Լրահոս
Օրվա լրահոսը

«Վտանգավոր նախագիծ է, եթե ընդունվի, դա կխթանի ստվերային զբաղվածությունը»

Հոկտեմբեր 16,2021 14:30

«Հերթական վատ փաստաթուղթն է։ Այս կարծիքին է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ կառավարության՝ օրերս շրջանառության մեջ դրած, այսպես ասած, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին ուղղված նախագծի մասին։

Հիշեցնենք, «Աշխատանքային օրենսգրքում» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ անելու նախագծով նախատեսվում է՝ եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստումը հավաստող փաստաթուղթը կամ թեստավորման բացասական արդյունք, ապա գործատուն իրավունք է ստանում չթույլատրել աշխատողին աշխատանքի անցնելու, իրավունք է ստանում չվճարել աշխատավարձ այդ ժամանակահատվածի համար եւ այդպես երեսուն օր չներկայանալու համար գործատուն իրավունք է ունենում լուծել պայմանագիրը։ Այդ ժամանակահատվածում չի կուտակվելու ամենամյա արձակուրդ եւ դա չի համարվելու աշխատանքային ստաժ։ Գրեթե նույն կարգավորումներն են նախատեսվում «Հանրային ծառայության մասին» օրենքում, որոնք տարածվում են հանրային ծառայողի եւ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վրա, այսինքն՝ նրանց լիազորությունների դադարեցմանն այն դեպքում, եթե աշխատողը ծառայության ներկայանալիս չի ներկայացրել պատվաստման հավաստագիրը կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։ «Եթե 30 օր անընդմեջ կամ մեկ տարվա ընթացքում 50 օր չի ներկայացել ծառայության, հենց այդ հիմքով պետությունը լիազորություն է ստանում դադարեցնել հանրային ծառայողի ծառայությունը»։

Գագիկ Մակարյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է՝ վատ փաստաթուղթ է, այն, եթե ընդունվի, մի շարք խնդիրներ կառաջացնի։ «Երբ գործատուին իրավունք են տալիս չպատվաստված կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք չներկայացրած անձին աշխատանքից ազատել, սա խնդրի լուծում չէ, նախ՝ գործատուները ցանկություն չունեն աշխատողներին ազատել աշխատանքից, գործատուներին պետք են այդ աշխատողները։ Բացի դրանից, աշխատաշուկայում մեծ դեֆիցիտ կա մասնագետների։ Եթե ազատի, հետո ո՞ւմ ընդունի աշխատանքի, որտեղի՞ց գտնի կադր։ Եթե գտնի էլ, մինչեւ վերապատրաստի, դարձնի իր ուզած մասնագետը, ժամանակ է կորցնելու»,-ասում է Մակարյանը։ Նա նաեւ հիշեցնում է՝ կան անփոխարինելի աշխատողներ, եթե գործատուն նրանց ազատի, չի կարողանալու այդ թափուր տեղը լրացնել։

Պարոն Մակարյանի ներկայացմամբ՝ այս նախագիծը վտանգավոր է, եթե ընդունվի, ապա դա կարող է գեներացնել ստվերային զբաղվածությունը. «Այսինքն գործատուն եւ աշխատողը գան համաձայնության եւ աշխատողին աշխատանքից ազատի, պաշտոնապես չձեւակերպի եւ այսուհետ ում էլ ընդունի աշխատանքի, փաստաթղթերով չի ձեւակերպի, որպեսզի գլխացավանքի մեջ չընկնեն երկուսով»։
Գագիկ Մակարյանը որոշ հաշվարկներ է կատարել, որոնք, իր կարծիքով, ցույց են տալիս, որ կառավարության ներմուծած կարգավորումը դժվար թե ապահովի հանրային առողջությունը՝ վիրուսի տարածման շղթան կոտրելու իմաստով։

«Պետական եւ մասնավոր հատվածում կա 654 հազար աշխատող, որից մոտ 450 մասնավորում, մեր երկրում աշխատունակ մարդիկ 1,7 մլն են, այսինքն, մնացածը դուրս են մնում պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջից։ Այսինքն, այդ մարդիկ, որոնք ինքնազբաղվածներն են, օրական մի տեղ մի բանով զբաղվում են՝ տոնավաճառում մի բան են վաճառում, տաքսի են վարում, բնակարաններում ինչ-որ նորոգման աշխատանքներ են անում, իրենք վարակի տարածման աղբյուր են եւ չեն վերահսկվում։ Իսկ 654 հազարը, որոնք պիտի պատվաստվեն կամ ՊՇՌ թեստ հանձնեն, դա ազգաբնակչության մոտ 25% տոկոսն է, իսկ աշխատունակ մարդկանց 32%-ը դուրս է մնում վերահսկողությունից։ Այսինքն, մեծ քանակ պիտի լինի, որպեսզի ապահովվի հանրային առողջությունը»,-ասում է Մակարյանը։

Մեր դիտարկմանը՝ նախագծի հեղինակները վստահեցնում են, որ այն միջազգային փորձը հաշվի առնելով է մշակվել, Մակարյանն այսպես է արձագանքում. «Այո, նման փորձ օգտագործում են շատ երկրներ, բայց այդ երկրներում աշխատող-գործատու հարաբերությունները ինստիտուցիոնալ մակարդակի վրա են, հարաբերություններն օրենսդրորեն լավ կարգավորված, տարբեր այլ կառույցներ կան, որոնք իրենց դերակատարությամբ նպաստում են, օգնում են այդ հարաբերություններին եւ այս իրավիճակի հաղթահարմանը։ Հայաստանում այդպես չէ։ Ի վերջո, հանրային առողջությունը հանդիսանում է պետության պատասխանատվությունը, առողջապահության նախարարության խնդիրն է, որը պետք է հոգ տանի, ճիշտ քարոզչություն վարի, բարձրացնի վսստահությունը պատվաստանյութերի նկատմամբ, պետական այրերի նկատմամբ»։

Մեր հարցին՝ իսկ ի՞նչ պետք է անի պետությունը, երբ քովիդից օրական երեք տասնյակից ավելի մահեր են գրանցվում, հիմա երկրում համաճարակային իրավիճակը լարված է, նման կարգավորումները ուղղված են վարակի տարածումը կանխելուն, Մակարյանը պատասխանում է. «Պետք է գտնեն այլ մեխանիզմներ։ Հիմա կառավարությունն իր ազդդեցության դաշտը փոխել է, հանրային առողջության ապահովումը չի ստացվում, դաշտը տեղափոխել է գործատուի վրա, որովհետեւ նրա վրա լծակ ունի։ Պետք է զգույշ լինել գործատու-աշխատող հարաբերություններում նման կարգավորումներ մտցնելիս, քանի որ պետք է հաշվի առնել, որ մեր երկրում աղքատության ցուցանիշը բարձր է, գործազրկությունն ավելացել է, հաշմանդամություն ունեցողների թիվն էլ է ավելացել, երկրում սոցիալական վիճակը շատ ծանր է, կադրերի դեֆիցիտ կա, ինչը ձեռնարկատիրության զարգացմանը խանգարում է, իսկ այսպես՝ կիսատ-պռատ ռեֆորմներով խնդիրը չի լուծվի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031