Հարցազրույց բանաստեղծուհի Սոնա Վանի հետ
-Օրերս եք վերադարձել Խորվաթիայից՝ 3 միջազգային մրցանակներով: Շնորհավորում եմ Ձեզ: Ի՞նչ մրցանակներ եք ստացել և ընդհանրապես ի՞նչ է տալիս մրցանակը բանաստեղծին:
-Խորվաթիայում կայացած պոեզիայի միջազգային փառատոնին մասնակցում էին 13 տարբեր երկրներից ժամանած գրողներ և փիլիսոփաներ: Մրցանակներից մեկը՝ «Դոնատ» կոչվող, տրվեց Խորվաթիայի մշակույթի նախարարության և գրողների միության կողմից: «Պիտեր Կոնավելիչ» մրցանակը Խորվաթիայի պետական մրցանակն է, իսկ երրորդը՝ «Ֆենիքս» կոչվող մրցանակը, տրվել է Լեհական ակադեմիայի կողմից՝ «իմպրեսիոնիզմը պոեզիայի մեջ» անվանակարգում: Ես հրավիրված էի որպես փառատոնի պատվավոր հյուր ու իսկապես չէի ակնկալում այս ամենը: Բոլոր դեպքերում հաճելի էր տեսնել տարալեզու գրողներ ու ընթերցողներ, որոնք ազդված են քո գրքից, անգամ անգիր են հիշում որոշ տողեր: Գիրքը, որ արդեն 26 լեզուներով թարգմանված է, այսօր ունի իր լսարանը աշխարհի տարբեր երկրներում, իսկ դա ցանկացած պոետի երազանքն է: Միավորել մարդկային հոգիները բանաստեղծական խոսքի միջոցով, ցույց տալով, որ մարդ արարածը ամենուր ապրում է միևնույն հույզերով՝ ապահովելով տեսակի զգայական շարունակականությունը քարանձավից մինչև այսօր: Մրցանակները նաև հնարավորություն են տալիս բեմից դիմել շատ-շատերին և կիսել իմ մտահոգությունները, մարդու, մարդկային ցեղի ու աշխարհի տարաբնույթ խնդիրների մասին, նաև լսել նրանց, մեծացնել սեփական կարեկցանքի, սիրո ու հանդուրժողականության սահմանները, ստեղծել մարդկային ու գրական նոր մտերմություններ: Առաջին անգամ էի Խորվաթիայում ու պարզապես հիացած եմ բնության շռայլ գեղեցկությամբ, այնտեղ ապրող բարի, խաղաղ և բարձրահասակ մարդկանցով ու էլ ավելի բարձր լեռների ու առավել խաղաղ ծովի գեղեցկությամբ: Կարծում եմ, որ սա քիչ չէ մեկ այցելության համար:
Կարդացեք նաև
-Պայմանավորվեցինք չքաղաքականացնել մեր զրույցը, բայց մեր օրերում հնարավոր չէ որևէ զրույց սկսել, առանց անդրադառնալու 44 օրյա պատերազմին ու դրա շարունակվող հետևանքներին՝ սահմանի վրա, մայրերի ու ողջ ազգի սրտերում: Ի՞նչ կատարվեց, ինչու՞ և արդյո՞ք հնարավոր չէր ելքի ավելի լավ տարբերակով:
-Այս վերջին հարցը ես հաճախ Աստծուն եմ տալիս, ու նա մինչ օրս չի կարողացել պատասխանել. արդյոք այս իրականությունը լավագու՞յնն էր, որ նա կարող էր արարել, թե՞… Ցավոք սրտի հաճախ այն, ինչ կատարվում է պատերազմի դաշտում, մնում է պատերազմի դաշտում ու կողքից post-factum դատողություններ անելը դժվար է, հատկապես իմ պես պատերազմից չհասկացող մեկի համար: Իմ կարծիքով պատերազմը խելագարություն է, շիզոֆրենիա, ու այն սառը դատողությամբ կշռելը անհեթեթ է: Այն հարկավոր է բուժել ու կանխարգելել: Եվ դրան է ուղղված եղել իմ վերջին տասը տարիների ողջ հոգևոր ու մտավոր էներգիան, երևակայությունն ու խոսքը: Իմ անկեղծ կարծիքով յուրաքանչյուր թագավորի նպատակը պատերազմում հաղթելն է ու գոնե սրան ես մինչ օրս հավատում եմ: Պարտությունը այս դեպքում, երբ հայ զինվորը կռվում էր իրենից հզոր բանակի հետ ու եռակողմ համաձայնության շրջանակներում (որտեղ Հայաստանն այդ կողմերից մեկը չէր, և որտեղ բոլորը ունեին իրենց ճշգրիտ սպասելիքները), եթե ոչ անխուսափելի, ապա գոնե հասկանալի էր։ Այս պատերազմի միջոցով բացահայտվեցին ոչ միայն մեր թշնամիների ու դաշնակիցների իրական դեմքերը, այլ նաև քաղաքակիրթ աշխարհի ու խաղաղապահական առաքելություն կրող կառույցների փչացածությունն ու վեհ գաղափարների (մարդու իրավունք, ժողովրդավարություն, մարդասիրություն) պատեհապաշտ, իրավիճակային բնույթը: Պարզվեց նաև, որ ծովից-ծով Հայաստանից մինչև հետզհետե մի բուռ դարձող մեր երկրի հավերժականությունը պայմանավորված է եղել ոչ թե մեր առաջնորդների հայրենասիրությամբ, քաջությամբ և անձնազոհությամբ, այլ նրանց հարմարվողականությամբ, որը բնության մեջ տեսակը ամեն գնով պահպանելու ճկունության նշան է: Ճկվելով ու մուտացիայի ենթարկվելով գոյությունը երկարաձգելու ձևով, որն առավել հարիր է վիրուսին, քան մարդ արարածին: Մեր հազարամյակների պատմությունը դրա վկայությունն է: Այս համատեքստում ես չեմ կասկածում մեր ազգի հավերժականությանը ու մի կարծեք, որ ինձ համար հեշտ է այդպես մտածելը: Բայց ազգը միայն առաջնորդներով չի լինում, ու մեր ժողովուրդը դեռ կրում է ավելի արժանապատիվ հավերժականություն ապահովելու կոդը իր մշակույթով, բացսրտությամբ, իր միամտությամբ ու իր իմաստնությամբ: Որքան էլ փոքրանա հայրենիքը ու թեկուզ վերածվի ընդամենը մեկ քարի, էպոսի իր հերոսի պես ազգը կտեղավորվի այդ քարի մեջ, սպասելով ավելի լավ ժամանակների: Մինչև ցորենը դառնա ձվի չափ ու արդարություն տիրի աշխարհում, մինչև արարվի այդ նոր աշխարհը։ Թաքնվել-սպասելը մեր ազգի ամենաբնորոշ գծերից է:
-Նոր աշխարհի և նոր աշխարհակարգի մասին վաղուց է խոսվում: Ոմանք համոզված են, որ մենք արդեն դրա մեջ ենք, բայց դեռ պարզ չէ, թե ի՞նչ աշխարհակարգ է սա և ի՞նչ արժեքային համակարգ է այն բերում: Թե ինչպե՞ս է հարկավոր պատրաստվել դրան:
– Ես նույնպես կարծում եմ, որ մոլորակի մասշտաբով աշխարհը թևակոխել ենք նոր դարաշրջան: Կապիտալիզմը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքը, ազատությունն ու անկախությունը այլևս նույն բանը չեն նշանակում, թեպետ շարունակում են շրջանառվել: Ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը, եթե ժողովրդավարության օրրանում՝ ԱՄՆ-ում, հերթական նախագահ Թրամփը 2016 թվականին իր նախընտրական խոսքի մեջ պարծենում է՝ ասելով, որ «Եթե ես այսօր կանգնեմ կենտրոնական 5-րդ փողոցի վրա և մարդ գնդակահարեմ, դրանից չի փոխվի ինձ ընտրող ձայների թիվը և ինձ չի հետապնդի օրենքը:» Ու նա չէր սխալվում: Ցինիզմը ե՞րբ է ժողովրդավարության մասը կազմել: Ազատ խոսքն ու ընտրելու հավասար իրավունքը լավ պտուղներ կարող են տալ մինչև այն ժամանակ, երբ հասարակությունը համասեռ է, իրավապես կրթված ու քաղաքականապես տեղեկացված, այլապես տգետների մեծամասնությունը կընտրի գիտունների փոքրամասնության համար: Նոր աշխարհի նոր Աստվածը վախի Աստվածն է: Վախ, որը հոգեբանորեն խաթարում է ուղեղի մի մեծ մասի աշխատանքը, մարդուն դարձնելով անիրատես, հեշտությամբ հեղինակությունների կամ ուրիշների կարծիքներին տրվող, կասկածամիտ սեփական դատողությունների և արժեքների նկատմամբ։ Վիճակագրություն կա, որ ամերիկացիների 65 տոկոսը վախեցել է իր անկեղծ կարծիքը հայտնել Թրամփի մասին, որը կհակասեր մեծամասնության կարծիքին: Մարդը մշտապես վախենում է սպիտակ ագռավի կարգավիճակից և ընդդեմ իր տրամաբանության և արժեքային համակարգի՝ հաճախ նախընտրում է միանալ մեծամասնություն կոչվող տխմարների խմբին, պարզապես իրեն մերժված չզգալու համար: Եվ սա է, որ աշխարհը տանում է դեգրադացիայի: Ցանկացած բռնարար նախընտրում է տխմարների մեծամասնությունը: Նախկինում թագավորները իմաստուններ էին պահում իրենց կողքին ու քաղաքներ էին կառուցում իրենց անվամբ, իսկ հիմա իմաստուններին աքսորում են ու քաղաքներ քանդում: Եվ սա կոչվում է քաղաքակրթական էվոլյուցիա: Մոլորակի վրա երբեք այս թվով գաղթականներ չեն եղել և ոչ էլ այսքան մեծ թվով որբեր, որոնք տարուբերվում են օվկիանոսի ալիքների վրա՝ թղթե նավերի մեջ, հուսալով, որ ինչ-որ երկիր կորդեգրի իրենց: Ծայրահեղականությունը հասել է իր գագաթնակետին, որը նույնպես կրթության պակասի ու աղքատության պակասի հետևանք է։ Ռոբոտները ամենուրեք փոխարինում են մարդկանց, և գործազրկությունը հետզհետե ավելի է շատանալու: Հին աշխարհը պարզապես դատապարտված էր հեռանալու: Եթե բյուջեի մինչև 50-60 տոկոսը չծախսվեր պատերազմների և սպառազինության վրա, երկրագնդի վրա չէր լինի և ոչ մի քաղցած մանուկ և ոչ մի զավակակորույս մայր, և մարդը կկարողանար իրականացնել իր աստվածատուր պոտենցիալը, կկարողանար անկողին մտնել առանց խղճի խայթի: Սա է իմ երազած նոր աշխարհը: Ես վստահ եմ, որ միայն կանանց միասնական ճիգով է հնարավոր ստեղծել այսպիսի իրականություն: Խաղաղության առաջին շահառուն կինն է, որի զավակները խլվում են պատերազմի կողմից և միայն կինն ունի ամենաուժեղ մոտիվը՝ պատերազմը իր բնի մեջ սպանելու: Որպես թշնամիներով շրջապատված և հուսալի դաշնակիցներ չունեցող փոքրաթիվ ժողովուրդ մեզ ամենից շատ է հարկավոր, որ աշխարհը վերահսկվի հուսալի գլոբալ խաղաղապահական կառույցի կողմից, որը միանգամից կկանխի ցանկացած զինված ընդհարում և կպատժի այն սկսողներին։ Եվ ընդհանրապես ես երազում եմ այն օրվա մասին, երբ աշխարհում կլինի մի եզակի բանակ՝ կազմված տարազգի զինվորներից, որը կապահովի ողջ աշխարհի խաղաղությունը: ՆԱՏՕ-ն իբր այդպիսի կառույց է, բայց աշխարհը լավ տեսավ, թե ինչպես է գործում այն, ինչպես նաև ՀԱՊԿ-ը, որոնք կառավարվում են չաղ կատուների կողմից, որոնք զահլա չունեն մուկ որսալու: Նոր սերունդը, հատկապես կանայք, պիտի փորձեն մասը կազմել այդպիսի կառույցների, որպեսզի պատասխանատու պահեն նրանց, հիշեցնելով իրենց առաքելության մասին: Առաջիկա տասնամյակների ընթացքում ճիշտ դիվանագիտությունը աշխարհի քարտեզի վրա մեր տեսանելիությունը ապահովելու, մեր ազգային առանձնահատկությունները (խաղաղասիրության, արարչագործության, շռայլության և այլն) վեր հանելը պիտի լինի, որպեսզի քաղաքակիրթ աշխարհը դադարի թուրքական հռետորաբանության արդյունքում մեզ որպես ագրեսորներ ճանաչել, որը իբր նրանց իրավունք էր տալիս լռել և թույլ տալ, որ կրկնվի հայկական եղեռնը: Թեպետ ահաբեկիչների մասնակցությունը պետք է, որ քանդեր լռության հզոր պատը, թե՛ արևմուտքի, և թե հատկապես, մեր դաշնակցի համար, նրանց իրավունք տալով միջամտել պատերազմին և թույլ չտալ, որպեսզի հազարավոր անմեղ զոհեր լինեն: Մնում է մտածել, որ սա իրոք եռակողմ համաձայնեցված դավադրություն էր՝ հայ պետականությանը ծնկի բերելու, իրենց ցանկացածը ստանալու և խոստումներ կատարելու համար: Այն, ինչ հիմա ավելի տեսանելի է, քան երբևէ: Ես հույս ունեմ, որ աշխարհաքաղաքականությունը կաշխատի մեր օգտին և մենք ակամայից կհայտնվենք գետի ճիշտ ափին։ Իհարկե միայն սրա վրա հույս դնել չենք կարող: Նախ հարկավոր է սթափվել այս մղձավանջից: Այս հոգեվիճակը ես նմանեցնում եմ «մահվան կարուսել»-ի մեջ հայտնվածի դիզնելենդյան հոգեվիճակին, երբ անսպասելիորեն մեծացող արագության և բարձրության հետևանքով մի պահ հարցնում ես ինքդ քեզ՝ «ո՞վ եմ ես և ի՞նչ եմ անում այս անիվի վրա»: Երբ բացակայում են բոլոր էմոցիոնալ ռեակցիաներդ՝ բացի վախից: Մինչդեռ միայն դա էր հարկավոր հաղթահարել, որպեսզի հնարավոր դառնար թուլանալն ու վայելելը: Այսօր մենք ազգովի հայտնվել ենք մահվան այդ կարուսելի մեջ և մեզ միավորողը միայն վախն է: Վախը, որի պատճառով չենք կարողանում գիտակցել իրավիճակի ամբողջականությունը, դեպքերի փոխկապակցվածությունն ու դրանց միջև եղած պատճառահետևանքային հստակ կապը: Հարկավոր է ուշքի գալ և վերանայել ամեն բան, որ պատճառ կարող էր հանդիսանալ այս իրավիճակի: Ո՞վ ենք մենք իրականում և ինչպիսի՞ն ենք կարծել մենք մեզ մինչև հիմա: Ո՞վ է մեր թշնամին, ո՞վ է մեր դաշնակիցը: Պատրաստ լինելով պատերազմի՝ հարկավոր է կառուցել խաղաղություն: Գլոբալ խաղաղության ծրագրի իրականացումը մեր փրկության ամենահուսալի տարբերակն է: Իսկ միասնական լինելու մասին չեմ ուզում խոսել: Չարենցը դա արդեն պատգամել է:
Միմյանց վրա քարեր նետելու ժամանակը մնաց անցյալում: Հիմա քարերը հավաքելու ժամանակն է: Մարդկություն կոչվող նավը ներխուժել է նոր օվկիանոս և ժամանակն է, որ մենք տեղավորվենք ոչ թե նավի պոչի վրա, այլ ղեկին հնարավորինս մոտ, շատ մոտ: Մեր հոգևոր ու մտավոր ժառանգությունը դա թույլատրում է մեզ: Իսկ մինչ այդ խոնարհվում եմ բոլոր հերոսների հիշատակին, որոնց երազի հիման վրա է կառուցվելու այդ նոր աշխարհը, որի վրայով իրենք չեն քայլելու երբեք: Խոնարհվում եմ նաև նրանց մայրերի, քույրերի, սիրելիների առջև, ովքեր միայն այդ աշխարհում են կարողանալու արդարացնել իրենց թանկագինների կորուստը:
Կնոջ առաջին ու ամենակենսական իրավունքը իր զավակի ձեռքով հողին հանձնվելն է։ Հավասար աշխատավարձը կարող է և սպասել։ Հարկավոր է ճշտել մարդկային իրավունքների առաջնայնությունը, վերանայել այն բոլոր համոզմունքները, որոնք մեզ այլևս չեն օգնում ապրել։ Իներցիայով շարժվող աշխարհը չի կարող ինքնաբերաբար կատարելագործվել։
Աշխարհը չի կարող վերափոխվել, եթե մեզանից յուրաքանչյուրը չընդդիմանա ապերջանիկ կյանքին, ինչպես ընդդիմանում է թշնամուն կամ անարդարությանը։ Երջանկությունը պակաս կարևոր չէ, քան անկախությունը։ Ի դեպ տիեզերքում ամեն բան գոյատևում է, ոչ թե անկախության, այլ կախյալության հիմունքներով։ Կարևորը ճիշտ, հաճելի, օգտակար, արժանապատիվ և փոխշահավետ կախվածություն գտնելն է։ Հարկավոր է ճշտել արժեքային համակարգն այն հավատամքով, որ միակ բարձրագույն արժեքը մարդն է։ Արժեք, որով գայթակղվեց մինչև իսկ Աստված։ Մնացած բոլոր արժեքները կարևորվում են այնքանով, որքանով դրանք ծառայում են մարդու կայացմանն ու նրա ազատությանը։ Իսկ ազատ այն մարդն է, ով երբեք չի խոսում ազատության մասին։ Եվ ազատ է՝ ընտրելու իր հաջորդ կախյալությունը։ Ինձ դուր է գալիս անգամ մարմնական պահանջների պատճառով մեկ ուրիշ մարմին փնտրողի վիճակը։ Ինչ լավ է, մտածում եմ, որ մի մարդը կարիքը ունի մեկ այլ մարդու։ Հակառակը պատկերացնու՞մ եք։ Մարդու, ով ոչ մեկի կարիքը չունի, ով կորուստներ չունի, ով չունի կարոտներ կամ կորստյան ցավ։ Ես կարոտը զգում եմ մինչև իսկ անշունչ բաների նկատմամբ։ Երբ շատ ծարավ եմ ու ագահորեն խմում եմ ջուրը, վստահ, որ ջուրն էլ ինձ է կարոտել, քանի որ մենք հավասարապես ենք մղվում դեպի իրար։ Սա իսկական համբույրի պահ։
-Այսօր մենք ապրում ենք տեխնոլոգիաների և տեղեկատվական հեղեղի մի աշխարհում, որտեղ համացանցն է որոշում ամեն բան։ Մարդկանց մեծ մասը օրը անցկացնում է էկրանը թերթելով և like-եր հավաքելով կամ selfie անելով։ Այսպիսի հասարակությունը ավելի լավ աշխարհ ստեղծելու հույս կարո՞ղ է ներշնչել։
-Այո և ոչ։ Համացանցը և սոցիալական հարթակները ստեղծվել են հագեցնելու համար միայն մարդկային տեսակին հատուկ փոխշփումների ծարավը։ Ցավոք, խոսքի հավասար իրավունքի պատճառով այն վերածվել է անպատասխանատու հայտարարությունների և կանխամտածված ու շահադիտաբար հնարված կեղծիքի ասպարեզ։ Չկա ավելի վտանգավոր բան, քան ճշմարիտ հնչող սուտը։ Այդ առումով սա ոչ թե ինֆորմացիայի այլ դիսինֆորմացիայի դարն է, երբ կեղծիքի ու հորինվածքի մեջ համարյա անհնար է դառնում ինչ-որ կարևոր ու ճիշտ տեղեկատվություն ստանալը։ Գովազդային կազմակերպություններն այս հարթակները օգտագործում են մեր վարքային առանձնահատկությունները ուսումնասիրելու և դրա հիման վրա մեզ՝ որպես սպառող օգտագործելու համար։ Այստեղ հաշվի է առնվում ոչ թե մարդ արարածի ճիշտ վճիռ կայացնելու շնորհը, այլ նրա ինքնախաբեության տրվելու մարդկային թուլությունը։ Մարդն ավելի հեշտ տրվում է ճիշտ հնչեղությամբ կրկնվող կեղծիքին, քան ճշմարտությանը և ճշմարտանման սուտը վիրուսի արագությամբ ախտահարում է հարյուր-հազարավոր հոգիներ։ Այս ամենի մեջ հուսալին այն է, որ ճիշտ ժամանակին ճիշտ խուսափողի մոտ հայտնված մարդու ճշմարտությունը ևս կարող է մի ժամվա մեջ մոլորակի բոլոր ականջներն ու աչքերը լցնել ճշմարտությամբ ու լույսով։ Այսօր ամենաթանկ արժեքը մարդկային ուշադրությունն է, իսկ դեզինֆորմացիան և անպատեհորեն մեզ մատուցվող գովազդային հոլովակները մեզնից խլում են այդ սահմանափակ ու թանկ ուշադրության մի մասը՝ առանց մեզ հարցնելու ու առանց փոխհատուցման։ Գովազդային կազմակերպությունները միլիարդավոր դոլլարներ են ծախսում մեր սահմանափակ ուշադրությունից ավելի մեծ չափաբաժին թռցնելու մեթոդներ մշակելու համար։ Ժամանակակից կապիտալիզմը իր շահը ապահովում է ոչ թե մարդու ուղեղն ու ֆիզիկական մարմինը շահագործելով, այլ վերահսկելով նրա մտքերը, հույզերն ու վճիռները։ Սա կոչվում է վերահսկողական կապիտալիզմ և ոչ մի կապ չունի Մարքսի նկարագրած կապիտալիզմի հետ։ Այստեղ գործում են 3 Աստված՝ Սիլիկոնային հովտի աստվածը, արժեթղթային բորսային աստվածը, սպիտակ տան աստվածը…
– Դեզինֆորմացիան և դավադրական տեսությունների հեղեղը պատճառ դարձան համավարակի աղբյուրի և վակցինացիայի հանդեպ անվստահության, որի պատճառով դժվարանում է համաճարակի վերահսկողությունը ու խլվում են բազմաթիվ կյանքեր…
-Դա ցավալի իրականություն է։ Աշխարհի ամենապայծառ մարդիկ, գիտնականերն ու բժիշկները անհամբերությամբ էին սպասում պատվաստանյութին, իսկ այդ ասպարեզում գիտելիք չունեցող սովորական մարդը կասկածի տակ է դնում այն՝ հենվելով հարևանի խոսքի կամ համացանցում շրջանառվող անհայտ ծագում ունեցող շինծու տեսահոլովակների վրա։ Արդյունքում մեզանից շատերն ակամայից ընդունում են մահվան հրավերը և այն փոխանցում իրենց սիրելիներին։ Համաճարակները մարդկանց ուղեկցել են քարանձավից մինչև հիմա, ու եթե այսօր ժանտախտից ու թոքախտից չեն մահանում, պատճառը այդ պատվաստանյութերն են։ Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում։ Խնդրում եմ՝ վակցինացվեք բոլորդ։
-Վերջում մի անձնական հարց. օրերս հողին հանձնեցիք Ձեր սիրելիի աճյունամոխիրը, ում հետ 30 տարվա համատեղ ու երջանիկ կյանք եք ապրել։ Կարելի է մտածել, որ Դուք գտել եք սիրո հարատևության գաղտնիքը։ Իրո՞ք սերը այն ամենն է ինչ հարկավոր է․․․ ինչպես ասված է երգի տողերում։ Եթե դա այդպես է, Դուք Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ կին։
-Ապերջանիկ հոգեվիճակի հիմքում սովորաբար նույն հարցն է, ո՞վ եմ ես և ո՞վ կարող էի լինել, և կամ որտե՞ղ եմ ես և որտե՞ղ կարող էի լինել։ Իրականության և հնարավորի միջև գտնվող ճեղքի պատճառով է առաջանում ապերջանիկի զգացողությունը։ Եթե սա ընդունում եք, ուրեմն ես այս պահին երջանիկ եմ անկախ իմ մեջ գտնվող տխրությունից։ Որովհետև ես նա եմ, ով կցանկանար լինել և այնտեղ եմ, որտեղ կցանկանայի լինել։
Չեմ կարող բացառել, որ գուցե սերն է օգնում, որպիսի չլինի այդ ճեղքը, որովհետև սիրո մեջ գտնվող մարդն է սովորաբար իրեն ինքնաբավ զգում իր երազի և իրականության միջև։
Այս պահին չկա այդ սիրո ֆիզիկական դրսևորումը, բայց կա դրա հոգևոր իներցիան ու ես ինձ դեռ շարունակում եմ զգալ սիրո մեջ։
Չգիտեմ թե ինչ կկատարվի ինձ հետ, եթե ես դադարեմ ինձ զգալ սիրո մեջ։ Եթե խոսքը սոսկ ֆիզիկական սիրո արտահայտության մասին է, ապա այն բավարար կարող է լինել միայն 2 բաժակից հետո և մոմի լույսի տակ, երբ ոչնչի սահմաններն այլևս հստակ չեն և ամեն բան թողնված է երևակայության հույսին։ Վերջերս հաճախ եմ օվկիանոս այցելում, ու երբ ալիքը դիպչում է ներբաններիս, կամ երբ ծովախոտը գրկում է ոտքս, ես զգում եմ, որ նա ինձ ասում է մի քիչ էլ մնա, ու որ այդպես են արտահայտում իրենց սերը օվկիանոսի բնակիչները։ Առանց երևակայության մասնակցության սեր չի կարող հարատևել երկրի վրա։ Երկարատև հարաբերություն պահպանելու գաղտնիքը ոչ թե միմյանց հետ ձուլվելն է, այլ հակառակը՝ միմյանցից ճիշտ հեռավորություն պահպանելը։ Զույգերը մինչև սերը հոսի որպես գետ՝ փոփոխական ու քմահաճ։ Նրանց միջև մշտապես պետք է քամի լինի, օդ խաղա։ Չի կարելի սիրելու անվան տակ միմյանց շնչառությունը խաթարել, խեղդել միմյանց։
Սիրել նշանակում է ազատություն տալ ու կողքից հրճվել նրա ճախրանքով, իսկ միջամտել կարելի է միայն նրան վտանգի մեջ տեսնելիս։ Մի բան ևս։ Երջանիկ զգալու կարողությունը հավատի պես բան է։ Ոմանք ի զորու են, ոմանք՝ ոչ։
Անատոլ Ֆրանսը գտնում էր, որ Աստծո փորձառություն ունենալու համար մարդը պիտի օժտված լինի հատուկ զգայարանով։ Իմ կարծիքով երջանիկի զգացողությունը՝ ևս։ Ես կարծում եմ, որ այդ զգայարանը ունեն բոլորը, պարզապես ոմանք այն ակտիվացնում են իրենց կյանքի ընթացքում, իսկ ոմանք ոչ։ Ես շատ կցանկանայի, որ երջանկությունը դիտվի ոչ թե որպես պարգև, այլ որպես մարդկային իրավունք, որի համար արժե պայքարել ավելի մեծ կրքով, քան անկարողության համար։ Հոգու, միակ նպատակը երջանիկ լինելն է, ու եթե մենք հոգևոր էակներ ենք, ապա պարզապես պարտավոր ենք երջանիկ լինել։
Զրույցը՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
15.10.2021