Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկա պահին ՀՀԿ-ի օրակարգում նախագահի փոփոխության հարց չկա․ «Հրապարակ»

Հոկտեմբեր 16,2021 11:38

Մենք գրել էինք, որ ՀՀԿ-ն իր շարքերում վերահաշվառման եւ թարմացման գործընթաց է սկսել։ Կուսակցության անդամներից պահանջում են թարմացնել անդամության հայտերը, վերահաստատել, որ մտադիր են շարունակել իրենց քաղաքական-կուսակցական ճանապարհը ՀՀԿ-ի հետ։ Դրանով նաեւ ՀՀԿ վերնախավը ցանկանում է մաքրել իր շարքերը պատեհապաշտներից։ Օրերս էլ կուսակցության գործադիր մարմնի նիստում հայտարարվեց առաջիկա համագումարի մասին։ Ըստ այդմ՝ դեկտեմբերի 18-ին տեղի կունենա ՀՀԿ 17-րդ համագումարը։ Այժմ ընթանում են համագումարի նախապատրաստական աշխատանքները։

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին իրենց մոտ վերահաշվառման եւ կուսակցության կառույցների վերաձեւավորման գործընթաց է տեղի ունենում, եւ, ՀՀԿ կանոնադրության համաձայն, համագումարից առաջ սահմանված ժամկետներում՝ 20 եւ 25 օր առաջ, կվերընտրվեն բոլոր սկզբնական, շրջանային, տարածքային խորհուրդների կազմը եւ ղեկավարները, որից հետո նաեւ կընտրվեն պատվիրակները, որոնք կմասնակցեն համագումարին։

«Համագումարում կընտրվեն նաեւ կուսակցության նախագահը եւ մշտական գործող ղեկավար մարմինը, վերահսկիչ հանձնաժողովի անդամները, այսինքն՝ կձեւավորվի կուսակցության կառավարման բուրգը՝ նախագահ, գործադիր մարմին, կձեւավորվի նաեւ կուսակցության խորհուրդը։ Ու քանի որ «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ են եղել, մեր կանոնադրության մեջ էլ փոփոխություններ կլինեն, որպեսզի այն համաձայնեցվի օրենքի պահանջներին»,- ասաց պարոն Թադեւոսյանը։

– Իսկ կուսակցության նախագահի եւ գործադիր մարմնի կազմը փոփոխության կենթարկվի՞, ՀՀԿ-ում կա՞ն նման տրամադրություններ։

– Իհարկե, եթե նայեք մեր նախորդ համագումարները, միշտ էլ մեզ մոտ փոփոխություններ եղել են, դինամիկ պրոցես է եղել միշտ, քարացած չէ։

– Խոսքը միայն գործադիր մարմնի մասին չէ, պարոն Թադեւոսյան, այլ ավելի շատ կուսակցության նախագահի մասով, օրինակ՝ հնարավո՞ր է Սերժ Սարգսյանի փոխարեն ուրիշ մեկն ընտրվի կուսակցության նախագահ։

– Դա լինում է համագումարում՝ թեկնածուների առաջադրում եւ այլն։ Բայց ներկա պահին մեր օրակարգում էդպիսի հարց չկա։

– Ասացիք՝ շրջանային կառույցների նախագահները կվերընտրվեն, այսինքն՝ որոշվա՞ծ է արդեն, որ գործող նախագահները նորից ընտրվելու են։

– Կարելի է ասել՝ 60-70 տոկոսով փոփոխություն է լինելու, նշմարվում է նման բան, էսպես ասեմ։

– Մենք գրել էինք, որ վերահաշվառում եք իրականացնում, եւ պարզ է, որ 2018-ից հետո ձեր կուսակցության շարքերը նոսրացել են, իսկ այսօր, հատկապես պատերազմից ու վերջին ընտրություններից հետո, ի՞նչ պատկեր է կուսակցության շարքերում, կա՞ն նոր դիմումներ։

– Իհարկե, հարյուրներով նոր դիմումներ ունենք վերջին մի քանի ամիսներին՝ պատերազմից հետո, եւ շուտով դա ինքներդ նաեւ կտեսնեք։

– Այն ժամանակ, երբ իշխանության էիք, մոտ 100 հազար անդամ ուներ ՀՀԿ-ն, այսօր այդ թիվը որքա՞ն է կրճատվել։

– Այդ թվերը վերահաշվարկման աշխատանքներից հետո պարզ կլինեն, կասենք։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031