Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսիով ուղեւորությունը թանկ հաճույք է դարձել․ «Ազգ»

Հոկտեմբեր 16,2021 09:47

300 կամ 400 դրամի փոխարեն 700-ից 800 է այս պահին նվազագույնը: Սակագինը 1,5-2 անգամ ավելացել է, ստիպված կրկնակի ենք վճարում շատ կարճ ճանապարհի համար: Էլ չասեմ, որ «դոմինոյի էֆեկտը» գործեց, մասնավոր տաքսիստները բաց չթողեցին հնարավորությունը եւ նույնպես ավելացրեցին իրենց ծառայությունների արժեքը:

Երեւանյան տաքսիների ուղեվարձը նկատելիորեն թանկացել է, տաքսիով ուղեւորությունը թանկ հաճույք է դարձել, ուղեւորներն էլ սովորականից ավելի երկար են սպասում իրենց պատվիրած մեքենային: 2021 թվականի օգոստոսին, 2020 թվականի օգոստոսի համեմատ, արձանագրվել է սակագների 1.8% գնաճ: Տրանսպորտի գները բարձրացել են 10%-ով, որը հիմնականում պայմանավորված է տաքսի ծառայությունների սակագների բարձրացմամբ:

Քաղաքացիները բողոքում են՝ եթե նախկինում սակագների ավելացումը «պիկ» ժամերին սպասելի էր եւ արդարացված, ապա հիմա այդ մեխանիզմը գործում է բոլոր եղանակներին եւ անգամ համեմատաբար հանգիստ ժամերին:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ տաքսի ծառայությունների գնագոյացման վրա ազդում են ե՛ւ բնակլիմայական պայմանները, ե՛ւ երթեւեկության վիճակը, ե՛ւ վառելիքի գները:

Չիլինգարյանի համոզմամբ, խնդիրներ առաջացան, երբ շուկա մտան օնլայն տաքսիները, որոնք սկսեցին գին թելադրել, ընդ որում` գները սկզբում այնքան իջեցրին, որ ավանդական տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները կամաց-կամաց շուկայից դուրս մղվեցին, եւ երբ օնլայն տաքսիներն արդեն գրավեցին ողջ շուկան, սկսեցին ծառայությունների դիմաց պահանջվող գինը բարձրացնել:

«Սակագինը ես չեմ որոշում: Թե օրվա կամ գիշերվա այս կամ այն ժամին ձեզնից որքան գումար կգանձվիՙ որոշում է համակարգը»,- ասում է բջջային տաքսի-ծառայություններից մեկում որպես վարորդ աշխատող Կարենը՝ ավելացնելով. «Եթե տաքսի պատվիրեք, օրինակ, քաղաքի կենտրոնից մինչեւ որեւէ ծայրամաս, ապա ծանրաբեռնված ժամերին համակարգը, հավանական է` սովորականից 500-600 դրամ ավելի պահանջի: Այսինքն՝ 9-10 կմ-ի համար 1200 դրամի փոխարեն ստիպված կլինեք 1500-1800 դրամ վճարել: Եթե համակարգն այդպիսի սակագին է տալիս, նշանակում է՝ ճանապարհները ծանրաբեռնված են, ամբողջ կենտրոնում խցանումներ են, եւ տաքսի նստողները շատ են այդ ժամին»:

 

Հասմիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031