Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերն ահռելի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի կորուստներ պատճառեցին ադրբեջանաթուրքական բանակին: Զգալի կենդանի ուժի կորուստներ ունեցան նաեւ Սիրիայից եւ Պակիստանից բերված ջիհադիստ ծայրահեղականները:
Դրա մասին է խոսում այն փաստը, որ հրադադարի հաստատումից անմիջապես հետո Ադրբեջանը սկսեց զենքի ինտենսիվ գնումներ իրականացնել: Միայն այս տարվա 9 ամսվա ընթացքում Բաքուն Անկարայից գնել է 184 մլն դոլարի պաշտպանական եւ ավիացիոն արտադրանք: Այդ թիվը հրապարակել է Թուրքիայի արտահանողների միության խորհրդի անդամ Սելահեդդին Քափլանը:
Պետք է նկատի ունենալ, որ վերոնշյալը հրապարակման ենթակա թիվ է, եւ միանշանակ է, որ դրանից բացի կան զենքի ստվերային առուվաճառքի ծավալներ կամ դրա ուղղակի փոխանցում Ադրբեջանին: Համատեղ զորավարժությունների քողի տակ Թուրքիան մեծ քանակությամբ զենք է տեղափոխում Ադրբեջան, որի հիմնական մասը Նախիջեւանում է, եւ դրա զգալի մասն այդպես էլ չի վերադարձվում Թուրքիա: Մյուս կողմից էլ վերջին 9 ամսում Թուրքիայից Ադրբեջան է առաքվել 1.73 մլրդ դոլարի ապրանք, որի մեջ, բացի վերոնշյալ զինտեխնիկայի ծավալից, կան նաեւ ռազմական նշանակության այլ ապրանքներ:
Ադրբեջանն ինտենսիվորեն զենք է գնում նաեւ Իսրայելից՝ համարվելով այդ երկրի արտադրած զենքի երկրորդ գնորդը: Մինչեւ Արցախի դեմ հրահրած ագրեսիան՝ իսրայելական զենքն Ադրբեջանի ռազմական կարիքների համար ներմուծման 17 տոկոսն էր կազմում: Դրանից հետո Իսրայելից ներմուծման ծավալներն ու չափաբաժինը մեծացել են, նաեւ՝ ռուսական զենքի ներմուծման ծավալների կրճատման հաշվին: Դեռ 2016 թ. Ալիեւը խոսում էր Իսրայելի հետ զենքի գնման մոտ 5 մլրդ դոլարի պայմանագրերի մասին: Այդ երկիրն էլ Ադրբեջանից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով ստանում է իր նավթի պահանջարկի 40-45 տոկոսը:
Կարդացեք նաև
Չգրված օրենք է, որ կուտակվող զենքը մի օր կրակելու է, եւ այն արդեն կրակում է Արցախի ու Ադրբեջանի շփման գծում, ինչպես նաեւ Հայաստանի սահմաններին:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում