Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունն ամաչել է այս խայտառակ փաստի հանրայնացումից եւ կարճ ժամանակում միջոցներ ձեռնարկել, որ այսուհետ նման փաստերը գաղտնի մնան․ «Հրապարակ»

Հոկտեմբեր 16,2021 11:02

Հոկտեմբերի 5-ին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը խորհրդարանում՝ հայտարարությունների ժամին, ուշագրավ վիճակագրություն հրապարակեց։ Պատգամավորն ուսումնասիրել է այս տարվա հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկատուների ցուցակը եւ հայտնաբերել, որ մեծաթիվ են պետական կառավարման մարմինները, այն էլ՝ բարձր հորիզոնականներում։ Որքան էլ զարմանալի է` 1000 խոշոր հարկատուների ցանկում 40-րդը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն է։ 41-րդը Պետական եկամուտների կոմիտեն է, 79-րդը՝ Դատական դեպարտամենտը, վարչապետի աշխատակազմը 102-րդն է, ոստիկանությունը՝ 151-րդը, ոստիկանության զորքերը՝ 158-րդը, Ճանապարհային ոստիկանությունը՝ 164-րդը։ Դատախազությունը 182-րդ հորիզոնականում է, ՊՊԾ-ն՝ 331։

«Կարեւոր բան. պետական կառավարման մարմինների վճարածը 95 տոկոսով միայն եկամտահարկն է, ինչը բարձր աշխատավարձեր եւ մեծ թվակազմ է վկայում։ Ազգային անվտանգության ծառայությունը վճարել է 2 միլիարդ դրամ եկամտահարկ։ Այսինքն՝ այդ մարմինը վճարել է մոտ 10 մլրդ դրամ կամ 21 մլն դոլար աշխատավարձ»,- հաշվարկ էր արել Ա. Վարդանյանը։

Իշխանությունը, ըստ ամենայնի, ծանր է տարել այս բացահայտումը, ամաչել են այս խայտառակ փաստի հանրայնացումից եւ կարճ ժամանակում միջոցներ են ձեռնարկել, որ այսուհետ նման փաստերը գաղտնի մնան։ Երեկ կառավարությունը հանդես է եկել «ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» նախագծով, որով առաջարկվում է սահմանել, որ «առաջին 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի եւ վճարների մեծությունների ցանկում չեն ներառվում ՀՀ պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկները»: Նախատեսվում է, որ այս որոշումն ուժի մեջ կմտնի եկող տարվա հունվարի 1-ից։ «Խնդիրն այն է, որ տվյալ ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական կայքում եւ հասանելի է բոլորին, իսկ պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկների կողմից վճարվող հարկերն ուղղակիորեն չեն բնութագրում նրանց գործունեության արդյունքները, այլ հանդիսանում են պետական բյուջեով նախատեսված միջոցների վերաբաշխման արդյունք»,- նշված է հիմնավորման մեջ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031