Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարտավոր ենք մեր տուրքը մատուցել ե՛ւ այսօրվա լրագրողներին, ե՛ւ Հարություն Շմավոնյանին». Մարտիկ Սարգսյան

Հոկտեմբեր 16,2021 13:56

1794 թվականի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվեց առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարարը», որի հիմնադիրը Հարություն քահանա Շմավոնյանն է։ Պարբերականի 18 համար է հրատարակվել։

ՀՀ կառավարության  2004 թ.-ի ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը հայտարարվել է «Մամուլի աշխատակիցների օր», որը հետագայում վերանվանվել է «Հայ մամուլի օր»։

Այդ օրն ավանդաբար «Ազդարար» հանդեսի կողմից, որի վերահիմնադիրը Մարտիկ Սարգսյանն է, «Հարություն Շմավոնյան» մրցանակներ են շնորհվում:

Այս տարի մրցանակ շնորհվեց Ալինա Խաչատրյանին՝  «Հայաստան-Սփյուռք» հաղորդաշարի, «Առավոտ» օրաթերթի լրագրող Գոհար Հակոբյանին՝  մշակույթի լուսաբանման, Նաիրի Հոխիկյանին՝ համազգային գաղափարների խորը վերլուծության, Վարդան Օնանյանին՝ «Երկիրը երկիր է» շարքի, Տիգրան Լոքմագյոզյանին՝  «Կիսալուսնի մայրամուտը» շարքի համար:

Աշոտ Աղաբաբյանը «Հարություն Շմավոնյան» մրցանակ ստացավ որպես հայ մամուլի նահապետ, Գեւորգ Ղազարյանը՝ սպորտային հաղորդումների համար, Արծրուն Հովհաննիսյանը՝ որպես ռազմական տարեգիր եւ խոսնակ, Դավիթ Բաբայանը՝ որպես Արցախի ինքնիշխանության խոսնակ, Արցախի Հանրային հեռուստատեսությունը՝ 44-օրյա պատերազմը լուսաբանելու համար:

Մրցանակներ շնորհվեցին նաեւ Լոռու մարզային թերթից Մանվել Միկոյանին, «Օտար ամայի ճամփեքին» հեռուստահաղորդման հեղինակ Ռաֆայել Հովհանիսյանին, եւ Ա1 պլյուսի ղեկավար Մեսրոպ Մովսիսյանին:

Մարտիկ Սարգսյանը նշեց, որ 2008-ից Կալկաթայում վերահիմնադրել են «Ազդարար» հանդեսը, իսկ 2010 թ.-ից քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի հետ ստեղծել «Հարություն Շմավոնյան» մրցանակը: «Մրցանակը տրվում է ամեն տարի՝ լավագույն լրագրողներին եւ լրատվամիջոցներին: Պատերազմի պատճառով մի քանի տարի չենք կարողացել շնորհել, այս տարի նորամուտ է եւ ավանդույթի կրկնություն»,-ասաց «Ազդարարի» վերահիմնադիրը: «Մենք պարտավոր ենք մեր տուրքը մատուցել ե՛ւ այսօրվա լրագրողներին, ե՛ւ Հարություն Շմավոնյանին»,-ասաց նա:

Աշոտ Աղաբաբյանը նշեց, որ «խրվել» է ոլորտում՝ լինելով գրող. «Շատ խորհրդանշական է այսօրը… Մեր սերնդի հիշողությունը պետք է անընդհատ թարմացնենք, եւ այսօրվա լրագրողներով այդ գործը շարունակենք»:

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը պատմեց, թե ինչպես է ծնվել Հարություն Շմավոնյանի քանդակը, երբ ԿԳ նախարար էր Սերգո Երիցյանը, որը հավանության է արժանացրել գաղափարը:

Սերգո Երիցյանը Հարություն Շմավոնյանի արձանի մոտ ծաղիկներ դրեց Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողների հետ, որոնք պատրաստվում են լրագրողներ դառնալ:

«27 տարի առաջ, երբ նշվում էր «Ազդարարի» հրատարակման 200-ամյակը, այստեղ կանգնեցվեց «Ազդարարի» անփոփոխ խմբագրի արձանը: «Ազդարարն» ընդամենը տարիուկես  է տպագրվել՝ 18 համար, 771 էջ ընդհանուր ծավալով»,-հիշեցրեց Երիցյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031