Հարցազրույց ֆրանսաբնակ պոկերի հայտնի դեսպան Ռոջեր Հայրապետյանի հետ
– Դուք առաջին անգամ եք այցելել Հայաստան: Ձեր մասին մեզ որոշ տեղեկություններ է հայտնել մոդել, դերասան Դավիթ Ղարիբյանը, որի հետ ժամանակին աշխատել եք Սոֆիայում կայացած «Միստեր Բուլղարիա» ժյուրիի կազմում: Նա մեզ հավաստիացրել է, որ մինչեւ հայրենիք այցը ասել եք. «Պետք է գամ եւ պոկեր խաղանք միասին: Մեծ մրցարշավ պետք է անեմ եւ ինչ շահեմ, պիտի տամ Հայաստանիս»: Տեղեկացված ենք նաեւ, որ 2018թ. Ձեր եկամուտը կազմել է մոտ 5 մլն դոլար եւ ընդգրկվել եք համաշխարհային վարկանիշային ցուցակում:
– Այո, Դավիթը ճիշտ փոխանցել է իմ խոսքերը, բայց աշխատաոճս հետեւյալն է, որ երկրում անցկացնում եմ մրցաշար, եկած եկամուտը օգտագործում եմ հենց այդ երկրում: Շուրջ մեկ շաբաթ է Երեւանում եմ, եւ Դավիթի հետ արդեն սկսել եմ գովազդային արշավ՝ օգտագործելով հնարավոր եւ անհնար բոլոր հարթակները, հիմնականում համացանցը, հաջորդ տարի Երեւանում պոկերի մրցաշար անցկացնելու համար: Բանակցություններ եմ սկսել հայաստանցի գործընկերներիս հետ: Վերջիններից էլ է կախված գալիք տարի անցկացվող հայաստանյան մրցաշարի կայացումը: Պետք է նշեմ, որ հիանալի, այսինքն՝ ներկայանալի խաղատներ ունեք (Աշխարհում առաջին խաղատունը բացվել է Մոնտե Կառլոյում 1856թ.-Ս.Դ.), թեեւ պոկերը շատ երիտասարդ է Հայաստանում, շուրջ 15 տարվա պատմություն ունի, բայց ծանոթացել եմ նաեւ ձեր բարձրակարգ խաղացողների հետ: Մի բան էլ իմացեք, պոկերը մշտապես համեմատել եմ շախմատի հետ, այսինքն, պոկերի խաղային ստրատեգիան նման է շախմատին, ի վերջո թույլ տվեք ասել, որ գովազդը, որը սկսել ենք Դավիթի հետ, սա հիանալի միջոց է նաեւ զբոսաշրջիկներին գրավելու համար: Օրինակ, ֆանատներիցս մեծ մասը հիացած են Հայաստանի տեսարժան վայրերով, Երեւանով, նաեւ գրում են, թե՝ ինչ աղվոր քաղաք է Երեւանը… Բազմաթիվ երկրներում եմ անցկացրել մրցաշարեր Big marvellous poker խորագրով: Օրինակ, յուրաքանչյուր տարի Մարոկկոյի մրցաշարով հետաքրքրվողների թիվը, ովքեր այցելում են այդ երկիր, կազմել է միջին թվով 10 հազար զբոսաշրջիկ: Ինչ վերաբերում է Հայաստանում մրցաշարի անցկացմանը, դա հիանալի առիթ կհանդիսանա հայաստանցի պոկեր խաղացողների մասնագիտական շփմանը արտերկրից ժամանածների հետ: Զուգահեռ մտածում եմ նաեւ Լոս Անջելեսում մրցաշար անցկացնելու մասին: Հասկանալի պատճառով այնտեղ ունենք շատ մեծ համայնք: Սա դեռ ամենը չէ… Մի բան էլ մրցաշարերի անցկացումը կխթանի աշխատատեղերի բացմանը եւս:
– Դավիթը ասել է նաեւ, որ Ձեր խոսքով ամենակարեւորն այն է, որ մրցարշավներից ստացված գումարի զգալի մասը մշտապես տրամադրում եք բարեգործությանը:
Կարդացեք նաև
– Ձեր հարցի վերջում ենթատեքստ կա: Այո, ես առաջին անգամ եմ ժամանել Հայաստան, բայց ոչ թե հրավեր չունենալն է եղել պատճառը, այլ աշխատանքիս բնույթը: Իսկ հրավեր ստացել եմ Դավիթից: Ընդհանրապես, բարեգործությանն առանձնացված գումարից տրամադրում եմ ոչ թե կարիքավոր, այլ այս պահին բառը չեմ գտնում, բայց խիստ կարիքավորներին, մեծահասակների տներում ապրող բնակիչներին, ծնողազուրկ երեխաներին եւ այլն: Կրկնում եմ սա շատ կարեւոր է, ես ձեռք եմ մեկնում, միայն աննկարագրելի խի՜ստ կարիքի մեջ գտնվողներին…
– Այդ մասին մեզ Դավիթը հայտնել է, եւ նշել, թե դա է պատճառը, որ աշխարհում ձեզ անվանում են պոկերի դեսպան: Մի բան էլ դուք սկսել եք պոկեր խաղալ մոտ 30 տարեկանից, իսկ մինչեւ այդ …
– Իսկ մինչեւ այդ 1976-1981 թթ. Ֆրանսիայի ձյուդոյի ազգային հավաքականի անդամ էի, սակայն ստիպված էի կարիերաս ավարտել ծնկի վնասվածքից հետո: Հիշում եմ իմ առաջին ծանոթությունը Շարլ Ազնավուրի հետ, երբ շանսոնյեն ինձ հանձնեց Ֆրանսիայի գավաթը… Ի դեպ՝ անասելի մեծ հայրենասեր էր: Հանդիպումների ժամանակ հաճախ էի կրկնում, որ դուք հայերի շրջանում ամենամեծ հայրենասերն եք, ֆրանսիացիների շրջանում՝ ամենամեծ ֆրանսիացին… Շառլի երգերից մեկում ասվում է, որ աշխարհով մեկ սփռված հայերս պետք է համախմբվենք, բռունցք լինենք: Չեմ հիշում մի համերգ , երբ շանսոնյեն չհնչեցներ այս յուրահատուկ երգ- ուղերձն իր յուրաքանչյուր համերգի ժամանակ:
– Հավանաբար, հայ անվանի մարդկանց հետ շատ է եղել Ձեր շփումը:
– Միանշանակ այո, սկսած Սիլվի Վարդանից, ամերիկաբնակ դերասան Գեւորգ Օհանյանից, ստամբուլաբնակ Գրեգորի Պեքից, 1993-1995 թ.թ. Ֆրանսիայի վարչապետ, 1995 թ. նախագահի թեկնածու, քաղաքական գործիչ Էդուարդ Բալլաբյուրի հետ եւ այլն, նաեւ մարզիկների, այլ ոլորտների անվանի դեմքերի հետ:
– Վերադառնանք պոկերին, ինչի շնորհիվ եք անցկացնում առաջնություններ եւ զբաղվում բարեգործությամբ: Այստեղ մի բայց կա, ինչը որ, բնականաբար, հայտնի է ձեզ. Աշխարհում ցավոք խաղամոլության մոլուցքով տարված հազարավոր երիտասարդների ճակատագրեր խեղվում են, ինչից հետ չի մնում նաեւ Հայաստանը…
– Իսկապես, ցավոք նման բան կա աշխարհում. պետք է պարզապես խաղատներ այցելել ընդամենը գեղեցիկ ժամանց կամ երեկո անցկացնելու համար: Ինչ վերաբերում է Հայաստանին, ինչպես ասացիք հայաստանցիների շրջանում էլ խաղամոլության մոլուցքով տարված երիտասարդներին, դեռեւս ականջիս նման բան չէր հասել: Հետո մի մոռացեք, որ մենք խոսում ենք պրոֆեսիոնալ խաղի մասին, ոչ սիրողական:
– Ժամանակին Հայաստան է այցելել դարձյալ մեր հայրենակից, պոկերի արքա Դեն Բիլզերյանը…
– Այս պահին մի բան անցավ մտքովս, թույլ տվեք հենց ձեր թերթի միջոցով Դենին հրավիրել խաղի, ինչու ոչ, հենց Հայաստանում: Կարծում եմ, որ դրանով ոչ միայն կհետաքրքրվի աշխարհը, այլ համոզված եմ, որ հենց թեկուզ զբոսաշրջիկների թվի իմաստով Երեւանի փողոցներով քայլել չի լինի:
Զրուցեց՝ Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
15.10.2021