Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աթանեսյան․ Պատերազմի օրերին Հայաստանում ռեստորանները բաց էին, համալսարանները՝ փակ․ «Ազգ»

Հոկտեմբեր 16,2021 10:12

«Ազգ»-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ ԱՐԹՈՒՐ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ։

– 44-օրյա պատերազմից մեկ տարի անց հասարակությունն ամբողջությամբ դեռ չի հասկանում, ընկալում ու գիտակցում, թե ինչ տեսավ, ինչի միջով է անցնում, ինչ կորցրեց ու ինչ է կորցնում: Ասես խորը թմբիրի մեջ են մարդիկ, ու արթնանալ չեն էլ ուզում: Ինչպե՞ս կբացատրեք այս երեւույթը:

– Այն, ինչ տեսնում ենք մեր շուրջը՝ մարդկանց առօրյա վարքում, անպայման չէ, որ արտահայտի մարդու ներաշխարհում տեղի ունեցողը: Ցուցադրական ուրախությունը կարող է խորը ներքին ընկճվածության հետեւանք լինել: Բայց, անխոս, կան միմյանց հակասող երեւույթներ, որոնք համատեղելի չեն: Օրինակ՝ պետության եւ հասարակության համար ողբերգական երեւույթների գիտակցմամբ շքեղ եւ ցուցադրական կյանքով ապրելը, հասարակության տնտեսական բեւեռացվածությունը է՛լ ավելի ընդգծելը՝ աղքատացող զանգվածի աչքի առաջ ճոխ ընտանեկան միջոցառումներ կազմակերպելը (մասամբՙ պարտք անելով կամ ապառիկով), եւ այլն: Չէի ասի, թե հասարակությունն անզգայունակության, կարծես «քնած լինելու» վիճակում է, ինչպես, միգուցե, կարող է թվալ: Նախորդ տարվա ողբերգական պատերազմից բոլորը քաղել են դասեր, սակայն վատն այն է, որ այդ դասերն ու եզրակացությունները տարբեր են, ավելին՝ միշտ չէ, որ հայանպաստ են: Օրինակ՝ ոմանք արել են միայն մեկ եզրակացություն (դրա հիմքերը դեռ պատերազմից առաջ էլ կային)` հանրային գիտակցության մեջ արմատավորված խիստ հակահայկական եւ հակապետական բանաձեւերի տեսքով: Այն է՝ «Երկիրը երկիր չէ», ուստի եւ պետք է փախչել, գնալ, մեկնել, մոռանալ, կտրվել: Չի բացառվում, որ այդպես մտածողների մի մասն անձամբ ոչինչ չի արել «երկիրը երկիր դարձնելու» ուղղությամբ, ու անգամ կարծես թե ուրախ է, որ իրենց այդ վերաբերմունք-համոզումը վերահիմնավորվեց, հետեւաբար՝ հանգիստ խղճով կարելի է շարունակել նույն կենսակերպը վարել:

Մեկ այլ խումբ, որ մինչեւ պատերազմն էլ կյանքին ու իրականությանը նայում էր անձնական ու նեղ ընտանեկան (խմբային) շահերի, օգուտ քաղելու տեսակետից, այսօրվա` հետպատերազմական իրականությունից նույնպես փորձում է եւ կփորձի օգուտ քաղել, այդ թվում՝ թուրքերի, ադրբեջանցիների եւ այլոց հետ գործարքների մեջ մտնելով: Այդ մոտեցումներով առաջնորդվողները մեր հասարակության մեջ մշտապես առկա են եղել:

Ոմանք էլ պատերազմից հետո, ամեն ինչից անկախ, շարունակում եմ իրենց սովորական աշխատանքային, ուսումնական, ծառայողական առօրյան: Նախընտրում են քիչ խոսել, չքննարկել, չքաղաքականացնել ամեն բան, այլ պարզապես կառուցել, բուժել, ծառայել, օգնել, վերականգնել, պարապել, մրցել, ուժեղանալ եւ ուժեղացնել: Այդպիսի մարդկանց քանակի եւ որակների խթանումը պետք է լինի խելամիտ ու պետականամետ իշխանության նպատակը: Այդ դասն ու փորձը, ցավոք, ՀՀ իշխանությունները դեռ չեն յուրացրել:

– Մարդկանց, քաղաքացիների մոտ երկրի անվտանգության, պաշտպանության, բանակի, հասարակական մթնոլորտի ու ընդվզումների մասին կարծիք, մեծամասամբ, ըստ քաղաքական ու պետական այրերի վարած երկխոսության է ձեւավորվում: Ինչո՞վ են մեզ այսօր սնում իշխանական ու ընդդիմադիր լիդերները: Դո՞ւք նույնպես տպավորություն ունեք, որ ձեռք-ձեռքի տվածՙ հասարակ մարդկանց միջանձնային հարաբերություններում գոյացած վիհն էլ ավելի են խորացնում երկուստեք:

– Դեռ «Թավշյա հեղափոխությունից» առաջ դադարել եմ լսել ՀՀ «վերնախավերին». ո՛չ ուսանելի էր, ո՛չ իրատեսական, ո՛չ հայանպաստ, ո՛չ էլ՝ ազնիվ: Փաստն այն է, որ ՀՀ իշխանությունները, ներառյալ «հեղափոխականները», որեւէ պետական գաղափարախոսություն, ազգային կենսակերպ եւ վարվելակերպ, օրինակելի կեցվածք չեն ստեղծել, չեն ցուցադրել ու չեն սերմանել:

Պատմության առաջ մեղքեր գործել են հայտնի բոլոր գործիչները, եւ դրանք ներելի են, եթե այդ մեղքերը ծառայեցվել են պետության շահին եւ բարօրությանը: Սակայն մեր դեպքում, դատելով երրորդ հանրապետության պատմությունից, իշխանությունների մեծ եւ փոքր սրիկայությունները բերել են պետության անկմանը, ազգային «ես»-ն ու կարողությունները սեղմելուն եւ փոշիացնելուն:

– Զարմանալի՞, տարօրինա՞կ, թե՞ օրինաչափ է, որ պատերազմից հետո մտավորականներն ու արվեստագետները չեն խոսում: Չէ՞ որ հասարակությանը ճշմարիտն ասելու, կրթելու, թմբիրից հանելու առաքելությունն, առաջին հերթին, նրանցն է:

– Հետաքրքրական զուգադիպություն է. պատերազմի օրերին Հայաստանում ռեստորանները բաց էին, համալսարանները՝ փակ: Այդ իմաստով պատահական չէ, որ մինչ այսօր էլ պատերազմի մասին քննարկումները, եզրակացությունները, պատերազմի դասերը քննարկվում են ռեստորանային, ոչ թե գիտական լեզվով: Հիշենք Արցախյան առաջին պատերազմի տարիները, երբ նորանկախ Հայաստանի արտաքին քաղաքականության մոտեցումները մշակվում եւ քննարկվում էին համալսարաններում:

44-օրյա պատերազմի օրերին ինձ հատկապես զայրացնում էր, որ համավարակի պատրվակով փակելով գիտական հաստատություններ, որտեղ ավանդաբար կուտակվում, փոխանակվում եւ տարածվում է մասնագիտական խոսքն ու միտքը, հեռուստատեսային բոլոր ալիքներով ու համացանցով շարունակում էին գովազդել շահումով խաղերը: Գժվել կարելի էր: Պետությունը, որտեղ բուհերը գրեթե չեն աշխատում, բայց ռեստորաններում կյանքը եռում է, մարդիկ խաղատներում ծախսում ու կորցնում են, հաղթել չէր կարող: Գիտնականները, արվեստագետները, զինվորները, բժիշկները, սպորտսմենները եւ իրենց մասնագիտական ոլորտին նվիրված մարդիկ միշտ էլ աշխատել ենՙ ուշադրություն չդարձնելով հանրային լպիրշությանն ու չլսելով, թե աշխատող մարդու հասցեին ինչպիսի ծաղրանք քննադատություն է հնչում:

 

Հարցազրույցը վարեց՝ Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031