ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել «Տաղանդի ներգաղթի քաղաքականությունը Հայաստանում» թեմայով առցանց քննարկում:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը եւ մի շարք պատգամավորներ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Ողջունելով մասնակիցներին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ առցանց հանդիպման ընթացքում հնարավոր կլինի քննարկել բոլոր այն խնդիրները, որոնց բախվում են օտարերկրյա քաղաքացիները, մասնագետները, հայրենադարձները Հայաստան տեղափոխվելիս:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսել է բարձրակարգ միջազգային գիտելիք եւ փորձ ունեցող ընկերությունների ու մասնագետներ ներգրավելու գործընթացում առաջացող խոչընդոտների, ինչպես նաեւ Հայաստանի աշխատաշուկայում ներգրավված անձանց ցածր արտադրողականության մասին եւ նշել, որ այդ հանգամանքն ազդում է տնտեսության զարգացման վրա:
Կարդացեք նաև
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների՝ կիբերանվտանգության, արհեստական բանականության, թվայնացման արհեստավարժ մասնագետների խիստ անհրաժեշտությանը եւ համակարգային գիտելիքների պակասին:
ՀՀ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարեւորել է հայրենադարձության ընթացքում առաջացող իրավական եւ աշխատանքային գործընթացների դյուրացումը: Սինանյանը նաեւ խոսել է հայրենադարձվածների՝ սոցիալ-տնտեսական կյանքին ինտեգրվելու մարտահրավերների եւ դրանց հաղթահարման մասին: Նշվել է նաեւ հայրենադարձության մասին օրենքի ընդունման կարեւորությունը:
ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ապրելու եւ աշխատելու իրավունքի դյուրացման վերաբերյալ կատարվող աշխատանքները՝ ընթացակարգերի պարզեցման, օրենսդրական համակարգի զարգացման եւ Կառավարության որոշումների փաթեթի մշակման մասով:
Զեկուցողները փաստել են, որ տնտեսության գրեթե բոլոր ուղղություններով որակյալ մասնագետների անհրաժեշտություն կա եւ առկա գործընթացներն անհրաժեշտ է պարզեցնել եւ դյուրինացնել: Զեկուցողները նաեւ պատասխանել են պատգամավորների հարցերին:
Մասնակիցներն իրենց մոտեցումներն ու առաջարկներն են ներկայացրել թեմայի վերաբերյալ: Առաջնահերթ է համարվել ներգաղթի ապահովման ուղղությամբ օրենսդիր եւ գործադիր մարմինների կողմից իրականացվող աշխատանքի համակարգված իրագործումը:
Ամփոփելով քննարկումը՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ տնտեսության բոլոր ուղղություններով անհրաժեշտություն է զգացվում որակյալ կադրերի, եւ այս առումով Սփյուռքում առկա ներուժը նույնպես ամբողջությամբ չի օգտագործվում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ամփոփել օրենսդրական դաշտում կատարված աշխատանքը, գնահատել արդյունքները եւ պլանավորել ՀՀ ԱԺ-Կառավարության կողմից իրագործվելիք հետագա քայլերը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ