Լրահոս
Օրվա լրահոսը

Պե՞տք է, արդյոք, Ղարաբաղն ու Հայաստանն ընդունեն պատերազմի արդյունքն ու նոյեմբերի 10-ի հայտարարությունը. «Սպիտակ թուղթ»

Հոկտեմբեր 16,2021 15:00

Սկիզբը՝ այստեղ:

Որքա՞ն լուրջ էր նոյեմբերյան պարտությունը

Կան մասնակիցներ, որոնք կարծում են, թե կրած կորուստները ժամանակավոր են եւ կառավարելի՝ պնդելով, որ.
Ա. Մենք մերժում ենք պարտությունը, այնտեղ վերջնականություն չկա,
Բ. Մենք վերապրեցինք Ցեղասպանությունը, եւ սա նույնպես կվերապրենք:

Կամ՝
Գ. 2020 թ. պատերազմի արդյունքը չպետք է համարենք խոշոր պարտություն. Հայաստանը կարող ավելի լավ լուծման ձգտել. ռազմական կամ այլ:

Սակայն մեծ մասի համար հարցի պատասխանը շատ տարբեր էր.
Դ. Այս կորուստը գրեթե մահացու հարված էր Ղարաբաղին: Հայաստանը նվազ ինքնիշխան է. նա կորցրել է Ղարաբաղի անվտանգության երաշխավորի իր կարգավիճակը: Սա պարտությունների երկար շարքում վերջինն է, որը ոչ մի այլ բանի չի հանգեցրել, քան գոյատեւման՝ ազգի ապատարածքայնացմամբ, եւ գոյատեւման՝ այնպիսի մեխանիզմների բարձրացված դերով, ինչպիսին եկեղեցին է: Հայաստանն ու հայերը գոյատեւել են, բայց փաստը մնում է փաստ, որ որքան շատ են կորցրել, այնքան ավելի քիչ են ունակ եղել պաշտպանելու այն, ինչ մնացել է:

Ե. 2020 թ. պարտությունը դարձավ քնաշրջիկի՝ լուսնոտի նմանված հայության արթնացման կոչ , որոնք համարել էին, որ հակամարտությունը լուծված էր կամ լուծվելու էր այնպես, ինչպես իրենք էին ցանկանում, որ բանակցային կարգավորում գտնելու հրատապություն չկար, որ ժամանակ ունեին եղածը համախմբելու եւ ապագային պատրաստվելու համար. մի խոսքով, որ ժամանակը հայկական կողմի օգտին էր գործում կամ, առնվազն, նրա դեմ չէր աշխատում:

Զ. Այն, ինչ տեղի ունեցավ վերջին պատերազմում, գրեթե վատագույնն էր, քանի որ Ստեփանակերտը եւ Ղարաբաղի մնացած մասը եւս կարող էին դատարկվել հայ բնակչությունից: Բացի այդ, Հայաստանը կարող էր հայտնվել քաղաքացիական պատերազմի վտանգի տակ՝ նման Կոմունային, որը հաջորդեց ֆրանս-պրուսական պատերազմին։ Այդ պատերազմն ավարտվեց Ֆրանսիայի պարտությամբ. պարտություն, որն իր գործերից մեկում Էմիլ Զոլան այդքան իրատեսորեն է նկարագրել: Ներկայումս միայն Ստեփանակերտը եւ նախկին ինքնավար մարզի հյուսիսային հատվածն են շարունակում մնալ հայկական, բայց իրականում՝ ռուսական վերահսկողության ներքո:

Է. Բացի այդ, 2020 թ. նոյեմբերի 10-ին ստորագրված զինադադարի հայտարարությունը խաթարել է շատերի վստահությունը Հայաստանի քաղաքական ու զինվորական ղեկավարության նկատմամբ: Արդյո՞ք այդ ղեկավարները երբեւէ կկարողանան ապահովել իրենց բնակչության անվտանգությունը: Ադրբեջանի զինված ուժերի ֆիզիկական մոտիկությունը՝ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանների մի մասում, նոր մտահոգություններ է առաջացնում: Ղարաբաղն ու Հայաստանն այժմ շրջապատված տարածքի են նմանվում: Նրանց անվտանգությունը առկախված է Ռուսաստանի միջամտության ուժերի քմահաճույքով, որոնք կարող են հեռանալ կամ արդեն 2026 թ.-ին ստիպված կլինեն լքել Ղարաբաղը:

Պե՞տք է, արդյոք, Ղարաբաղն ու Հայաստանն ընդունեն պատերազմի արդյունքն ու նոյեմբերի 10-ի հայտարարությունը, եւ այդ հիմքի վրա որոշեն ապագա քաղաքականությունը

Ինչպես կարելի էր կանխատեսել, շատերը կարծում են, որ Ղարաբաղը եւ Հայաստանը.

Ա. Պետք է մերժեն զինադադարի հայտարարությունը: Պետք է ամեն ինչ արվի Շուշիի, Հադրութի եւ մյուս վայրերի ազատագրման համար, որոնք Խորհրդային Միության ժամանակ ինքնավար շրջանի մաս էին կազմում եւ այժմ վերահսկվում են Ադրբեջանի կողմից: Միեւնույն ժամանակ, պետք է ապահովվեն Ղարաբաղի մնացած հատվածը վերադարձած հայերի բնակարանային եւ այլ կարիքները։
Բ. Չեն կարող ընդունել պարտությունը, քանի որ Ղարաբաղն ունի հոգեւոր արժեք եւ իրենից ավելին է ներկայացնում, քան սոսկ մարդիկ են ու պատմական հողը։
Գ. Միջազգային հանրության համար ձեւակերպեն այն պատճառները, թե ինչու այդ հայտարարությունը չի կարող ընդունվել. օրինակ, (ա) Հայաստանն այն ստորագրել է հարկադրանքի տակ, (բ) Հայաստանին պարտության մատնելու մեջ վճռորոշ էր Թուրքիայի դերը, եւ Թուրքիան ՆԱՏՕ-ին չի տեղեկացրել իր մասնակցության մասին, կամ (գ) Ադրբեջանը պատերազմում հաղթելու համար օգտագործել է «ջիհադականներին» եւ այլն:Շ

Հակառակ տեսակետն ունեցողները պնդում են, որ կա՛մ.
Դ. Հայաստանը պետք է փորձի դիվանագիտական միջոցներով վերանայել նոր ստատուս քվոն: Չկա ողջամիտ հավանականություն, որ տեսանելի ապագայում կորցրած տարածքները կարող են վերագրավվել: Հայաստանը պետք է ձգտի ստատուս քվոյի վերանայման՝ այլ միջոցներով,
Կա՛մ որ.
Ե. Հայաստանը ստորագրել է 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարությունը, որը ենթադրում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ ներառյալ ամբողջ Ղարաբաղը: Հայաստանը պետք է աշխատի ապահովել տարածքայնորեն սահմանված հայկական Ղարաբաղի գոյատեւումը Ադրբեջանի կազմում:

Ո՞րն է առաջիկայում կարեւորագույն խնդիրը

Ոմանց համար առաջիկայում կարեւորագույն խնդիրը պարզապես.
Ա. Վերազինվելը եւ ապա կորուստները հետ բերելն է,
Մինչդեռ ուրիշների համար՝
Բ. Անկախ այլ խնդիրներից, Ղարաբաղում այժմ հիմնական հարցը հայերի ներկայության չափն ու անվտանգությունը մեծացնելն է:

Որո՞նք են Ադրբեջանի երկարաժամկետ մտադրությունները

Համաձայն տարածված եւ ընդունված տեսակետների.
Ա. Հարցն ունի հեշտ պատասխան. Ղարաբաղը մաքրել իր հայ բնակչությունից:

Սակայն ուրիշները պատրաստ չեն ընդունելու այդ պատասխանը եւ կնախընտրեին սպասել մինչեւ այնպիսի ենթահարցերի համարժեք պատասխաններ տրվեն, ինչպիսիք են՝

Բ. Ինչո՞ւ ադրբեջանական ուժերը կանգ առան Շուշիի մոտ եւ չշարունակեցին իրենց երթն ու չգրավեցին ամբողջ Ղարաբաղը, երբ դա կարող էին անել առանց մեծ դժվարության: Ռուսական միջամտության պատճառո՞վ արդյոք: Այդ դեպքում ինչո՞ւ Ռուսաստանն ավելի վաղ չմիջամտեց: Արդյո՞ք դա կախված էր նրանից, որ Հայաստանը հրաժարվեց ընդունել ավելի վաղ առաջարկված զինադադարի պայմանները, որոնք, ի վերջո, ստիպված եղավ ընդունելու հարկադրանքի ներքո: Ռուսաստանի միջամտությունը կարո՞ղ է բացատրել այդ որոշումը: Ռուսաստանն ի՞նչ լծակներ ուներ, որ Ադրբեջանին ստիպեր չշարունակել իր հաղթական երթը: Այդ լծակներն ապագայում դեռ գործունա՞կ կլինեն: Ադրբեջանն ունեցե՞լ է, արդյոք, իր պատճառները՝ ամբողջ ԼՂԻՄ-ը չգրավելու համար: Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնություն կա՞ր այն հարցով, թե որքանով է Ադրբեջանին թույլատրվելու առաջ շարժվել: Սրանք կարեւոր հարցեր են, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանի նպատակները պատշաճ գնահատելու համար:

Շարունակելի

«Սպիտակ թուղթ». 2020թ.Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները
ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)
ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)

«Առավոտ» օրաթերթ
15.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031