Սփյուռքում հայապահպանության հարցը միշտ եղել է ազգային հրատապ խնդիրներից, որին անմնացորդ ծառայել է հայոց սրբազնասուրբ մայր եկեղեցին ու հայ դպրոցը։ Ցավոք սրտի, լոսանջելեսահայ գաղութը վերջին տարիներին ականատես եղավ հայկական մի քանի վարժարանների փակման տխուր իրողությանը, որի պատճառած ցավը համր ու կույր դարձրեց շատերիս՝ տեսնելու և գնահատելու այն օվկիանոսածավալ աշխատանքը, որ տարվում է որոշ կրթօջախներում, որոնցից մեկն էլ ՀԲԸՄ Մանուկյան- Դեմիրճյան վարժարանն է։
Դպրոցն իր 45-ամյա պատմության ընթացքում անցել է բազմաթիվ հաջողությունների ու նեղությունների միջով։ Առավել ծանր էին համաշխարհային տնտեսական ճգնաժամի և դրան հաջորդող տարիները, երբ աշակերտների թվի ահավոր նվազման հետ, դպրոցը կանգնեց ֆինանսական և այլ դժվարությունների առջև։ Հաստատության համար նոր արշալույս բացվեց, երբ 2015 թ․-ին տնօրեն դարձավ ազնվափայլ հայուհի, տիկին Արփի Ավանեսյանը և դպրոցում սկսվեց բարեփոխումների և վերելքի շրջան։
Նրա առաջին քայլերից մեկը վարժարանում մայրենի լեզվի դերի բարձրացումն էր և հայերենի դասավանդման հետ կապված արդիական ու հիմնարար փոփոխությունների մեկնարկը։ Մի կողմ դնելով ժամանակավրեպ կարծրատիպերը՝ դպրոցում արևմտահայերենից բացի սկսվեց դասավանդվել նաև արևելահայերենը։ Այս քայլով հնարավորություն ընձեռնվեց աշակերտներին առանց արհեստական դժվարությունների հանգիստ արտահայտվել այն լեզվով, ինչ-որ լսում էին իրենց ընտանիքներում։ Հպարտությամբ պետք է ընդգծել, որ նորարարության արդյունքում, դպրոցի հայերենի ուսուցիչների թիվն անհամեմատ մեծացավ։ Եթե ժամանակին սփյուռքի դպրոցներում հայերենի ուսուցիչ աշխատելու նշաձողը մայրենի լեզվի իմացությունն էր, հիմա հաստատության ուսուցիչներն ունեն համապատասխան մասնագիտական բարձր կրթություն և որակավորում։
Տիկին Ավանեսյանն իր աշխատանքային թիմի հետ դպրոցում նոր թափ հաղորդեց հայրենիք-սփյուռք կապերին՝ բարձրացնելով այն նոր որակի։ 2017 թ․-ից սկսած անձամբ գլխավորեց երկրորդական վարժարանի աշակերտների այցը դեպի հայրենիք։ Այս ընթացքում դպրոցականները կարողացան ոչ միայն սեփական աչքերով տեսնել Հայաստանը, այլև մասնակցել նրա կյանքին՝ կամավոր աշխատելով տարբեր ոլորտներում։ Սրանով իրենց օգնության բաժինը բերեցին մեր երկրին, միաժամանակ հմտացան իրենց ապագա մասնագիտությունների մեջ։
Տնօրենի հորդորով, ուսումնական տարվա ընթացքում ձևավորված աշակերտական խմբակներում հատուկ նվերներ էին պատրաստվում մարզադպրոցների, մանկատների, զոհված ազատամարտիկների ընտանիքիների և վիրավոր զինվորների համար՝ արժանանալով պետական ու մասնավոր շնորհակալագրերի։ Վարժարանի հեղինակության բարձրացման վկայություններից մեկն էլ այն է, որ Մայր հայրենիք հասնելուն պես աշակերտներին դիմավորում էին պետական այրեր։ Տիկին Ավանեսյանի մասնավոր ջանքերով դպրոցականները հյուրընկալվում էին ՀՀ Նախագահի, Վարչապետի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։
ՀԲԸՄ ոգին զորացնելու և արմատավորելու ուղղությամբ, միջոցառումներից ու զրույցներից զատ, տնօրենի նախաձեռնությամբ հիմք դրվեց նաև մի գեղեցիկ ավանդույթի։ Որոշվեց, որ ամեն տարի Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում դպրոցականներն իրենց հարգանքն ու խոնարհումը պետք է բերեին ՀՀ Ազգային հերոս, ՀԲԸՄ երկարամյա նախագահ Ալեք Մանուկյանի և նրա տիկնոջ՝ Մարի Մանուկյանի, շիրիմներին։ Հարկ է նշել, որ Հայաստան ուխտագնացության բաղկացուցիչ մասերից մեկն էլ Արագածի գագաթ բարձրանալն էր, ինչպես նաև մեր լինելիության խորհրդանիշ Արցախ այցելելը։
Դպրոցի գիտակրթական նոր առաջընթացի մասին է վկայում 2019 թ․-ին ԱՄՆ Արևմտյան շրջանի դպրոցների և քոլեջների հավատագրման ասոցիացիայի հանձնաժողովի (WASC) կողմից երկարաժամկետ վկայագրի տրամադրումը։ Ամենևին էլ պատահական չէ, որ այսօր աշակերտների թիվը հասել է իր գագաթնակետին՝ արձանագրելով ամենաբարձր ցուցանիշն իր ողջ գոյության ընթացքում։
Մարդկությանը վրա հասած համավարակի առաջին իսկ օրերից, տիկին Ավանեսյանը՝ որպես անձնուրաց ղեկավար, իր թիմով լծվեց աշխատանքի՝ դպրոցի մեծ ընտանիքը զերծ պահելով ցնցումներից։ Անմիջապես վերակազմավորվեց կրթական գործընթացը՝ հաշվի առնելով բոլոր սաների անհատական հնարավորություններն ու անվտանգության կանոնները։ Կարճ ժամանակում առցանց ուսուցմանը զուգահեռ, դասարանները վերազինվեցին գերժամանակակից համակարգչային միջոցներով։ Ուսուցիչներն արագ վերապատրաստումից հետո, սկսեցին առկա և հեռավար դասերի միաժամանակյա կազմակերպում, որի արդյունքում չտուժեց կրթական որակը, այլ այն հարստացավ նոր մեթոդներով և հմտություններով։ Կրթօջախը դարձավ չափօրինակ, որի փորձը սկսեցին կիրառել հայ և օտար այլ հաստատություններ։
Արցախյան երկրորդ պատերազմի օրերին, տիկին Ավանեսյանի ղեկավարությամբ և ուսուցչական կազմի մասնակցությամբ, սկսվեց հայրենասիրական ոգին բարձրացնելու ձեռնարկներ, միջոցառումներ ու զրույցներ, որի արդյունքում հանգանակված մի քանի հարյուր հազար դոլարի նվիրատվություններն ուղղվեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։
Տիկին Ավանեսյանը սերտորեն համագործակցում է նաև ԱՄՆ Արևմտյան թեմի Առաջնորդարանի հետ։ Իր մանկավարժական ու մարդկային ներուժն օգտագործում է տարբեր ծրագրերի իրագործման համար։ Հիշարժան է դպրոցի ակտիվ մասնակցությունն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հովվապետական այցելության ժամանակ, ինչպես նաև իր արժեքավոր դասախոսություններն Առաջնորդարանի կողմից կազմակերպվող հայերենի ուսուցիչների ամենամյա հավաքներին։
Իր կատարած աշխատանքի մասին նա չի սիրում խոսել, այլ փոխարենն ամեն ինչ ապացուցում է գործով ՝ միաժամանակ վառ պահելով մեր ազգային, վեհ ու անանց արժեքները։ Իր համեստ ու ծառայասեր բնավորությամբ նա անխտիր բոլոր աշակերտների և գործընկերների սիրելին է, բարեկամը և առաջին, անշահախնդիր օգնության ձեռք մեկնողը։ Բոլորովին վերջերս, երբ հայտնի դարձավ, որ ավարտական դասարանի աշակերտներից մեկը տառապում է չարաբաստիկ հիվանդությամբ և մասնավոր բուժման համար անհրաժեշտ են հսկայական միջոցներ, Արփի Ավանեսյանն անմիջապես անցավ գործի՝ հաշվված օրերի ընթացքում կազմակերպելով անհրաժեշտ հանգանակությունը, որը տվեց և շարունակում է տալ հրաշալի արդյունքներ։
Պետք է խոստովանել, որ սա Արփի Ավանեսյանի լուսավոր իրագործումների մի աննշան մասն է, որի ականատեսը եղանք մենք, իրականում դրանք ավելի շատ են ու գնալով պետք է շատանան, որովհետև որպես կրթական գործի կազմակերպիչ, նա միշտ ձգտում է կատարելության՝ հավատալով իր առաքելությանը և կոչմանը։ Լիահույս ենք, որ նման վառ անհատականությունները, ինչպիսին տիկին Ավանեսյանն է, պիտի շարունակի փառք ու պատիվ բերել մեր համայնքին, ժողովրդին և, իհարկե, հայրենիքին։
Հովհաննես սարկավագ ԳՈՒՄՐՈՒՅԱՆ
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ