Ադրբեջանը պատրաստվում է հետագայում էլ անհիմն հայտարարություններ անել լրատվամիջոցների համար, որոնց Իրանը համապատասխան պատասխան կտա: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայեդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում արված հայտարարությունը, թե Հայաստանը և Իրանը իրականացրել են թմրաշրջանառություն դեպի Եվրոպա:
«Նման մեղադրանքները ծառայում են միայն ի շահ Իսրայելի և ուղղված են Իրանի և Ադրբեջանի եղբայրական ժողովուրդների հարաբերությունների վատթարացմանը»,- ասել է Խաթիբզադեն:
Նա նաև նշել է, որ Թեհրանը կարևոր դերակատարություն ունի թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում, ինչը բազմիցս հաստատել են համապատասխան միջազգային կազմակերպությունները:
«Ցավոք, տպավորություն է ստեղծվում, որ չնայած տարբեր շփումների ժամանակ Բաքվից ստացվող մասնավոր և դրական հաղորդագրություններին, այնտեղ դիտավորյալ կերպով անհիմն հայտարարություններ են անում լրատվամիջոցների համար, որոնց մենք, անկասկած, համապատասխան պատասխան կտանք»,- ասել է Խաթիբզադեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ