Լրահոս
Օրվա լրահոսը

Տվյալների՝ «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակվելուց հետո հեռացման կամ ոչնչացման կարգ նախատեսված չէ

Հոկտեմբեր 16,2021 13:30

Դատական ակտի ուսումնասիրությունից անձի ինքնությունը բացահայտվում է

«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում անձնական տվյալների պաշտպանության խնդրի մասին բարձրաձայնվել է 2012 թվականից: Դատական ակտերի որոնման համակարգում դատավարության մասնակիցների անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ միջոցառումների ձեռնարկումը դեռեւս նախատեսված էր ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների ծրագրով: Թեեւ գործողությունը չի կատարվել, սակայն վերջինս ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների 2016 թվականին կատարման վիճակի վերաբերյալ հաշվետվությամբ նշվել է որպես ամբողջությամբ կատարված՝ մանրամասնելով, որ «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում անձնական տվյալները «փակվել» են 2015 թվականի մայիսի 18-ին ընդունված եւ 2015 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների հիման վրա:

Չնայած «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգի միջոցով որոշակի առումով ապահովվում է դատավորների հաշվետվողականությունը եւ դատական ակտերը հանրությանը հասանելի դարձնելը երաշխավորում է դատավորների գործունեության թափանցիկությունը, սակայն դատական համակարգի գործունեության հանրային հաշվետվողականության բարձրացումը չի կարող իրականացվել անձի մասնավոր եւ ընտանեկան կյանքի գաղտնիության, ինչպես նաեւ անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտմամբ»,- ՀՔԱՎ-ը՝ «Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեա» Վանաձորի գրասենյակը երեկ իր դիրքորոշումն է արտահայտել «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում անձնական տվյալների պաշտպանության եւ ապաանձնավորման խնդրի վերաբերյալ:

Ըստ իրավապաշտպան կազմակերպության, «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում ամեն օր հրապարակվում են հարյուրավոր դատական ակտեր, որոնցով բացահայտվում են անձնական՝ կենսաչափական, հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ, անձի անձնական եւ ընտանեկան կյանքին առնչվող տեղեկություններ: Ընդ որում, նշված տվյալների՝ «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակվելուց հետո հեռացման կամ ոչնչացման կարգ նախատեսված չէ, ինչը ենթադրում է անձի անձնական տվյալների հասանելիություն այլ անձանց համար. «Հատկապես մտահոգիչ է այնպիսի զգայունության անձնական տվյալների հրապարակումը, որոնք առնչվում են անձի ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը, մարդու իմունային անբավարարության հարուցիչով (ՄԻԱՎ) վարակված լինելու հանգամանքին»:

Ուշադրություն է հրավիրվում նաեւ դատական ակտերում կողմերի անձնագրային տվյալների, հաշվառման հասցեների նշմանը:
Թեեւ «Պատասխանող» դաշտը դատարկ է թողնվում, այնուամենայնիվ «Պահանջ» դաշտում եւ դատական ակտում լրացվում է անձի անուն-ազգանունը, որով բացահայտվում է անձի ինքնությունը:

Բարձրագույն դատական խորհուրդը 2018 թվականի սեպտեմբերի 27-ին կայացված թիվ ԲԴԽ-40-Ո-105 որոշմամբ սահմանել է դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվող դատական ակտերում անձնական տվյալների ապանձնավորման կարգը եւ անձնական տվյալների ապանձնավորման այլ դեպքերը: Նշված որոշմամբ, սակայն, Բարձրագույն դատական խորհուրդը անդրադարձել է ոչ միայն դատական իշխանության պաշտոնական կայքում, այլ նաեւ «դատական համակարգ»-ում անձնական տվյալների ապաանձնավորմանը: Մասնավորապես, որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետի համաձայն. «Դատական համակարգ» համակարգչային ծրագիրն ավտոմատ կերպով դատական ակտի տեքստում նույնականացնում եւ ապանձնավորում է սույն կարգում նշված ապանձնավորման ենթակա անձնական տվյալները՝ պահպանելով ապանձնավորման գործընթացին ձեռքով միջամտելու հնարավորությունը: Նշված ծրագրի միջոցով ապահովվում է նաեւ ավտոմատացված եղանակով դատական իշխանության պաշտոնական կայքում ապանձնավորված կերպով դատական գործի եւ դրա ընթացքի հրապարակումը»:

Որոշման 1-ին հավելվածի 12-րդ կետի համաձայն. «Դատական ակտում առկա Անձնական տվյալների ապանձնավորման նկատմամբ հսկողությունն իրականացնում է տվյալ ակտն ընդունող դատավորը»:

ՀՔԱՎ-ի դիտարկմամբ, դատական տեղեկատվական համակարգում անձնական տվյալները պետք է մշակվեն այն նվազագույն չափով, որն անհրաժեշտ է դատավարական որոշումների ու ժամկետների, ինչպես նաեւ դատական ակտերի հրապարակայնության ապահովման համար՝ երաշխավորելով սահմանված տվյալների ապաանձնավորումը: Առաջարկվում է. «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում նախատեսել «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում տեղադրվող ակտերի ապաանձնավորման վերաբերյալ դրույթ, համակարգում ներդնել ապաանձնավորման ծրագիր՝ այդ թվում ապահովելով արդեն իսկ առկա անձնական տվյալների հեռացումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031