Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց պաշտոնավարման երեք տարվա ընթացքում ինչո՞վ են զբաղվել ՀՀ իշխանությունները․ «Փաստ»

Հոկտեմբեր 16,2021 09:55

Փաշինյանը Ազգային ժողովում «մուննաթով» հայտարարում էր, թե «ինչ-որ պետք է, այն էլ բանակցում են»։ Հետն էլ՝ «այ քեզ բան»… Այս ամենը ուշագրավ տեսք է ստանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ծրարների փոխանակման, հատուկ բանագնացի առկայության, խոստումներ տալու մասին շրջանառվող տեղեկությունների ֆոնին։ Ու մինչ այսօր իշխանությունները դեռ մեր հանրությանը չեն ներկայացրել, թե ինչ են բանակցել, ովքեր են բանակցել։ Ի դեպ, հիմա էլ նույնն է, ամեն ինչ դարձյալ թանձր «ծխով» է պատված: Մյուս կողմից՝ բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, թե ինչու ՀՀ իշխանությունները մեր երկրի նկատմամբ բարեկամաբար տրամադրված երկրների հետ ժամանակին համապատասխան աշխատանքներ չեն տարել, որի արդյունքում կարող էր ավելանալ Հայաստանի քաշը տարածաշրջանում։ Օրինակ՝ ինչո՞ւ է Հնդկաստանի արտգործնախարարը վերջին օրերին միայն Հայաստան այցելում, հետո էլ պաշտոնական հանդիպման ժամանակ Փաշինյանը զարմանում է, որ Սուբրամանյամ Ջայշանկարը Հնդկաստանի առաջին արտգործնախարարն է, որ Հայաստան է այցելում։

Եվ տեղին է հնչում այն հարցը, թե իրենց պաշտոնավարման երեք տարվա ընթացքում ինչո՞վ են զբաղվել ՀՀ իշխանությունները։ Չէ՞ որ այս ընթացքում Ադրբեջանին հաջողվել է սերտորեն աշխատել Հնդկաստանի հակառակորդ Պակիստանի հետ տարբեր ուղղություններով՝ ռազմականով սկսած, տնտեսականով վերջացրած։ Մեր իշխանությունները միայն հիմա են հիշել Հյուսիս-Հարավ ծրագրի կարևորության ու համանուն ճանապարհի կառուցումն արագացնելու հարցում աջակցություն ստանալու նպատակով Թեհրանի հետ համագործակցության անհրաժեշտության մասին։ Ու մինչ այժմ ՀՀ իշխանությունները դեռ քննարկում են Իրանի հարավում գտնվող Չաբահար նավահանգստի օգտագործման հետ կապված խնդիրները։ Այսինքն, մինչև Հայաստանը կողմնորոշվում է, Թուրքիան ու Ադրբեջանը տարածաշրջանում կոնկրետ նախագծեր են իրականացնում։

Մի՞թե հնարավոր չէր պատերազմից առաջ Հյուսիս-Հարավի հետ կապված բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերել ու անցնել ճանապարհի արագացված տեմպերով կառուցմանը։ Այս ամենը վկայում է միայն այն մասին, որ իշխանություններն այսքան ժամանակ լավագույն դեպքում իսկապես անգործունակ են եղել, և իրենց արդարացումը տեղավորվել է միայն բոլոր հարցերում նախկիններին մեղադրելու շրջանակներում։ Ու պատահական չէ, որ նրանք հիմնականում հոնքը սարքելու տեղը, աչքն էլ հետն են հանել։ Օրինակ՝ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, թե դիվանագիտական ծառայության մեջ վերականգնելու է պրոֆեսիոնալիզմը, բայց քանի գնում, պրոֆեսիոնալիզմի մասով դիվանագիտական համակարգն ավելի ծանր վիճակում է հայտնվում՝ չհաշված մեկ-երկու բացառությունները։

Դա նրանից է, որ Փաշինյանն իր թիմակիցներին, առանց նրանց որակները և արդյունավետությունը հաշվի առնելու, հերթով դեսպան է ուղարկում կամ ԱԳՆ-ում առանցքային պաշտոնների է նշանակում։ Ըստ էության, պարզ է, որ Փաշինյանին պետք են ոչ թե որ գործից հասակացող մարդիկ նշանակվեն, ինչից պետությունը կշահի, այլ այնպիսի մարդիկ, որոնք ընդամենը կամակատարներ կլինեն։ Իսկ թե ինչո՞ւ է այսպես լինում, ու թե արդյո՞ք խնդիրը միայն վերը նշված «լավագույն դեպքում»-ի շրջանակներում է, իսկապես մտածելու հարցեր են…

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031