Լրահոս
Օրվա լրահոսը

33 երկրաշարժ, բնակչության սպասարկման, ժամանցի օբյեկտներում հրդեհներ ու պայթյուն

Հոկտեմբեր 16,2021 14:00

ՀՀ-ում տեղի ունեցած արտակարգ դեպքերը

Անցյալ տարի մեր երկրում տեղի ունեցած տարերային վտանգավոր երեւույթներն ամենաշատը Վայոց Ձորում են գրանցվել: Ուշագրավ է, որ այս մարզում նման դեպքերի թիվը գրեթե քառակի ավելի են մյուս մարզերի համեմատությամբ: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվությունից, որը կոմիտեի մասնագետները ամփոփել են օրերս: Վայոց Ձորում արձանագրվել է 182 վտանգավոր երեւույթ: Համեմատության համար նշենք, որ խիտ բնակեցված Երեւանում 49 դեպք է արձանագրվել, Արագածոտնի մարզում՝ 26, Գեղարքունքիում՝ 33 դեպք, Շիրակում 36 դեպք, Տավուշում՝ 31: Ընդհանուր առմամբ, անցյալ տարի, հանրապետությունում գրանցվել է նման 498 դեպք, ինչի արդյունքում զոհվել է 5 մարդ, 1-ը՝ վիրավորվել: Տարհանվել է 1 932 քաղաքացի: Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ անցյալ տարվա ընթացքում 33 երկրաշարժ է եղել:

Մեր երկրում գրանցված արտակարգ դեպքերի թիվը անցյալ տարի 15 հազար 216 է: Տուժել է 170 հազար 442 մարդ, զոհվել՝ 3 հազար 284-ը: 167 հազար 158-ը` վիրավորվել: Տարհանվել է 5 հազար 190 մարդ, փրկվել է 180 մարդ: Ի դեպ, արտակարգ դեպքերի 70.3%-ը բաժին է ընկել տեխնածին արտակարգ դեպքերին, որոնց հետեւանքով 376 մարդ զոհվել է:

Ուժեղ քամու, փոթորիկի, պտտահողմի 70 դեպք է եղել: Ամպրոպի, կայծակի՝ 5 դեպք, որից մեկ մարդ տուժել է: Կարկուտի 53 դեպք է գրանցվել, հեղեղման, գետերի վարարման 9 դեպք: Տեղատարափ անձրեւներից տարհանվել է 37 մարդ: Բքի, ձնահողմի մեջ է հայտնվել 1 665 մարդ, որոնք տարհանվել են: 210 քաղաքացի էլ մերկասառուցից է տուժել: Այս աղետների հետեւանքով զոհվել է 5 մարդ:

Մարդատար գնացքի 1 պատահար է եղել, որի արդյունքում մարդ չի տուժել, սակայն ապրանքատար 9 գնացքի պատահարի պատճառով 4 մարդ տուժել է:

2020-ին 4 հազար 16 ճանապարհատրանսպորտային պատահար է եղել, ինչի արդյունքում տուժել է 6 հազար 194 մարդ: Զոհվել են 348-ը: Բնակելի շենքերում եւ շինություններում հրդեհի 960 դեպք է գրանցվել, 8 մարդ զոհվել է, 23-ը վիրավորվել: Կազմակերպություններում հրդեհի 30 դեպք է եղել, ուսումնական հաստատություններում՝ 15: Տեղեկանում ենք, որ էներգամատակարարման օբյեկտներում անցյալ տարի հրդեհի 269 դեպք է գրանցվել, գազամատակարարման օբյեկտներում՝ 35:

Մեծ է առեւտրի, բնակչության սպասարկման, ժամանցի օբյեկտներում տեղի ունեցած հրդեհների թիվը՝ 124 դեպք: Բուսածածկ տարածքներում էլ 3 հազար 541 հրդեհ է եղել: 59 դեպքով պահեստավորված անասնակերն է այրվել:

Անցյալ տարվա ընթացքում, ինչպես տեղեկանում ենք կոմիտեի հրապարակումից, բնակելի շենքերում, շինություններում պայթյունի 14 դեպք է գրանցվել: Պայթյունի երկու դեպք էլ արդյունաբերական օբյեկտներում է եղել: Տրանսպորտում պայթյունի 1 դեպք է արձանագրվել: Երկու պայթյուն էլ առեւտրի, բնակչության սպասարկման, ժամանցի օբյեկտներում է տեղի ունեցել:

Երեք դեպքով էլ համապատասխան մարմինները ճառագայթային, քիմիական, կենսաբանական վտանգավոր աղբյուրներ ու նյութեր են հայտնաբերել: Առեւտրի, բնակչության սպասարկման, ժամանցի օբյեկտների փլուզման 2 դեպք է գրանցվել:

Ընդհանուր առմամբ տեխնածին 10 հազար 699 դեպք է գրանցվել, որից 376-ը զոհվել են, 5 հազար 916 մարդ՝ վիրավորվել: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Երեւանում՝ 4118, ապա՝ Արարատի մարզում՝ 1114: Ըստ վիճկոմիտեի, տեխնածին 803 դեպք էլ Արմավիրում է եղել:
Անցյալ տարի 4 հազար 246 մարդ թունավորվել է սննդից, շմոլ գազից, ալկոհոլից, դեղորայքից, քիմիական նյութերից, որից 58-ը մահացել է: 23 մարդ ջրահեղձ է եղել արհեստական եւ բնական լճերում, ջրավազաններում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031