջապահության նախարարն ամեն անգամ կառավարության նիստին այնպիսի հպարտությամբ է ասում «Մեծարգո պարոն վարչապետ», որ ակամայից մտածում ես, որ գուցե իսկապե՞ս երկիրը հսկայական հաջողություններ ունի, ու դու չգիտես։ Գուցե բնակչության 90 տոկոսն արդեն պատվաստվել է, ու հիվանդանոցները դատարկ են…

Այստեղ բազմաշերտ անոմալիայի հետ գործ ունենք։ Նախարարները կարող են դիմել նաև  այլ կերպ՝ վսեմաշուք, աստվածային և այլն։ Ու խնդիրն այն չէ, որ հասցեատերը չի սաստում, այլ այն, որ հասարակությունը չի մերժում, ու չկա որևէ ինստիտուտ, որ ասի՝ ամոթ է։

Արդարադատության նախարարությունը մի տեքստ է հրապարակել, որով բացատրում է, թե ինչո´ւ մի մեծ խումբ պաշտոնյաների չեն  ստիպում պատվաստվել։ Այդ տեքստը կարծես Շվեյկից մի հատված լիներ։ Բայց նա արդեն Նիկոլի նկարը կախել է, ու հետևաբար՝ կարող է ջանք չթափել աշխատանքի որակի վրա։ Ու հարց չի ծագում՝ ի՞նչ կապ ունի այս նախարարությունը մի հարցի հետ, որը, մեծ հաշվով, էթիկական է, և պետք է լուծվեր առանց ձևականությունների։ Եթե մահաբեր համաճարակի ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաները հղում են անում ինչ-ինչ օրենքների՝ չպատվաստվելու համար, ապա ի՞նչը պետք է խանգարի հասարակ քաղաքացուն՝ հղում անել իր ներքին զգացողություններին կամ յութուբին։

«Արևելյան ռեյխի» կանոններով համակարգը անհատակ պետք է խոնարհվի։ Հյուսիսային Կորեայում պարտադիր է ղեկավարի, նրա հոր, և պապու նկարը մշտապես գրպանում պահելը։ Եթե Նիկոլը մի օր պարտադրի գրպանում ունենալ, ասենք, Մառլեն Դիտրիխի նկարը, համակարգը ենթարկվելու է։

Եթե Նիկոլը պարտադրի նախարարներին ու այլ պաշտոնյաների՝ «Ռուհնամե»-ի օրինակով իր գրքից հատվածներ արտասանել, համակարգը անելու է։ Ամեն մեկը կտա մի բացատրություն. մեկը կասի՝ այդպես ավելի ազնիվ եմ դառնում, մյուսը կասի՝ ինքնակրթվում եմ, երրորդը մտքում կանիծի, բայց կանի։

Ժանրի կանոնն է. վաղը բան փոխվեց՝ այս մարդիկ Նիկոլին համարելու են միակ մեղավորը, պատասխանատուն։ Լինելու են հարյուր անգամ ավելի հականիկոլ, քան նրանք, ովքեր ասել են, որ քծնանքի ու շողոքորթության արևելյան բարքերով քիչ թե շատ լուրջ պետություն հնարավոր չէ ունենալ։ Ողբերգական ժամանակների պատահական դեմքեր։

Այսպիսի արևելյան բարքերով ու կիսապետականությամբ մենք չէինք կարող Շուշի պահել։ Այսպիսի մտածողության, ներքինու աշխարհայացքով մենք Հայաստան չենք կարող պահել։

Հայաստանում պետք է նոր քաղաքական-հասարակական հոսանք ձևավորվի, որը կսրբի արևելյան ֆեոդալականությունը ու կսկսի կրթել։ Կարող ենք կոչվել չորրորդ հանրապետություն, հետպատերազմյան Հայաստան, էական չէ, բայց որակի կտրուկ փոփոխություն է պետք։

Մի բան հստակ է. եթե մենք չենք ձևավորում նոր որակներով վերնախավեր, ապա մենք երբեք չենք կարողանալու հասարակության որակ փոխել։ Այս որակով հասարակությունը ոչինչ չի պարտադրում՝ ոչ խաղաղություն, ոչ արժանապատվություն, ոչ՝ կառավարման արդյունավետություն, ոչ արդարություն… Այդ դեպքում մենք կունենանք նոր նկարների և նրանց կախողների տեխնիկական փոփոխություն։

Պատերազմն ու պարտությունը այն շոկային ցնցումը պետք է դառնան, որը կխթանի նոր վերնախավի ձևավորումը։ Չանենք սա՝ կորցնելու ենք պետությունը, որովհետև այդ որակի հասարակությունը ի վիճակի է լինելու միայն  սպասարկել թուրքական տնտեսա-մշակութային էքսպանսիան, ընդ որում՝ սիրով։

Շարունակելի

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԽՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031