Նախորդ երկու օրերին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում անցկացվում էին բանավոր հրապարակային լսումներ՝ Հայաստանի հայցով: Մեր երկիրը պահանջում է «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հիման վրա միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Խոսքը հարեւան երկրի կողմից էթնիկ հայերի նկատմամբ բռնությունների, անմարդկային վերաբերմունքի, հայկական հուշարձանների ոչնչացման, ինչպես նաեւ ատելության խոսքի մասին է:
Ավելի վաղ Մինսկում հանդիպել էին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները: Դատելով պաշտոնական տեղեկություններից՝ կողմերի դիրքորոշումներն իրար դույզն անգամ չեն մոտեցել: Բայրամովը գտնում է, որ պետք է խաղաղություն հաստատել՝ ճանաչելով իր երկրի տարածքային ամբողջականությունը (այսինքն՝ ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս), ինչպես նաեւ ապաշրջափակել ճանապարհները (այսինքն՝ Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցք» տրամադրել): Ըստ Արարատ Միրզոյանի՝ պետք է բանակցություններ վարել Մինսկի խմբի շրջանակներում եւ վերադարձնել ռազմագերիներին: Դրան հետեւել է նաեւ մոտավորապես նույն բովանդակությունն ունեցող Փաշինյան-Ալիեւ հեռակա բանավեճը ԱՊՀ գագաթաժողովում:
Այս իրադարձությունների, ինչպես նաեւ վերջերս կայացած Պուտին-Փաշինյան հանդիպման ֆոնին Ադրբեջանն ինտենսիվացրել է սադրանքներն Արցախում, ունենք 6 վիրավոր: Հակառակ՝ սոցցանցերում տարածվող տագնապալի տրամադրությունների, կարծում եմ, որ այնքան ժամանակ, որքան Լեռնային Ղարաբաղում կան ռուս խաղաղապահներ, այնտեղ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն սկսվի: Ուրիշ հարց, որ մենք հենց այսօրվանից պետք է մտածենք, թե ինչ է լինելու 4 տարի հետո, երբ, բացառված չէ, խաղաղապահներն Արցախից գնան: Ինձ թվում է, Ադրբեջանի նպատակներից մեկը հենց դա է՝ ցույց տալ ռուսներին եւ ամբողջ աշխարհին, որ խաղաղապահները չեն կարողանում խաղաղություն ապահովել՝ նրանց ներկայությունն անիմաստ է, իսկ ահա երբ Ադրբեջանն «իր տարածքում» կարգ ու կանոն հաստատի (այսինքն՝ սպանի կամ արտաքսի բոլոր հայերին), ապա այդ ժամանակ տարածաշրջանում կհաստատվի կատարյալ անդորր:
Այս պայմաններում թե որոնք պետք է լինեն հայկական կողմի քայլերը, այս պահին չեմ կարող ասել: Ինձ համար ակնհայտ է միայն, թե ինչ ՊԵՏՔ ՉԷ անել:
Կարդացեք նաև
1/ Չհայտարարել, որ սկսվել է խաղաղության դարաշրջանը:
2/ Չհայտարարել, որ դրանք դրական ազդակներ են Ադրբեջանի կողմից:
3/ Առանձնապես հույսեր չկապել այսպես կոչված «միջազգային իրավունքի» հետ:
Այս վերջին կետի հետ կապված՝ փոքրիկ մեջբերում անեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրքից. «Թեեւ անցյալում եւս, ինչպես եւ մեր օրերում, միջազգային իրավունքը սահմանվում էր գերտերությունների կողմից, բայց դա տեղի էր ունենում ոչ թե համապատասխան կազմակերպությունների մակարդակով, այլ կայսրությունների որդեգրած եսակենտրոն հայեցակարգերի հռչակման միջոցով, փույթ չէ, թե դրանք ի բնե կհակասեին միմյանց, եւ ազգերի համակեցությունը կարգավորելու փոխարեն, աշխարհը կվերածեին անհաշտ թշնամանքի թատերաբեմի»: Թեեւ ասված է միջնադարի համատեքստում, բայց, կարծում եմ, արդիական է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Քանի դեռ մեզ պետք է օգնեն, մենք դեռ երեխա ենք, հենց հասունանք եւ պատասխանատվություն զգանք մեզնից թույլերին պաշտպանելու համար, այդ ժամանակ կկոչվենք հասուն ազգ: Մեր խնդիրը ժողովրդի մեջ չի, մենք լավագույն ժողովուրդներից մեկն ենք աշխարհում, մենք հարգված Ուսուցիչներ չունենք, որին այս լավագույն ժողովուրդը հարգանքից ստիպված վերափոխվի ու լավագույն ազգերից մեկը դառնա: Լավագույն ուսուցիչը նա է, ով ալարկոտ ու իր մասին շատ ցածր կարծիք ունեցող աշակերտի մեջ բացահայտում է տաղանդ, սա միմիայն ուսուցչի հանդեպ ամպի չափ հարգանքի, ուսուցչի մեծագույն պահանջկոտության եւ ուսուցչի սրտացավ վերաբերմունքի շնորհիվ է իր աշակերտի հանդեպ: Իսկական ուսուցիչը երբեք չի բողոքի իր աշակերտից եւ ինչքան տաղանդավոր է աշակերտը, այնքան պահանջկոտ է նրա հանդեպ ուսուցիչը: Ստվերային կառավարությունը մի քիչ բարձրագույն պետական մտածողություն է պահանջում, սկսենք ուրեմն ժողովրդի մեջ պետական մտածողություն սերմանել ժողովրդի կողմից հարգված ու սիրված մարդկանց միությամբ, թող ամեն մեկը մի առարկա վերցնի ու դասավանդի ժողովրդին ազգ դառնալու արվեստն ու գիտությունը: Մանկամիտ ժողովուրդներն են, որ մտածում են թե հզորները նրանց պետք է պաշտպանեն, իսկ կայացած ազգերը մտածում են գրավել մանկամիտ ժողովուրդներին, վատերը’ ոչնչացնելու նպատակով, լավերը’ այդ մանկամիտ ժողովուրդներից ազգ են դաստիարակում եւ դարձնում իրենց համար հուսալի դաշնակից: Ժողովրդի հարգված ուսուցիչներ, միացե՛ք: